Պլանշետը կարող է թվալ սահմանափակ հնարավորություններով սարք, որը հիմնականում նախատեսված է խաղեր խաղալու, ֆիլմեր դիտելու և սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելու համար։ Սակայն, ճիշտ ընտրված աքսեսուարների շնորհիվ այն կարող է վերածվել բազմաֆունկցիոնալ գործիքի՝ հարմար աշխատանքի, նկարելու, տեքստեր մուտքագրելու և նույնիսկ ավելի հարմարավետ խաղային փորձի համար։ Եթե արդեն ունեք կամ նոր եք պատրաստվում գնել պլանշետ , չմոռանաք ամբողջացնել այն օգտակար աքսեսուարներով և բացահայտել պլանշետի ամբողջ ներուժը։
Պատյան-ստեղնաշար՝ արագ և հարմարավետ տեքստ մուտքագրելու համար
Պլանշետով երկար տեքստեր հավաքելը այնքան էլ հարմար չէ։ Էկրանի վրա հայտնվող ստեղնաշարը ծածկում է էկրանի զգալի մասը։ Բացի այդ, առանց էկրանին նայելու տեքստ մուտքագրելը բավական դժվար է։ Ավելի արագ և հարմարավետ աշխատելու համար կարելի է ընտրել ստեղնաշարով պատյան պլանշետի համար։ Այն ոչ միայն անհրաժեշտ ֆունկցիոնալ լրացում է, այլև պաշտպանում է պլանշետը հարվածներից և քերծվածքներից։ Կարող եք նաև ընտրել հենակով պատյան՝ սարքը հարմար անկյան տակ տեղադրելու համար։ Կարող եք օգտագորել նաև առանձին անլար ստեղնաշար և օգտագործել այն, ինչպես կոմպակտ նոթբուք։
Ստիլուս՝ պլանշետով գրառումներ կատարելու համար
Նկարչական աշխատանքներ կատարելիս համակարգչային մկնիկ օգտագործելը կամ սենսորային էկրանին մատներով նկարելը միշտ չէ, որ հարմար է։ Այս դեպքում կարելի է օգտագործել ստիլուս՝ սենսորային էկրանի համար նախատեսված հատուկ գրիչ։
Հարմար ստիլուս ընտրելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի գործոնի՝ արդյոք այն համատեղելի՞ է պլանշետի մոդելի և օպերացիոն համակարգի հետ, ինչ գործառույթներ է աջակցում և որքան ճշգրիտ է փոխանցում շարժումները։ Նույնիսկ ունիվերսալ ստիլուս գնելուց առաջ կարևոր է ստուգել դրա համատեղելիությունը ձեր սարքի հետ, քանի որ ոչ բոլոր մոդելներն են աջակցում նույն գործառույթներին։
Բարձրախոս՝ պլանշետի ավելի բարձր ձայնի համար
Պլանշետների ներկառուցված բարձրախոսները միշտ չէ, որ ապահովում են բավարար բարձր և հստակ ձայն։ Հատկապես աղմկոտ միջավայրում, նույնիսկ սարքի կողքին նստած, կարող եք դժվարությամբ լսել հնչողությունը։ Նման դեպքերում կարող եք պլանշետին արտաքին բարձրախոս միացնել։ Bluetooth կապով աշխատող մոդելները լրացուցիչ հարմարավետություն են ապահովում, քանի որ լարերի կարիք չկա, իսկ բարձրախոսը կարելի է տեղադրել պլանշետից որոշակի հեռավորության վրա։ Բարձրախոս ընտրելիս ուշադրություն դարձրեք ձայնի հզորությանը, մարտկոցի աշխատանքային տևողությանը, Bluetooth կապի կայունությանը և սարքի չափերին։ Եթե նախատեսում եք այն հաճախ տեղափոխել, նախապատվությունը տվեք թեթև ու կոմպակտ մոդելներին։ Ճիշտ ընտրված բարձրախոսը կօգնի լիարժեք օգտագործել պլանշետի հնարավորությունները և ավելի հաճելի դարձնել ամենօրյա ժամանցը։
Ականջակալներ՝ արտաքին աղմուկից մեկուսանալու համար
Պլանշետով երաժշտություն լսելիս, ֆիլմ դիտելիս կամ առցանց դասի մասնակցելիս ականջակալները թույլ են տալիս կենտրոնանալ բովանդակության վրա։ Առավել հարմար է անլար ականջակալներ օգտագործելը․ ազատ տեղաշարժ առանց լարերի սահմանափակման։ Եթե ցանկանում եք լսել երաժշտություն՝ միաժամանակ տեղեկացված մնալով շրջապատում տեղի ունեցողի մասին, կարող եք ընտրել բաց ակուստիկ համակարգով ականջակալներ։ Իսկ եթե ցանկանում եք ավելի լավ կենտրոնանալ աշխատանքի, ուսման կամ հանգստի վրա, ուշադրություն դարձրեք ակտիվ աղմուկի չեղարկման (ANC) գործառույթով մոդելներին։ Այս տեխնոլոգիան նվազեցնում է շրջապատի աղմուկի ազդեցությունը՝ օգնելով ավելի հարմարավետ միջավայր ստեղծել նույնիսկ աղմկոտ վայրերում։ Ականջակալ ընտրելիս հաշվի առեք դրանց հարմարավետությունը, մարտկոցի աշխատանքային տևողությունը, կապի կայունությունը և աղմուկի խլացման հնարավորությունները։ Ճիշտ ընտրված մոդելը պլանշետի օգտագործումն ավելի հաճելի և հարմարավետ կդարձնի տարբեր իրավիճակներում։
Արտաքին մարտկոց՝ անխափան կապի համար
Ճանապարհորդությունների, գործուղումների կամ համալսարանում երկար օր անցկացնելու ընթացքում միշտ չէ, որ լիցքավորման վարդակ գտնելը հեշտ է։ Այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է արտաքին մարտկոց (Power Bank)․ գործնական լուծում՝ միշտ ձեռքի տակ։ Արտաքին մարտկոց ընտրելիս կարևոր է հաշվի առնել դրա տարողությունը և միացման պորտերի քանակը։ Օրինակ՝ 10 000 մԱժ տարողությամբ մոդելը կարող է հարմար լինել ամենօրյա օգտագործման համար, իսկ մի քանի սարք միաժամանակ լիցքավորելու հնարավորությունը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում։ Եթե արտաքին մարտկոցն ունի երկու ելքային պորտ, կարող եք պլանշետի հետ միաժամանակ լիցքավորել նաև սմարթֆոն, խելացի ժամացույց , անլար ականջակալներ և ոչ միայն։
Գեյմփադ՝ խաղերը՝ քո պլանշետում
Պլանշետով թվային խաղեր խաղալը հարմարավետ չէ․ սենսորային էկրանը չի ապահովում արագ արձագանք և միաժամանակ մի քանի գործողություն կատարելու հնարավորություն։ Ձեր պլանշետը խաղային լիարժեք սարքի վերածելու համար անհրաժեշտ կլինի գնել խաղային վահանակ ։ Այն թույլ է տալիս խաղալ ֆիզիկական կոճակների և կառավարման լծակների միջոցով։ Պլանշետը մնում է որպես էկրան, իսկ խաղի կառավարումն իրականացվում է գեյմփադով։ Bluetooth կապով աշխատող մոդելները հատկապես հարմար են, քանի որ չեն սահմանափակում շարժումները լարերով։
Գեյմփադ ընտրելիս ուշադրություն դարձրեք կապի տեսակին, կոճակների դասավորությանը, մարտկոցի աշխատանքային տևողությանը և խաղերի համատեղելիությանը։ Ճիշտ ընտրված խաղային կառավարիչը կարող է ավելի հարմարավետ դարձնել խաղերը և օգնել առավելագույնս օգտվել պլանշետի հնարավորություններից։
Եզրակացություն
Ճիշտ ընտրված աքսեսուարները կարող են պլանշետն ավելի հարմար գործիք դարձնել աշխատանքի, ուսման, ստեղծագործելու և ժամանցի համար։ Ուսումնասիրեք առկա առաջարկները, համեմատեք տարբեր աքսեսուարների առանձնահատկությունները և ընտրեք այն տարբերակները, որոնք կօգնեն առավելագույնս օգտագործել պլանշետի հնարավորությունները։






