Անցած շաբաթ ԱՄՆ ֆոնդային շուկաները զգալի աճել են ԱՄՆ–Իրան բանակցությունների շուրջ լավատեսության ֆոնին։ Շաբաթական կտրվածքով S&P 500-ն աճել է մոտ 3.36%–ով, Nasdaq-ը՝ 4.44%–ով, իսկ Dow Jones-ը՝ 2.96%–ով։ Չնայած աճին՝ ներդրողները պահպանել են զգուշավորությունը՝ կապված հրադադարի փխրունության և էներգակիրների գների ազդեցությամբ պայմանավորված գնաճային ռիսկերի հետ։
Մերձավոր Արևելքում հնարավոր խաղաղության հաստատման սպասումների ֆոնին անցած շաբաթ եվրոպական ֆոնդային շուկաներում ևս արձանագրվել է աճ։ Շաբաթական կտրվածքով STOXX 600 ինդեքսն աճել է մոտ 3%-ով՝ գրանցելով արդեն երրորդ անընդմեջ շաբաթական աճը։ Աճի կատալիզատորներն են ֆինանսական և տեխնոլոգիական սեկտորները, մինչդեռ աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր թուլացման սպասումների ֆոնին պաշտպանական հատվածն անկում է գրանցել։
Անցած շաբաթ գլոբալ բաժնետոմսային ֆոնդերում ևս արձանագրվել է զգալի ներհոսք։ Շաբաթական կտրվածքով ներդրողները բաժնետոմսային ֆոնդերում ներդրել են շուրջ 23.47 մլրդ դոլար, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ ԱՄՆ ֆոնդերում ներհոսքը կազմել է 9.76 մլրդ դոլար, եվրոպականում՝ 9.1 մլրդ դոլար, իսկ ասիականում՝ մոտ 2 մլրդ դոլար։ Միաժամանակ, ոլորտային մակարդակում ամենամեծ ներդրումներն ուղղվել են տեխնոլոգիական (3.88 մլրդ դոլար), արդյունաբերական (1.36 մլրդ դոլար) և կոմունալ ծառայությունների (530 մլն դոլար) սեկտորներ։ Զուգահեռաբար, պարտատոմսերի ֆոնդերում գրանցվել է 13.87 մլրդ դոլարի ներհոսք, իսկ դրամային շուկայի ֆոնդերը ներգրավել են շուրջ 72.05 մլրդ դոլար։
ԱՄՆ–Իրան բանակցությունները և հնարավոր կայուն հրադադարի սպասումներն ազդել են նաև նավթի գների վրա։ Շաբաթական կտրվածքով Brent նավթի գինը նվազել է մոտ 12.7%–ով՝ հասնելով շուրջ 95.20 դոլար/բարելի, ինչն ամենամեծ շաբաթական անկումն է 2022 թվականից ի վեր։
ԱՄՆ տեխնոլոգիական շուկայում ծրագրային ապահովման սեկտորի անկման միտումը շարունակվում է։ S&P 500 Software and Services ինդեքսը տարվա սկզբից նվազել է մոտ 25.5%–ով, այդ թվում՝ վերջին օրը՝ շուրջ 2.6%–ով։ Անկումը պայմանավորված է վախերով, որ արհեստական բանականության նոր մոդելները կարող են փոխարինել ավանդական ծրագրային լուծումներին և նվազեցնել ոլորտի երկարաժամկետ աճի պոտենցիալը։ Հատկապես Anthropic-ի կողմից ներկայացված նոր հզոր մոդելն ուժեղացրել է այս մտահոգությունները՝ ցույց տալով ինչպես տեխնոլոգիական առաջընթացի արագությունը, այնպես էլ գործող ծրագրային համակարգերի խոցելիությունները։
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ավտոմեքենաների վարձույթի ծառայություններ մատուցող Avis Budget Group, Inc.–ը (CAR)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 41.08%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $299.94)։ Հաջորդը օպտիկական կապի սարքավորումների արտադրությամբ զբաղվող Applied Optoelectronics, Inc.–ն (AAOI) է՝ 40.16% աճով ($150.60)։ Եռյակը եզրափակում է ամպային ենթակառուցվածքների և արհեստական բանականության լուծումների ոլորտում գործող Nebius Group N.V.–ը (NBIS)՝ 28.82% աճով ($144.97)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է բովանդակության առաքման ցանցերի և կիբերանվտանգության լուծումների մատակարար Akamai Technologies, Inc.–ը (AKAM), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 16.66%–ով ($91.35)։ Հաջորդը վարկային գնահատման և վերլուծական ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Fair Isaac Corporation–ը (FICO) է՝ 13.99% անկումով ($922.37)։ Եռյակը եզրափակում է ամպային ծառայությունների և ինտերնետային անվտանգության լուծումների մատակարար Cloudflare, Inc.–ը (NET)՝ 13.50% անկումով ($166.99)։
ԱՄՆ-ում սպառողական վստահությունն ապրիլի սկզբին հասնել է պատմական նվազագույն մակարդակի։ University of Michigan-ի տվյալներով՝ սպառողական վստահության ինդեքսն իջել է մինչև 47.6՝ մարտի 53.3-ի համեմատ։ Միաժամանակ սպառողների շրջանում կտրուկ բարձրացրել են գնաճի սպասումները․ առաջիկա 12 ամիսների համար սպասվող գնաճն աճել է մինչև 4.8% (նախկին 3.8%-ի համեմատ), իսկ երկարաժամկետ՝ մինչև 3.4%։ Վատթարացումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով նավթի գների աճով (ավելի քան 30%) և բենզինի թանկացմամբ, ինչը բացասաբար է ազդել տնային տնտեսությունների ֆինանսական սպասումների վրա։
ԱՄՆ աշխատաշուկայում անցած շաբաթ հարաբերական կայունությունը պահպանվել է՝ չնայած աշխարհաքաղաքական ռիսկերին։ Գործազրկության նպաստի նոր հայտերի թիվն աճել է 16,000-ով՝ հասնելով 219,000-ի, ինչը վկայում է, որ կրճատումների կտրուկ աճ դեռ չի դիտվում։ Միաժամանակ գնաճային ճնշումները շարունակում են ուժեղանալ․ փետրվարին տնային տնտեսությունների սպառման ծախսերի ինդեքսն աճել է 0.4%-ով ամսական և 2.8%-ով տարեկան, իսկ մարտի համար սպասվում է ավելի բարձր՝ մոտ 1% գնաճ։ Էներգակիրների թանկացումը և պատերազմի ազդեցությունը շարունակում են բարձր պահել գնաճի ռիսկերը։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





