Մարդկությունը կրկին պատրաստվում է մեկնել Լուսին, սակայն այս անգամ խոսքը մի քանի օրվա հետազոտությունների մասին չէ։ Artemis ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել մշտական բազա, որը ժամանակի ընթացքում կարող է վերածվել իսկական արտերկրային ավանի։ 

Դրա համար գիտնականները պետք է լուծեն տասնյակ խնդիրներ, որոնց մարդիկ նախկինում երբեք չեն բախվել. կառուցել ճանապարհներ այնտեղ, որտեղ մթնոլորտ չկա, պաշտպանել կացարանը տիեզերական ճառագայթումից, գաղութն ապահովել ջրով ու էլեկտրականությամբ, ինչպես նաև սովորել շենքեր կառուցել... լուսնային փոշուց, հաղորդում է The Space Race-ը։

Հարավային բևեռը՝ սովորական հարթավայրերի փոխարեն 

«Ապոլոն» դարաշրջանի բոլոր տիեզերագնացների արշավախմբերը վայրէջք են կատարել Լուսնի հասարակածային մասի համեմատաբար անվտանգ շրջաններում։ Նոր ծրագիրն ընտրում է շատ ավելի բարդ թիրախ՝ հարավային բևեռը։ Այս տարածաշրջանը համարվում է ապագա բազայի համար ամենահեռանկարային վայրերից մեկը։ Այստեղ կան հսկայական խառնարաններ, լեռնազանգվածներ և տարածքներ, որոնք միլիարդավոր տարիներ շարունակ չեն լուսավորվել արևի լույսով։ 

Հենց այդպիսի մշտապես ստվերում գտնվող շրջաններում է, գիտնականների կարծիքով, թաքնված ջրային սառույցի զգալի պաշարներ՝ ապագա գաղութարարների կյանքի համար կարևորագույն ռեսուրսը։ Այնուամենայնիվ, այս շրջանի գրավչությունը միևնույն ժամանակ դարձնում է այն ամենավտանգավորներից մեկը։ Բարդ ռելիեֆը, խորը ստվերները և ծայրահեղ պայմանները կպահանջեն լիարժեք ենթակառուցվածքների ստեղծում գրեթե զրոյից։

Գլխավոր թշնամին ամենևին էլ ցուրտը չէ 

Ապագա բազայի ամենալուրջ խնդիրներից մեկը կլինի ոչ թե ջերմաստիճանը, այլ լուսնային փոշին։ Այն կազմված է մանր, սուր մասնիկներից, որոնք հիշեցնում են ջարդված ապակի։ «Ապոլոն» առաքելությունների ժամանակ այդպիսի փոշին վնասում էր սկաֆանդրները, քերծում սաղավարտների պաշտպանիչ ապակիները և շարքից հանում սարքավորումները։ Մթնոլորտի բացակայության և թույլ ձգողականության պատճառով մասնիկները կարող են թռչել հարյուրավոր մետրեր տիեզերանավի յուրաքանչյուր վայրէջքից հետո։ 

Ահա թե ինչու Լուսնի վրա առաջին շինարարական օբյեկտները կարող են դառնալ ոչ թե բնակելի մոդուլները, այլ ճանապարհներն ու վայրէջքի հարթակները։ Կարճաժամկետ հեռանկարում դիտարկվում է հատուկ պոլիմերային միացությունների օգտագործումը, որոնց նման նյութերով զինվորականներն ամրացնում են գրունտային ճանապարհներն ու ուղղաթիռների հարթակները։ Սակայն Երկրից նման նյութերի մշտական մատակարարումը չափազանց թանկ է և, բացի այդ, Լուսնի մակերևույթը աղտոտում է միկրոպլաստիկով։ 

Ուստի եվրոպացի մասնագետներն առաջարկում են ավելի անսովոր լուծում՝ բառացիորեն հալեցնել լուսնային գրունտի վերին շերտը՝ այն վերածելով ամուր ապակենման ծածկույթի։ Դրա համար կարելի է օգտագործել կամ հզոր լազերներ, կամ հսկայական Ֆրենելի ոսպնյակներ, որոնք կենտրոնացնում են արևի լույսը։ Ճիշտ է, շինարարության արագությունը դեռևս ցածր է մնում. մոտ 100 քառակուսի մետր մակերեսով մեկ վայրէջքի հարթակի ստեղծումը կարող է տևել գրեթե չորս ամիս։

Տուն-ավտոմեքենաներ՝ սովորական մեքենաների փոխարեն 

Ապագա բազայում տիեզերագնացները չեն տեղաշարժվի սովորական լուսնագնացներով։ Ճապոնացի ինժեներները Toyota-ի հետ համատեղ մշակում են Lunar Cruiser հերմետիկ ամենագնացը, որն ավելի շատ հիշեցնում է անիվների վրա գտնվող տուն, քան մեքենա։ 

Մեքենան կկարողանա տեղափոխել երկու հոգու՝ ապահովելով նրանց ինքնավար աշխատանքը մեկ ամսվա ընթացքում՝ առանց սկաֆանդրներ մշտապես հագնելու անհրաժեշտության։ Այդպիսի սարքերը կդառնան հիմնական տրանսպորտը ինչպես բազայի ներսում, այնպես էլ երկարատև հետազոտական արշավների ժամանակ։

Լուսնային առաջին տունն արդեն նախագծված է 

NASA-ն արդեն ներկայացրել է Foundation Surface Habitat առաջին բնակելի համալիրի նախագիծը։ Եռահարկ կառույցը նախատեսված է չորս տիեզերագնացի համար և կկարողանա ապահովել նրանց աշխատանքը մոտ մեկ ամիս։ 

Ստորին մակարդակում կտեղակայվեն շլյուզային խցիկը, սկաֆանդրները և գիտական լաբորատորիան՝ լուսնային ապարների ուսումնասիրության համար։ Երկրորդ հարկը կզբաղեցնեն սպորտով զբաղվելու, հիգիենայի և կենսաբանական փորձերի սենյակները։ Վերին մակարդակը կդառնա բնակելի գոտի՝ նավախցիկներով, խոհանոցով, բժշկական բլոկով և աշխատատեղերով։ 

Միևնույն ժամանակ, հենց տիեզերագնացները նույնպես կդառնան գիտական հետազոտությունների օբյեկտներ. գիտնականները մտադիր են ուսումնասիրել, թե ինչպես է Լուսնի վրա երկարատև մնալն ազդում մարդու օրգանիզմի վրա։

Տներ՝ լուսնային փոշուց 

Ժամանակավոր բնակելի մոդուլները միայն առաջին փուլն են։ Մշտական բազա ստեղծելու համար կպահանջվի հուսալի պաշտպանություն տիեզերական ճառագայթումից, միկրոմետեորիտներից և ջերմաստիճանի կտրուկ տատանումներից։ Ամենահեռանկարայինն է համարվում շինարարական բլոկների արտադրության տեխնոլոգիան անմիջապես լուսնային ռեգոլիտից։ 

Ըստ էության, գիտնականներն առաջարկում են «թրծել» լուսնային փոշին՝ այն վերածելով աղյուսների, որոնցով կպատվեն բնակելի մոդուլները։ Նմանատիպ մշակումներ արդեն իրականացվում են Չինաստանում։ Հետազոտողները լուսնային գրունտի նմանակից պատրաստել են մի քանի տեսակի փորձարարական աղյուսներ և նմուշներն ուղարկել «Տյանգուն» ուղեծրային կայանի արտաքին մակերևույթ, որտեղ դրանք բաց տիեզերքի պայմաններում բազմամյա փորձարկումներ են անցնում։ Կան նաև ավելի ֆուտուրիստական նախագծեր։ 

Դրանցից մեկը նախատեսում է հսկայական ապակե գմբեթների ստեղծում՝ հալված լուսնային գրունտի յուրօրինակ «փչման» միջոցով։ Մթնոլորտի բացակայության և ցածր ձգողականության շնորհիվ այդպիսի կառույցները տեսականորեն կարող են հասնել հսկայական չափերի։

Առանց ատոմային էներգետիկայի հնարավոր չի լինի յոլա գնալ 

Էլեկտրամատակարարումը կլինի ապագա գաղութի ամենաբարդ խնդիրներից մեկը։ Լուսնի վրա ցերեկն ու գիշերը տևում են մոտ երկուական շաբաթ։ Քանի դեռ Արևը շողում է, արևային մարտկոցներն արդյունավետ են աշխատում, սակայն հետո սկսվում է լիակատար մթության նույնքան երկարատև ժամանակահատված։ Խնդիրն առավել սուր է դրսևորվում հարավային բևեռում, որտեղ սառույցի պաշարներ ունեցող շատ հեռանկարային շրջաններ ընդհանրապես երբեք չեն լուսավորվում Արևի կողմից։ 

Ահա թե ինչու է NASA-ն ընտրում կոմպակտ միջուկային ռեակտորները։ Fission Surface Power նախագիծը նախատեսում է վեց տոննայից պակաս զանգվածով փոքր ատոմակայանի ստեղծում, որն ընդունակ կլինի էներգիայով ապահովել լուսնային առաջին բազան։ Մշակման մասնակիցներից մեկը դարձել է Rolls-Royce ընկերությունը, որը բրիտանական ատոմային սուզանավերի համար ռեակտորներ ստեղծելու բազմամյա փորձ ունի։ Ենթադրվում է, որ մեկ միկրոռեակտորը կկարողանա արտադրել մինչև 100 կիլովատ էլեկտրաէներգիա. սա բավարար է փոքր ավանի աշխատանքն ապահովելու համար։ Հետագայում մի քանի այդպիսի կայաններ կկարողանան ձևավորել ապագա լուսնային քաղաքի լիարժեք էներգետիկ համակարգը։

Առաջին քայլը դեպի Արեգակնային համակարգի նվաճում 

Լուսնի վրա մշտական բազայի ստեղծումը դիտարկվում է որպես հեռավոր տիեզերքի նվաճման անհրաժեշտ փուլ։ Հենց այստեղ մարդկությունն առաջին անգամ կփորձի սովորել ապրել Երկրից դուրս՝ օգտագործելով տեղական ռեսուրսները, կառուցելով սեփական ենթակառուցվածքները և ստեղծելով տեխնոլոգիաներ, որոնք հետագայում կարող են պետք գալ դեպի Մարս և այլ մոլորակներ թռիչքների ժամանակ։ Եթե այս նախագիծը հաջողվի իրականացնել, լուսնային առաջին բազան կդառնա իրական հենադաշտ ապագա տիեզերական քաղաքակրթության համար։