ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ:

ԲՏԱ նախարարությունից NEWS.am Tech-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով:

Robert Khachatryan  2.jpg (47 KB)

Հիշեցնենք, որ երեկ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը, որին հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: