Հաջողակ ստարտափը չի սկսվում տեխնոլոգիայից, ներդրումներից կամ իդեալական ձևակերպված շնորհանդեսից: Շատ ավելի կարևոր են հենց այդ ստարտափի հիմնադրի անձնական որակները: Ձեռնարկատիրությունը մշտական աշխատանք է անորոշության, մերժումների և բարդ որոշումներ կայացնելու անհրաժեշտության պայմաններում: Հենց այդ պատճառով ներդրողներն ու մենթորները ավելի ու ավելի հաճախ են գնահատում ոչ միայն բուն գաղափարը, այլև դրա հեղինակի անհատականությունը:
Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում պատմել է Խուանիտա Կորեդորը՝ Vali Berlin-ի (եվրոպական առաջատար ESMT Berlin բիզնես-դպրոցին կից ձեռնարկատիրական կենտրոն) Program Manager-ը և Venture Builder-ը: Սամմիթի ինկուբացիոն ծրագրի շրջանակում նա օգնում է ստարտափներին պատրաստվել եզրափակիչ շնորհանդեսներին, ինչպես նաև մասնակիցներին պատմում է, թե ինչ որակներով պետք է օժտված լինի ձեռնարկատերը՝ հաջողության հասնելու իր շանսերը մեծացնելու համար:
Վճռականությունն ավելի կարևոր է, քան ոգեշնչումը
Կորեդորի խոսքով՝ ձեռնարկատիրոջ ամենակարևոր գծերից մեկը նպատակասլացությունն է: Հիմնադիրը պետք է հստակ հասկանա, թե ինչ նպատակի է գնում, և պատրաստ լինի շարունակել շարժումը նույնիսկ այն ժամանակ, երբ ուղին ավելի բարդ է ստացվում, քան սպասվում էր:
«Պետք է իմանալ, թե ուր եք ցանկանում հասնել, և շարունակել շարժվել դեպի այդ նպատակը՝ չնայած անխուսափելիորեն ի հայտ եկող խոչընդոտներին»,- նշել է մասնագետը:
Գրեթե ոչ մի ստարտափ, նրա խոսքով, չի զարգանում նախնական պլանով: Առաջանում են տեխնիկական խնդիրներ, վերջանում են փողերը, հեռանում են աշխատակիցները, ներդրողները մերժում են, իսկ շուկան բոլորովին այնպիսին չի ստացվում, ինչպիսին թվում էր սկզբում: Հենց այդ պատճառով միայն լավ գաղափարը բավարար չէ:
Founder-market fit. ինչու է կարևոր, թե ով է կառուցում ընկերությունը
Եվս մեկ որակ, որը Vali Berlin-ում համարում են սկզբունքորեն կարևոր, այսպես կոչված founder-market fit-ն է: Խոսքն այն մասին է, թե որքանով են հենց իրենք՝ հիմնադիրները համապատասխանում հենց այս պրոդուկտի ստեղծմանը: Հասկանո՞ւմ են արդյոք շուկան: Անձամբ բախվե՞լ են այն խնդրին, որը փորձում են լուծել: Ունե՞ն արդյոք գիտելիքներ, փորձ և իրավասություններ (կոմպետենցիաներ), որոնք անհրաժեշտ են հենց այս ոլորտում:
«Շատ կարևոր է, որ հիմնադիրն ունենա գիտելիքներ և շուկայի ընկալում, որտեղ աշխատում է իր ստարտափը»,- ասել է Կորեդորը:
Շատ դեպքերում հենց անձնական փորձն է դառնում սկսնակ ստարտափի գլխավոր առավելությունը: Հիմնադիրը, ով ինքն է կանոնավոր կերպով բախվել որոշակի խնդրի, հաճախ ավելի լավ է հասկանում ապագա հաճախորդների կարիքները, քան այն մարդը, ով շուկան դիտարկում է կողքից:
Ձեռնարկատերը պետք է կարողանա վերապրել պարտությունները
Եվս մեկ պարտադիր գիծ է դժվարությունների հանդեպ կայունությունը:
Կորեդորի խոսքով՝ ձեռնարկատիրությունն անխուսափելիորեն կապված է սթրեսի, մշտական մերժումների և այնպիսի իրավիճակների հետ, երբ ամեն ինչ ընթանում է ոչ ըստ պլանի:
«Պետք է կարողանալ հաղթահարել բարդությունները, շատ աշխատել և հաղթահարել մերժումները»:
Ձախողումներից հետո շարժումը շարունակելու ունակությունը դառնում է գլխավոր գործոններից մեկը, որը որոշում է՝ կկարողանա արդյոք ստարտափը հասնել հասուն փուլի:
Ռիսկն անհրաժեշտ է, բայց այն պետք է լինի կառավարելի
Ձեռնարկատերերին հաճախ ընկալում են որպես մարդկանց, ովքեր պատրաստ են ամեն ինչ դնել սեղանին հանուն իրենց գաղափարի: Սակայն, Կորեդորի կարծիքով, խոսքը անխոհեմության մասին չէ:
Ռիսկը ձեռնարկատիրության կարևոր մասն է, բայց այն պետք է մնա կառավարելի:
«Կարևոր է հասկանալ, թե ինչ ռիսկեր կարելի է վերցնել ձեզ վրա, որպեսզի ընթացքում չոչնչացնեք սեփական բիզնեսը»,- նշել է Կորեդորը:
Այլ կերպ ասած՝ լավ հիմնադիրը լիովին չի խուսափում ռիսկից, այլ կարողանում է գնահատել դրա հետևանքները և ընդունել կշռադատված որոշումներ:
Քննադատություն ընդունելու ունակությունը գլխավոր առավելություններից մեկն է
Եվս մեկ որակ, որը հաճախ թերագնահատում են սկսնակ ձեռնարկատերերը, սովորելու պատրաստակամությունն է:
Vali Berlin-ում դա անվանում են coachability՝ հետադարձ կապը ընկալելու, սեփական կարծիքը փոխելու և ընթացքը ճշգրտելու ունակություն, եթե փաստերը ցույց են տալիս, որ նախնական գաղափարը լրամշակման կարիք ունի:
«Հիմնադիրը պետք է բաց լինի հետադարձ կապի, նոր գիտելիքների և փոփոխությունների համար»:
Ստարտափների համար դա հատկապես կարևոր է: Ընկերությունների մեծ մասը զարգացման ընթացքում բազմիցս փոխում են պրոդուկտը, ռազմավարությունը կամ նույնիսկ թիրախային լսարանը: Ճկունությունը նման պայմաններում ավելի օգտակար է ստացվում, քան սեփական ճշմարտացիության մեջ չափազանցված վստահությունը:
Լավ որակները շատ են, բայց առանց սրանց հնարավոր չէ յոլա գնալ
Անշուշտ, այս հմտություններով հաջողակ ձեռնարկատիրոջ դիմանկարը չի սահմանափակվում: Սակայն հենց վճռականությունը, շուկայի ընկալումը, դժվարությունների հանդեպ կայունությունը, կշռադատված ռիսկի դիմելու պատրաստակամությունը և հետադարձ կապից սովորելու ունակությունն են Vali Berlin-ում համարում այն հիմքը, առանց որի բարդ է կենսունակ ընկերություն կառուցելը:
Հենց այս որակներն են, Կորեդորի խոսքով, արժանի ամենօրյա զարգացման՝ անկախ նրանից, թե մարդը գտնվում է միայն գաղափարի փուլում, թե արդեն ղեկավարում է սեփական թիմը:
Վերջնարդյունքում ստարտափի հաջողությունը որոշվում է ոչ միայն նրանով, թե որքան ուժեղ էր նախնական գաղափարը: Նվազ նշանակություն չունի այն, թե ընդունակ է արդյոք հենց ինքը՝ հիմնադիրը, անցնել երկար և հաճախ շատ ոչ պարզ ուղին առաջին պրոտոտիպից (նախատիպից) մինչև իսկական բիզնես:
Seaside Startup Summit Armenia 2026
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանա լճի ափին մեկնարկել է Seaside Startup Summit Armenia 2026 միջազգային տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ֆորումը, որը կտևի մինչև օգոստոսի 1-ը: Միջոցառումը կազմակերպվել է Startup Armenia կրթական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:
Կազմակերպիչների տվյալներով՝ սամմիթին մասնակցում են ստարտափների, ներդրողների, վենչուրային ֆոնդերի, տեխնոլոգիական ընկերությունների, մենթորների և փորձագետների ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ շուրջ 50 երկրներից: Ֆորումը ավանդաբար անցկացվում է բաց տեխնոլոգիական ճամբարի ձևաչափով Sevan Festival City-ի տարածքում, որտեղ մասնակիցները ոչ միայն ներկայացնում են նախագծեր, այլև քննարկում են նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները:
Սամմիթի ծրագրում ընդգրկվել են միանգամից մի քանի մասնագիտացված միջոցառումներ՝ նվիրված տեխնոլոգիական զարգացման տարբեր ուղղություններին: Դրանց թվում են World Youth Environment Festival-ը, Sevan AgriTech Summit-ը, WineTech Innovation Summit-ը, Cyber Insurance Summit-ը, Mining Innovation Summit-ը և Sevan EV Rally-ն: Յուրաքանչյուր հարթակ կենտրոնացած է առանձին ուղղությունների վրա՝ ագրոտեխնոլոգիաներից, էկոլոգիական լուծումներից և գինեգործության ոլորտից մինչև կիբեռապահովագրություն, լեռնահանքային ոլորտում նորարարություններ և էլեկտրատրանսպորտի զարգացում:






