Տնտեսական աճի նոր աղբյուրների որոնման և ներդրումային ակտիվության բարձրացման ֆոնին Հայաստանում ավելի հաճախ է քննարկվում ֆինանսական գործիքների ավելի սերտ ինտեգրման հարցը: Մասնավորապես, խոսքը բրոկերային հարթակների միավորման մասին է ավանդական բանկային և պետական ծառայությունների հետ. մի քայլ, որն ի զորու է էապես պարզեցնել մասնավոր ներդրողների մուտքը ֆինանսական շուկաներ: Միասնական էկոհամակարգի ստեղծումը, որտեղ ներդրումային, բանկային և պետական ծառայությունները փոխազդում են միմյանց հետ, կարող է կարևոր գործոն դառնալ ներդրումային գործընթացների արագացման և ֆինանսական միջավայրի թափանցիկության բարձրացման համար:

Այն մասին, թե որքանով է իրատեսական նման սցենարը և ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ տնտեսության վրա, NEWS.am Tech-ին տված հարցազրույցում պատմել է Freedom Broker Armenia-ի մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հովհաննիսյանը:

Բանկեր և ներդրումներ. սիներգիան որպես աճի դրայվեր

Ըստ նրա՝ միջազգային պրակտիկայում բանկային և ներդրումային հատվածները ավանդաբար զարգանում են զուգահեռ և փոխադարձաբար ուժեղացնում միմյանց: Տեխնոլոգիաների և ֆինանսական գրագիտության աճին զուգընթաց՝ մարդիկ ավելի հաճախ են մտածում ոչ միայն իրենց միջոցները պահպանելու, այլև դրանք բազմապատկելու մասին:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ հենց այդ պատճառով խոշոր միջազգային բանկերը, որպես կանոն, իրենց կառուցվածքների ներսում զարգացնում են նաև բրոկերային ուղղություններ: Նրա գնահատմամբ՝ այսօր ավելի ու ավելի շատ ներդրողներ նախապատվությունը տալիս են ֆոնդային շուկային, քանի որ այն ընձեռում է դիվերսիֆիկացման ավելի լայն հնարավորություններ և թույլ է տալիս նվազեցնել ռիսկերը՝ կապված, օրինակ, գնաճի կամ դեֆոլտների հետ:

Հույսը ենթակառուցվածքային նախագծերի վրա

Խոսելով 2026 թվականի հեռանկարների մասին՝ Հովհաննիսյանը հաստատել է իր նախկին կանխատեսումները երկրի ֆինանսական շուկայի համար այս ժամանակաշրջանի հնարավոր «բեկումնային» բնույթի վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ խոսքը ոչ թե կտրուկ թռիչքի, այլ ներդրումային և տեխնոլոգիական ենթակառուցվածքների համակարգային հզորացման մասին է:

«Ես Հայաստանում ապրում եմ մոտ երեք տարի և տեսնում եմ այն տեմպերը, որոնցով զարգանում է երկիրը՝ քաղաքային միջավայրից մինչև տեխնոլոգիաներ, որոնք կարող են փոխել տարածաշրջանը»,- նշել է նա:

Այս համատեքստում նա առանձնացրել է FireBird նախագիծը, որն, ըստ նրա՝ ունակ է դառնալ ներդրումային միջավայրի տրանսֆորմացիայի կարևոր գործոն: Խոսքը լայնածավալ AI (արհեստական բանականության) ենթակառուցվածքի մասին է, որի հիման վրա կարող են ստեղծվել նոր ընկերություններ և ծառայություններ:

«Սա հսկայական AI ենթակառուցվածք է, որը հնարավորություն կտա ստեղծել բազմաթիվ ընկերություններ: Նմանատիպ նախագծեր մեր շրջապատում պարզապես չկան»,- ընդգծել է նա: Հովհաննիսյանի կարծիքով՝ նման նախաձեռնությունների զարգացումը կարող է բարձրացնել Հայաստանի գրավչությունը ներդրումների համար և ամրապնդել նրա դիրքերը՝ որպես տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն:

Ֆինանսական գրագիտությունը՝ ներդրումային աճի «հիմքը»

Պատասխանելով Հայաստանում ֆինանսական գրագիտության մակարդակի և այս աճող ներդրումային հնարավորությունների համապատասխանության մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշել է, որ հենց այս սեգմենտն է դարձել վերջին տարիների աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը:

«Ֆինանսական գրագիտությունն այն ուղղությունն է, որի հետ մենք սկսել ենք բավականին ակտիվ աշխատել: Մենք հասկանում էինք, որ իմաստ չկա մարդկանց ավելի շատ գործիքներ տալ, եթե նրանք չունեն գիտելիքներ դրանք հասկանալու համար»,- շեշտել է նա:

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքը դիտարկվում է որպես երկարաժամկետ ռազմավարություն, քանի որ ներդրումային շուկայի զարգացումն անհնար է առանց բնակչության շրջանում գիտելիքների բազային մակարդակի: Այս կապակցությամբ ստեղծվել է Freedom Academy-ն, որտեղ օգտատերերը կարող են անվճար ստանալ բազային և խորացված գիտելիքներ ֆինանսական շուկաների վերաբերյալ:

Ընկերության աշխատանքի զգալի մասը, ընդգծել է նա, կապված է մասնավոր կապիտալի կառավարման և այն հաճախորդների հետ փոխազդեցության հետ, ովքեր հաճախ չունեն բավարար փորձ ներդրումների ոլորտում:

«Շատերը պարզապես չեն հասկանում, թե ինչ անել իրենց փողերի հետ: Հետևաբար, աշխատանքն ընթանում է երկու ուղղությամբ՝ վստահության ձեռքբերում և օգնություն կապիտալի գրագետ կառավարման հարցում»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կապիտալի պրոֆեսիոնալ կառավարման նկատմամբ հետաքրքրության աճն արդեն իսկ տեսանելի արդյունք է տալիս, իսկ եկամտաբերության բարձրացումը նույնիսկ 1–2%-ով կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն հաճախորդների, այլև ընդհանուր տնտեսության վրա՝ բիզնեսում ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: