Միջազգային խումբ գիտնականները մանրամասնորեն ուսումնասիրել են մոլիբդենի օքսիքլորիդի (MoOCl₂) բյուրեղի օպտիկական հատկությունները: Այս նյութն օժտված է հատկությունների արտասովոր համադրությամբ և կարող է հիմք դառնալ լրացված իրականության (AR) գերբարակ սարքերի համար, ներառյալ՝ «խելացի» կոնտակտային ոսպնյակները և մանրակերտ (մինիատյուր) ֆոտոնային չիպերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nano Letters» ամսագրում:

«Օպտիկական քամելեոն»

«XPANCEO» ընկերության, Սինգապուրի ազգային համալսարանի և Չեխիայի քիմիական տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները պարզել են, որ MoOCl₂-ը դրսևորում է չափազանց բարձր օպտիկական անիզոտրոպիա. դրա վարքագիծն արմատապես փոխվում է՝ կախված լույսի տարածման ուղղությունից:

Մի ուղղությամբ բյուրեղն անդրադարձնում է լույսը, ինչպես մետաղը, իսկ մյուս ուղղությամբ՝ անցկացնում է այն, ինչպես ապակին: Դրա շնորհիվ նյութն ստացել է «օպտիկական քամելեոն» ոչ պաշտոնական անվանումը:

Բացի այդ, հետազոտողները գրանցել են բնական նյութերի համար ռեկորդային՝ լույսի ալիքների ուղղությունը փոխելու բյուրեղի ունակություն: Կանաչ սպեկտրի որոշակի տիրույթում նյութի ներսում լույսը խիստ դանդաղում է, իսկ էլեկտրամագնիսական դաշտը զգալիորեն ուժեղանում է: Սա նոր հնարավորություններ է բացում լույսի և նյութի արդյունավետ փոխազդեցության համար:

Կիրառման հեռանկարները

Շնորհիվ MoOCl₂-ի եզակի հատկությունների՝ այն կարող է օգտագործվել ստեղծելու համար.

  • Գերբարակ բևեռացուցիչներ (պոլյարիզատորներ),
  • Նանոֆոտոնային սարքեր,
  • Մանրակերտ լուսատարներ (սվետովոդներ),
  • Նոր սերնդի ֆոտոնային պրոցեսորներ:

Նման տեխնոլոգիաներն ապագայում թույլ կտան ստեղծել կոնտակտային ոսպնյակներ և լրացված իրականության ակնոցներ, որոնք կլինեն մարդու մազից հազարավոր անգամներ բարակ, բայց միևնույն ժամանակ կկարողանան արդյունավետորեն կառավարել լույսը ատոմային մակարդակում:

«Մենք փնտրում ենք նյութեր, որոնք ընդունակ են կառավարել լույսը առանձին ատոմների մակարդակում, որպեսզի հրաժարվենք ավանդական ծավալուն օպտիկական բաղադրիչներից»,— նշել են հետազոտության հեղինակները:

Կարճ ասած

Գիտնականներն առաջին անգամ մանրամասնորեն ուսումնասիրել են մոլիբդենի օքսիքլորիդի (MoOCl₂) բյուրեղը, որն օժտված է եզակի օպտիկական հատկություններով: Կախված ուղղությունից՝ այն կարող է անդրադարձնել լույսը մետաղի պես կամ անցկացնել ապակու պես: Նյութը դրսևորում է ռեկորդային անիզոտրոպիա և ուժեղացնում է լույսի փոխազդեցությունը նյութի հետ: Հեռանկարում MoOCl₂-ը կարող է հիմք դառնալ գերբարակ AR-ակնոցների, «խելացի» կոնտակտային ոսպնյակների և ֆոտոնային միկրոսխեմաների համար: