WhatsApp-ի ղեկավար Ուիլ Քեթքարտը Telegram-ին մեղադրել է օգտատերերի համար անվտանգության պատշաճ մակարդակ չապահովելու մեջ և բոլորին կոչ է արել հրաժարվել Պավել Դուրովի ստեղծած մեսենջերից։ Այս մասին Ուիլ Քեթքարտը գրել է Twitter-ի իր էջում։

«Telegram-ը կանխադրված կերպով ծայրից ծայր կոդավորված չէ և խմբերի համար չի առաջարկում E2EE (ծայրից ծայր կոդավորում)»,- նշել է Քեթքարտը:

Սրանով WhatsApp-ի ղեկավարը ցանկացել է ցույց տալ WhatsApp-ի գերազանցությունը Telegram-ի նկատմամբ, որը սովորական չատերում ու խմբերում չի օգտագործում ծայրից ծայր կոդավորում՝ ի տարբերություն ամերիկյան մեսենջերի։

Ուիլ Քեթքարտը նաև մեջբերել է Wired-ի հոդվածը, որում պնդում է արվում, որ Telegram-ում խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս նույնիսկ փակ չատերը կարդալ: Հոդվածում նաև նշվում է, որ Telegram-ի գաղտնիության քաղաքականության բաժնում դեռ ասվում է, որ երբեք օգտատերերի տվյալները չեն փոխանցվել կառավարություններին, սակայն դա այդպես չէ։

Հոդվածում նաև նշվում է, որ Telegram-ը կառուցել է մեկ այլ API, որը, կարծես, թույլ է տալիս հասանելիություն ստանալ օգտվողի ստեղծած բովանդակությանը՝ զանգվածային հսկողության նպատակով։ Wired-ի հոդվածագիրը նաև նշում է, որ բացի նրանից, որ Telegram-ը չի ապահովում հաղորդագրությունների անվտանգությունը, մեսենջերը մարդկանց վտանգի է ենթարկում․ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ հնարավոր էր «խաբել» Telegram-ին և իմանալ յուրաքանչյուր օգտատիրոջ գտնվելու վայրը մոտ 3 կմ ռադիուսով։

WhatsApp-ի ղեկավարը խոստովանել է, որ իր քննադատությունը կարող է տպավորություն թողնել, թե ինքը կոնկրետ նպատակ է հետապնդում դրանով, սակայն նա, այդուհանդերձ, բոլորին չի հորդորել Telegram-ը լքելուց հետո անցնել WhatsApp-ի։

«Կան բազմաթիվ այլ հիանալի մեսենջերներ՝ ծայրից ծայր կոդավորումով: Եթե ​​չեք պատրաստվում օգտվել WhatsApp-ից, ապա օգտագործեք դրանցից մեկը, բայց ոչ Telegram-ը»,- եզրափակել է Քեթքարտը։