Արհեստական բանականության բումը կարող է փոխել ոչ միայն տեխնոլոգիական արդյունաբերությունը, այլև համաշխարհային բարեգործությունը։ Քանի որ OpenAI-ի և Anthropic-ի արժեքը աճում է, դրանց շուրջ ձևավորվում են կապիտալի բաշխման նոր մեխանիզմներ, որոնք կարող են դառնալ աշխարհի ամենախոշոր բարեգործական կառույցներից մեկը։ Համալսարաններին և հիվանդանոցներին ավանդական նվիրատվությունների փոխարեն տեխնոլոգիական ընկերությունները խոստանում են շեշտը դնել ճկուն ֆինանսավորման, մասշտաբային նախագծերի և չափելի արդյունքների վրա։
Anthropic-ը իր բաժնետոմսերի 5%-ը կուղղի հանրային բարիքի հիմնադրամին
Anthropic-ը հայտարարել է հանրային բարիքի հիմնադրամ ստեղծելու ծրագրերի մասին, որին կփոխանցվի ընկերության բաժնետոմսերի 5%-ը։ Եթե բորսա դուրս գալու պահին Anthropic-ի գնահատականը հասնի 2 տրլն դոլարի, այդ բաժնեմասի արժեքը կկազմի մոտ 100 մլրդ դոլար։ Քանի որ ընկերության արժեքը կաճի, կավելանա նաև հիմնադրամի միջոցների հնարավոր ծավալը։
Կազմակերպությունը նախատեսում են ձևակերպել որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն ամբողջությամբ պատկանելու է Anthropic-ին։ Այսպիսի կառուցվածքը նրան թույլ կտա ճկուն տնօրինել միջոցները՝ խոշոր գումարներ փոխանցել ոչ առևտրային կազմակերպություններին կամ գումարն անմիջապես ուղղել մարդկանց որոշակի խմբերի։
Այս նախաձեռնությունը լրացնում է ընկերության այլ բարեգործական պարտավորությունները։ Anthropic-ի համահիմնադիրները նախկինում խոստացել էին բարեգործությանը փոխանցել իրենց պատկանող բաժնեմասերի 80%-ը։ Բացի այդ, ընկերությունը գործարկել է ծրագիր, որի շրջանակում աշխատակիցների նվիրատվությունները լրացնում է երեքը մեկի հարաբերակցությամբ։ Anthropic-ի տվյալներով՝ դրան մասնակցում է անձնակազմի մոտ կեսը։
Միևնույն ժամանակ ընկերությունը հայտարարում է, որ նոր հիմնադրամին փոխանցված բաժնետոմսերը չեն օգտագործվի ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ արտերկրում լոբբինգի կամ քաղաքական նվիրատվությունների համար։
OpenAI-ն արդեն ունի խոշոր բարեգործական բաժնետեր
Anthropic-ը միակ ԱԲ ընկերությունը չէ, որի կառուցվածքում բարեգործությունը հատուկ տեղ է զբաղեցնում։ OpenAI-ն վերահսկվում է ոչ առևտրային հիմնադրամի կողմից, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 26%-ը։ Axios-ի գնահատմամբ, որը հիմնված է OpenAI-ի ներկայիս արժեքի վրա, այս բաժնեմասը գնահատվում է մոտ 130 մլրդ դոլար։ Հիմնադրամը նաև իրավունք ունի նշանակելու ընկերության տնօրենների խորհուրդը։
Տեսականորեն նման մեխանիզմները կարող են տեխնոլոգիական կազմակերպությունները վերածել համաշխարհային բարեգործության խոշորագույն մասնակիցների։ Սակայն խոսքը միայն կապիտալի չափերի մասին չէ։ Ի տարբերություն ավանդական մոդելի, որի դեպքում խոշոր դոնորները ֆինանսավորում են կոնկրետ հաստատություններ կամ նախագծեր, նոր հիմնադրամները կարող են միջոցները բաշխել տարբեր ուղղությունների միջև և փոխել առաջնահերթությունները՝ նոր խնդիրների ի հայտ գալուն զուգընթաց։
Հենց այսպիսի մոտեցումն է բնորոշ Սիլիկոնյան հովտի ստարտափներին՝ հավակնոտ գաղափարներ ֆինանսավորելու պատրաստակամություն, ռեսուրսները արագ վերաբաշխելու կարողություն և արդյունքը կոնկրետ ցուցանիշներով գնահատելու ձգտում։
Կարո՞ղ է բարեգործությունը օգնել մարդկանց, որոնք աշխատանքը կորցրել են ԱԲ-ի պատճառով
Anthropic-ը ընդգծում է, որ հանրային նշանակություն ունեցող աշխատանքի բազմաթիվ ուղղություններ կմնան հենց ընկերության ներսում։ Դրանց թվում են ԱԲ-ի անվտանգության և մեկնաբանելիության հետազոտությունները, կիրառական կենսաբժշկական մշակումները, ինչպես նաև զեղչերը ոչ առևտրային կազմակերպությունների և գիտական հաստատությունների համար։
Նոր հիմնադրամը պետք է ընդլայնի ընկերության հնարավորությունները այլ ոլորտներում։ Հնարավոր ուղղություններից մեկը Anthropic-ը անվանում է ԱԲ-ի ներդրման հետևանքները աշխատաշուկայի համար։
Ընկերությունն արդեն պարտավորվել է հատկացնել 200 մլն դոլար՝ այդ հետևանքներն ուսումնասիրելու և դրանց հաղթահարման ուղիներ գտնելու համար։ Սակայն Anthropic-ում կարծում են, որ կարող են անհրաժեշտ լինել նաև ավելի համարձակ լուծումներ։
Թե դրանք հատկապես որոնք կլինեն, առայժմ հայտնի չէ։ Ընկերությունը չի հստակեցրել, թե արդյոք քննարկում է ուղղակի վճարումներ այն մարդկանց, որոնց աշխատատեղերը ավտոմատացման պատճառով կհայտնվեն վտանգի տակ։ Հետևաբար դեռ վաղ է ասել, որ հիմնադրամը կդառնա աշխատողների կորուստների փոխհատուցման գործիք։
Արդյունավետ ալտրուիզմի փիլիսոփայությունը վեճեր է առաջացնում
Anthropic-ի բարեգործական մոտեցման վրա ազդում է նաև դրա հիմնադիրների և արդյունավետ ալտրուիզմի շարժման հետ կապված աշխատակիցների մի մասի աշխարհայացքը։ Դրա կողմնակիցները ձգտում են ռեսուրսներն ուղղել այնտեղ, որտեղ, իրենց գնահատմամբ, դրանք ամենամեծ օգուտը կբերեն։
Սակայն այս շարժման առանձին գաղափարներ սուր քննադատության են արժանանում։ Դոնալդ Թրամփի Սպիտակ տունը վերջերս ուշադրություն է դարձրել այն տեսակետներին, որոնք դուրս են գալիս ավանդական բարեգործության շրջանակներից։ Դրանց թվում են կենդանիների բարեկեցության նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը և փիլիսոփայական քննարկումները այն մասին, թե ինչպես համեմատել տարբեր մարդկային կյանքերի արժեքը։
Որպես օրինակ Սպիտակ տան նախկին աշխատակից Թեյլոր Բուդովիչը բերել է Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեիի հին հրապարակումը։ 2010 թվականին Ամոդեին գրել էր, որ չափահաս մարդու մահը, հնարավոր է, երկու-երեք անգամ ավելի վատ է, քան նորածնի մահը։ Բուդովիչն օգտագործել է այս արտահայտությունը՝ քննադատելով այն մարդկանց պատկերացումները, որոնք Anthropic-ում որոշում են բարեգործության առաջնահերթությունները։
Այս վեճն արտացոլում է ավելի լայն խնդիր. եթե խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հնարավորություն են ստանում ինքնուրույն բաշխել հսկայական միջոցներ հանրային կարիքների համար, նրանց փիլիսոփայական և քաղաքական հայացքները կարող են ազդել այն բանի վրա, թե որ խնդիրները կստանան ֆինանսավորում, իսկ որոնք կմնան անտեսված։
Սիլիկոնյան հովիտը կարող է ձևավորել բարեգործության նոր օրակարգ
Anthropic-ի հիմնադրամը, ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող OpenAI-ի բաժնեմասը և նոր սերնդի ունևոր ձեռնարկատերերի հնարավոր նվիրատվությունները կարող են փոխել հանրային նշանակություն ունեցող նախագծերի մասնավոր ֆինանսավորման մասշտաբը։
Սակայն հայտարարված գումարները դեռ պետք չէ ընկալել որպես արդեն հասանելի միջոցներ. Anthropic-ի հիմնադրամի համար 100 մլրդ դոլարի գնահատականը կախված է ընկերության ապագա արժեքից, իսկ ծախսերի կոնկրետ ուղղությունները դեռ պետք է որոշվեն։
Հիմնական փոփոխությունը կարող է լինել ոչ միայն նվիրատվությունների չափը։ Նոր տեխնոլոգիական միլիարդատերերը կարող են ձևավորել բարեգործության սեփական օրակարգը՝ շեշտադրելով մասշտաբվող լուծումները, չափելի ազդեցությունը և այն խնդիրները, որոնք իրենք համարում են ամենակարևորը։ Թե որքան արդյունավետ կլինի այս մոտեցումը և ով կվերահսկի դրա առաջնահերթությունները, պարզ կդառնա այն ընթացքում, երբ խոստումները կվերածվեն իրական ծրագրերի։






