Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը The Street կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են Իլոն Մասկն ու Tesla ընկերությունը մեծ գումարներ «գողացել» իր ընտանիքից։ Վոզնյակը Մասկին նաև համեմատել է Apple-ի մյուս համահիմնադիր Սթիվ Ջոբսի հետ։

«Ես նրանց [Ջոբսին և Մասկին] դասում եմ այն ​​մարդկանց կատեգորիային, որոնք կարողանում են շփվել և ցանկանում են համարվել կարևոր անձ և լինել կուլտային առաջնորդների պես»,- ասել է նա։

Ըստ Վոզնյակի՝ շատերը կհետևեն այս տեսակի մարդկանց, ինչ էլ որ նրանք ասեն։ Նա հակադրել է ինքն իրեն մարդկանց այս տիպին՝ ասելով, որ սիրում է ազնիվ ապրել։ Հենց այս հատկանիշն է, նրա կարծիքով, պակասում է Մասկին, որը, ըստ Վոզնյակի, բազմիցս գերագնահատել և թերագնահատել է իր Tesla ընկերության ներուժը։

«Ազնվության մեծ մասն անհետանում է, երբ նայում ես Իլոն Մասկին և Tesla-ին: Նրանք այնքան գումար են կողոպտել ընտանիքիս՝ ինձնից ու կնոջիցս։ Նրանք ասում էին բաներ, որոնք մենք իսկապես հավատում էինք, որ դրանք իրական են»,- ասել է Վոզնյակը, որը Tesla-ի սեփականատեր է դարձել 2016-ին:

Նա խոստովանել է, որ շատ մեծ գումար է ծախսել Tesla-ի էլեկտրական մեքենայի իր մշակած մոդելը թարմացնելու վրա՝ դրա վրա տեղադրելով ութ տեսախցիկ և հատուկ սենսորներ, որոնք նախատեսված էին մեքենայի ինքնակառավարման համար։ Վոզնյակը պատմել է, որ Մասկն այդ ժամանակ խոստացել է, որ ինքնակառավարվող մեքենաները կգործարկվեն մինչև 2016 թ․ վերջ, իսկ հետո այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թ․։ Սակայն 2017-ին ևս դա տեղի չի ունեցել։ Այսպիսով, ըստ Վոզնյակի, Մասկը «խաբել» է իրեն և գումար «գողացել» չաշխատող ֆունկցիայի համար։

Հարցին, թե ի վերջո որն է տարբերությունը Իլոն Մասկի և Սթիվ Ջոբսի միջև, Վոզնյակը պատասխանել է․ «Սթիվ Ջոբսն իսկապես այդքան անազնիվ չէր: Բայց նա ամեն ինչ ասում էր այնպես, որ ... նա քո ուշադրությունը գրավելու, քեզ համոզելու ուրույն միջոց ուներ։ Բայց դա իրականում այնքան էլ սուտ չէր»: