Հայաստանը դառնում է խաղողի ծագման հետազոտությունների համաշխարհային կենտրոններից մեկը։ Միջազգային գենոմային նախագիծը, որին մասնակցել է 16 երկրի գրեթե հարյուր գիտնական, ոչ միայն փոխել է պատկերացումները խաղողի վազի ընտելացման պատմության մասին, այլև հաստատել է Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի առանձնահատուկ դերը այս գործընթացում։ Այս մասին «The Academy People» սրճարանում կայացած «Գենետիկան Հայաստանում. այսօր և վաղը» ինտերակտիվ հանդիպման ժամանակպատմել է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Քրիստինե Մարգարյանը։

Միջազգային նախագիծը փոխել է պատկերացումները խաղողի ծագման մասին

Մարգարյանի խոսքով՝ խաղողի գենոմային աշխարհում ամենախոշոր հետազոտությունը մեկնարկել է 2018 թվականին, և հայ գիտնականներն ընդգրկվել են միջազգային կոնսորցիումի կազմում։

Նախագծին մասնակցել են 16 երկրների 23 գիտական կենտրոններ, տարբեր ուղղությունների շուրջ 100 մասնագետներ՝ գենետիկներ, պատմաբաններ, կենսաինֆորմատիկներ, ֆիզիկոսներ և կենսաբաններ։ Աշխատանքը շարունակվել է գրեթե չորս տարի։ Հետազոտության գլխավոր խնդիրն էր պարզել, թե հստակ որտեղ է սկսվել խաղողի ընտելացումը և ինչպես է ընթացել դրա էվոլյուցիան։

Մինչ այդ գիտական հանրության մեջ գերիշխում էր այն տեսությունը, համաձայն որի մշակովի խաղողն առաջացել է բացառապես Մերձավոր Արևելքում, իսկ հետո տարածվել ամբողջ աշխարհով մեկ։ Սակայն մասշտաբային հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այդ պատկերը հեռու էր ամբողջական լինելուց։

Ընտելացումը տեղի է ունեցել միանգամից երկու տարածաշրջանում

Գլխավոր հայտնագործություններից մեկն այն էր, որ խաղողը սկսել են մշակել միաժամանակ երկու անկախ կենտրոններում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

«Մենք կարողացանք զգալիորեն թարմացնել առկա գիտելիքները։ Հետազոտությունը ցույց տվեց, որ խաղողը ընտելացվել է ոչ թե մեկ կենտրոնում, ինչպես նախկինում կարծում էին, այլ միանգամից երկուսում»,- նշել է Մարգարյանը։ Հետազոտության ևս մեկ եզրակացություն վերաբերում է մշակովի խաղողի ծագման ժամանակին։

Գենոմային վերլուծության տվյալներով՝ ընտելացման գործընթացը սկսվել է շուրջ 11 հազար տարի առաջ, ընդ որում՝ տեղի է ունեցել նաև Հարավային Կովկասի տարածքում։ Հենց այդ ժամանակ վայրի խաղողի գենոմում սկսել են կուտակվել փոփոխություններ, որոնց շնորհիվ ի հայտ են եկել մարդուն քաջ հայտնի քաղցր մշակովի սորտերը։

Ինչու է հայկական խաղողը բացառիկ

Մարգարյանն ընդգծել է, որ հայ գիտնականներն արդեն շուրջ 15 տարի է, ինչ ուսումնասիրում են տեղական խաղողի գենետիկական ռեսուրսները, ներառյալ վայրի ձևերը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում աճող խաղողն իր գենոմի կառուցվածքով և գենետիկական բազմազանության մակարդակով զգալիորեն տարբերվում է այլ երկրներում տարածված սորտերից։ Հետազոտողի խոսքով՝ պատճառներից մեկն այն է, որ պատմականորեն տարածաշրջանը մնացել է հարաբերականորեն մեկուսացված։

«Մեր տարածաշրջան խաղողի սորտերի զանգվածային միգրացիա գործնականում տեղի չի ունեցել, այդ պատճառով այստեղ պահպանվել է բացառիկ յուրօրինակ գենետիկական բազմազանություն»,- պարզաբանել է նա։

Հետազոտվել է երկրի գրեթե յուրաքանչյուր խաղողի այգի

Աշխատանքի տարիների ընթացքում գիտնականները շրջել են գրեթե ողջ Հայաստանով։ «Չկա խաղողագործական որևէ բնակավայր, որտեղ մենք եղած չլինենք»,- պատմել է Մարգարյանը։

Արշավախմբերը թույլ են տվել հավաքել տեղական սորտերի և վայրի խաղողի հարյուրավոր նմուշներ։ Հավաքածուի պահպանման գործում, հետազոտողի խոսքով, առանձնահատուկ դեր է խաղացել սելեկցիոներ Գագիկ Մելիքյանը, ով գրեթե միայնակ հավաքել է շուրջ 300 տարբեր գենոտիպեր։

Հայկական խաղողի ազգային հավաքածուն այսօր գտնվում է Էջմիածնում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ։ Սա հատկապես կարևոր է, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հավաքածուն, որը ներառում էր շուրջ 900 սորտ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր։

Հայաստանում ստեղծվել են եզակի հավաքածուների խաղողի այգիներ

Մարգարյանը տեղեկացրել է, որ հայ հետազոտողներն աշխատում են տեղական սորտերի եզակի գենոֆոնդի պահպանման ուղղությամբ։ Պետական դրամաշնորհների շնորհիվ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է միանգամից երկու եզակի հավաքածուների այգիներ հիմնել։

Առաջինը նվիրված է Հայաստանի վայրի խաղողին և, Մարգարյանի խոսքով, միակն է ոչ միայն երկրում, այլև ողջ տարածաշրջանում։ Երկրորդը մոդելային պատվաստված խաղողի այգի է, որն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության և տարբեր հիվանդությունների ազդեցությունը հայկական սորտերի վրա ուսումնասիրելու համար։

Արդեն հաջողվել է պահպանել ավելի քան 400 եզակի սորտեր

Այսօր ինստիտուտին կից ստեղծված հավաքածուում պահվում է խաղողի ավելի քան 400 սորտ և գենոտիպ։

Դրանցից շատերը պահպանվել են միայն գիտնականների աշխատանքի շնորհիվ, քանի որ իրենց բնական աճելավայրերում դրանք աստիճանաբար անհետանում են։

Բոլոր նմուշները փաստաթղթավորվում են եվրոպական չափանիշներով՝ կազմվում են գենետիկական և մորֆոլոգիական «անձնագրեր», իսկ հետազոտությունների արդյունքներն արդեն ամփոփվել են «Grapes of Armenia» գրքում, որը պատրաստվել է հայ գիտնականների կողմից՝ արտասահմանյան գործընկերների հետ համատեղ։

Մարգարյանն առանձնակի նշել է օտարերկրյա գործընկերների ներդրումը, որոնց շնորհիվ հաջողվել է ներգրավել շուրջ 300 հազար եվրո՝ հայկական սորտերի սեկվենավորման համար։