Սյուզան Վուչիցկին լքում է YouTube-ի ղեկավարի պաշտոնը, այս մասին նա տեղեկացրել է ծառայության բլոգում արված գրառման մեջ։
«Այսօր... Ես որոշել եմ հեռանալ YouTube-ի ղեկավարի իմ պաշտոնից և սկսել նոր գլուխ, որի ուշադրության կենտրոնում է լինելու ընտանիքս, առողջությունս և անձնական նախագծերս»,- գրել է Վուչիցկին, որը կոնկրետ YouTube-ը ղեկավարում էր 2014-ից, իսկ Google-ին ավելի վաղ։
Վուչիցկին բացատրել է, որ սա ճիշտ ժամանակն է իր համար նման որոշում կայացնելու առումով, քանի որ YouTube-ն այս պահին ունի անհավատալի ղեկավար թիմ:
Նա տեղեկացրել է, որ YouTube-ի նոր ղեկավարը կլինի Նիլ Մոհանը, որն աշխատել է որպես պրոդուկտների հարցերով տնօրեն։ Մոհանը միացել է Google-ին՝ ընկերության կողմից DoubleClick գովազդային ընկերության ձեռքբերմամբ 2007 թ․։
Վուչիցկին նշել է, որ առաջիկայում կօգնի Մոհանին YouTube-ի ղեկավարի պաշտոնին անցնելու հարցում։ Օրինակ՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպասարկման որոշ թիմերի հետ աշխատելը, այդ թիմերի անդամների վերապատրաստումը, ինչպես նաև բովանդակություն ստեղծողների հետ հանդիպումները: Իսկ երկարաժամկետ հեռանկարում Վուչիցկին խորհրդատվական դեր է ստանձնելու Google-ում և Alphabet-ում:
Նշենք, որ չորրորդ եռամսյակի տվյալներով Alphabet ընկերության (Google-ի մայր ընկերությունն է) ցուցանիշները զգալիորեն նվազել են։ Նշված ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև 13,62 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 20,64 մլրդ դոլարի դիմաց: Սա Alphabet-ի ամենավատ ցուցանիշն է չորս եռամսյակների ընթացքում:
Google-ի գովազդից ստացվող հասույթը (ներառյալ որոնողական համակարգն ու YouTube-ը), նվազել է 3,6%-ով՝ հասնելով 59,04 մլրդ դոլարի, ընդհանուր հասույթն աճել է 1%-ով՝ հասնելով 76,05 մլրդ դոլարի։ Վերջին տարիներին նման դանդաղ աճ գրանցվել է առաջին անգամ, բացառությամբ 2020 թ․ երկրորդ եռամսյակի, երբ մի փոքր անկում էր գրանցվել:
YouTube-ի գովազդից ստացված եկամուտը, որն Alphabet-ի եկամտի ամենամեծ աղբյուրներից մեկն է, նվազել է մոտ 8%-ով՝ հասնելով 7,96 մլրդ դոլարի, ինչը ցածր է ակնկալվող 8,25 մլրդ դոլարից: Հաշվետու ժամանակաշրջանում լավ արդյունք է գրանցել ամպային բիզնեսը, որի հասույթն աճել է 32%-ով՝ մինչև 7,32 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Google-ն անցյալ ամիս որոշեց կրճատել 12,000 աշխատակցի՝ բոլոր աշխատողների մոտ 6%-ը, և մտադիր է այս տարի դանդաղեցնել աշխատանքի ընդունման տեմպերը։






