Գիտնականները հայտնաբերել են խոշոր նախամոլորակի գոյության ուղղակի ապացույցներ, որը վաղ Արեգակնային համակարգում ձևավորվել է բոլորովին այլ ուղիով, քան Երկիրը կամ Մարսը։ Այս բացահայտումը հաջողվել է անել Սահարայում գտնված հազվագյուտ Northwest Africa (NWA) 12774 երկնաքարի շնորհիվ։
Հնագույն անգրիտները՝ որպես պատուհան դեպի անցյալ
Երկնաքարը պատկանում է անգրիտների խմբին. սրանք Արեգակնային համակարգի հնագույն հրաբխային ապարներից են։ Դրանք առաջացել են համակարգի առաջացումից (4,56 միլիարդ տարի առաջ) ընդամենը մի քանի միլիոն տարի անց։ Երկրի վրա հայտնի ավելի քան 80 հազար երկնաքարերից գտնվել է ընդամենը 68 անգրիտ, ինչը յուրաքանչյուր նման նմուշ դարձնում է առանձնահատուկ արժեքավոր։
Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը հրապարակվել է Earth and Planetary Science Letters (EPSL) ամսագրում։
Գլխավոր իրեղեն ապացույցը՝ արտասովոր միներալը
Բացահայտման բանալին դարձել է կլինոպիրոքսեն միներալը (հանքանյութը)՝ ալյումինի անոմալ բարձր պարունակությամբ։ Նման կազմը կարող էր ձևավորվել միայն շատ բարձր ճնշման պայմաններում՝ առնվազն 17,5 կիլոբար։ Համեմատության համար՝ Մարիանյան անդունդի հատակին ճնշումը կազմում է մոտ 1 կիլոբար։
Նման պայմանները հնարավոր են միայն բավականաչափ խոշոր երկնային մարմնի կեղևում կամ մանտիայում։ Հաշվարկները ցույց են տվել, որ մայր մոլորակի նվազագույն շառավիղը կազմել է մոտ 1000 կիլոմետր։
Բյուրեղների հավելյալ վերլուծությունը հաստատել է էլ ավելի մեծ չափսեր։ Բյուրեղները պահպանել են սուր եզրերն ու քիմիական նուրբ մանրամասները, որոնք անխուսափելիորեն կքայքայվեին, եթե գտնվեին հսկայական մոլորակի խորքերում։ Սա մատնանշում է, որ դրանք առաջացել են մակերևույթին հարաբերականորեն մոտ։ Արդյունքում գիտնականները նախամոլորակի շառավիղը գնահատում են մոտավորապես 1800 կմ. սա Լուսնի չափսն է։
Մեկ այլ «բաղադրատոմսով» մոլորակը
Ամենահետաքրքիրն այն է, որ այս նախամոլորակի քիմիական կազմը սկզբունքորեն տարբերվում էր երկրայինից։ Դրանում գրեթե ամբողջությամբ բացակայում էր սիլիցիումի երկօքսիդը՝ Երկրի և Մարսի լեռնային ապարների մեծ մասի հիմնական բաղադրիչը։
«Սա մատնանշում է առանձին և անկախ էվոլյուցիոն ուղի Արեգակնային համակարգի արշալույսին մոլորակների ձևավորման գործում»,— նշել է հետազոտության առաջատար հեղինակ Աարոն Բելը։
Ըստ ամենայնի, այս նախամոլորակը կա՛մ ոչնչացվել է վաղ Արեգակնային համակարգում տեղի ունեցած հզոր բախումների հետևանքով, կա՛մ դրա բեկորները ցրվել են՝ դառնալով անգրիտային երկնաքարերի աղբյուր։
Ինչու է սա կարևոր
Բացահայտումը ցույց է տալիս, որ վաղ Արեգակնային համակարգում ձևավորվում էին ոչ միայն մեզ սովորական մոլորակները, այլև բոլորովին այլ կազմ ու պատմություն ունեցող մարմիններ։ Նման «կորուսյալ» աշխարհների ուսումնասիրությունն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչպես են ծնվել մոլորակները 4,5 միլիարդ տարի առաջ և ինչու է մեր Արեգակնային համակարգը հենց այսպիսի տեսք ունի, այլ ոչ թե մեկ ուրիշ։
Կարճ ասած
Սահարայից հայտնաբերված NWA 12774 երկնաքարում գիտնականները գտել են Լուսնի չափսերն ունեցող անհետացած նախամոլորակի հետքեր (շառավիղը՝ մինչև 1800 կմ)։ Այն ձևավորվել է սիլիցիումի երկօքսիդի չափազանց ցածր պարունակությամբ նյութից, ինչը սկզբունքորեն տարբերվում է Երկրի և Մարսի կազմից։ Սա առաջին ուղղակի ապացույցն է մի խոշոր մարմնի գոյության, որը զարգացել է առանձին էվոլյուցիոն ուղիով Արեգակնային համակարգի արշալույսին։ Հետազոտությունը հրապարակվել է Earth and Planetary Science Letters ամսագրում։






