Telegram-ի խոսնակ Ռեմի Վոնը GSMArena-ին տված մեկնաբանությունում պատասխանել է մրցակից WhatsApp մեսենջերի ղեկավար Ուիլ Քեթքարտի ավելի վաղ արած հայտարարությանը, որում վերջինս Telegram-ին մեղադրել էր օգտատերերի անվտանգությունը չապահովելու մեջ և մարդկանց կոչ արել հրաժարվել Telegram-ից։

Telegram-ի խոսնակը բացատրել է, որ իր մեղադրանքներում WhatsApp-ի ղեկավարը քանիցս մեջբերումներ է արել Wired պարբերականի մի հոդվածից, որում, ըստ նրա, մի շարք սխալներ կան։ «Wired-ի հոդվածը պարունակում է բազմաթիվ սխալներ, և խմբագիրներն անտեսել են Telegram-ի մեկնաբանություններն ու պատասխանները, ինչը, իր հերթին, մոլորեցրել է Քեթքարտին»,- նշել է նա։

Telegram-ը կազմել է Wired-ի հոդվածում տեղ գտած ինը սխալների ցանկը։ Օրինակ՝ Telegram-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ հավելվածն ավտոմատ կերպով չի հետևում օգտատիրոջ գտնվելու վայրին, ինչպես վստահեցնում են լրագրողները։

Ռեմի Վոնն ասել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե օգտատերն ինքնուրույն է հրապարակում իր գտնվելու վայրը: Նա նաև պարզաբանել է, որ մինչ օրս օգտատերերի միայն 0,01%-ն է արել դա։

Վոնը նաև մատնացույց է արել Քեթքարտի մեկ այլ սխալ. WhatsApp-ի ղեկավարը պնդել էր, որ Telegram-ի ծայրից ծայր գաղտնագրումը (E2EE) անկախ մարմնի կողմից ստուգում չի անցել։ Այնուամենայնիվ, Telegram-ի խոսնակը պարզաբանել է, որ Իտալիայի Ուդինեի համալսարանի թիմը նախկինում ստուգել է MTProto 2.0 պրոտոկոլը, որը Telegram-ն օգտագործում էր իր չատերի անվտանգությունն ապահովելու համար:

WhatsApp-ի ղեկավար մեղադրանքները

Հիշեցնենք, որ Ուիլ Քեթքարտը Telegram-ին մեղադրել էր օգտատերերի համար համապատասխան անվտանգության մակարդակ չունենալու մեջ և բոլորին հորդորել էր հրաժարվել Պավել Դուրովի մեսենջերից։ Նա մեջբերումներ էր արել Wired-ի հոդվածից, որում պնդում է արվում, որ Telegram-ում խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս նույնիսկ փակ չատերը կարդալ:

Հոդվածում նաև նշվում էր, որ Telegram-ի գաղտնիության քաղաքականության բաժնում դեռ ասվում է, որ երբեք օգտատերերի տվյալները չեն փոխանցվել կառավարություններին, սակայն դա այդպես չէ։

WhatsApp-ի ղեկավարը խոստովանել էր, որ իր քննադատությունը կարող է տպավորություն թողնել, թե ինքը կոնկրետ նպատակ է հետապնդում դրանով, սակայն նա, այդուհանդերձ, մարդկանց չէր հորդորել Telegram-ը լքելուց հետո անցնել WhatsApp-ի։

«Կան բազմաթիվ այլ հիանալի մեսենջերներ՝ ծայրից ծայր կոդավորումով: Եթե ​​չեք պատրաստվում օգտվել WhatsApp-ից, ապա օգտագործեք դրանցից մեկը, բայց ոչ Telegram-ը»,- եզրափակել էր Քեթքարտը։