Հայաստանը գտնվում է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, և այս եզակի դիրքը թույլ է տալիս բառիս բուն իմաստով ծառայել որպես կամուրջ՝ մայրցամաքների միջև միացնելով շուկաները, գաղափարները, կապիտալը և մարդկային ներուժը: Սակայն, որպեսզի այդ կամուրջը գործի, այն պետք է կառուցված լինի ամուր հիմքի վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Doing Digital Forum 2026-ի ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ կանոնների վրա հիմնված միաբևեռ աշխարհից անցումը ուժին ենթակա բազմաբևեռ աշխարհի տրանսֆորմացնում է գլոբալ աշխարհաքաղաքականությունը: Գնաճն ամբողջ աշխարհում կրկին թափ է հավաքում, պետական պարտքը, հատկապես զարգացած տնտեսություններում, հասել է աննախադեպ մակարդակների, և դեռևս չկա դրա կարգավորման վստահելի ուղի, նշել է Գալստյանը:
«Այս բոլոր ուժերը միասին տնտեսական քաղաքականություն մշակողների համար ձևավորում են սերնդափոխության մասշտաբի փոփոխություններ՝ անցում նոր գլոբալ կարգի, որն ավելի մասնատված է, ավելի անորոշ և ավելի փոփոխական, քան երբևէ վերջին յոթ տասնամյակների ընթացքում», - հայտարարել է նա:
Սակայն, շարունակել է Գալստյանը, ներկա ժամանակաշրջանը ոչ միայն ռիսկեր է պարունակում, այլև հնարավորություններ նրանց համար, ովքեր դրել են ճիշտ հիմքեր: Նա ընդգծել է, որ դա կախված կլինի երկու գործոնից, որոնք ընկած են Հայաստանի ռազմավարական ուժի հիմքում՝ մակրոտնտեսական կայունության ամուր հիմքերի ստեղծում և ֆինանսական ու թվային այնպիսի ճարտարապետության ձևավորում, որը թույլ կտա առավելագույնս օգտագործել այդ հնարավորությունները:
«Չնայած վերջին տարիների լուրջ մարտահրավերներին, Հայաստանը ցուցադրել է կայուն տնտեսական աճ՝ զուգորդված կայուն գնաճով: Ֆինանսական կայունության տեսանկյունից երկրի բանկային համակարգն ունի բավարար կապիտալիզացիա և իրացվելիության բուֆերներ, իսկ գնաճի մակարդակը պատմականորեն մնում է ցածր: Սա արտացոլում է տնտեսական քաղաքականության շրջանակների և ինստիտուցիոնալ կարողությունների մեջ կատարված հետևողական ներդրումները, որոնք թույլ կտան պահպանել մակրոտնտեսական կայունությունը՝ անկախ ապագա մարտահրավերներից: Սա այն հիմքն է, որի վրա մենք մտադիր ենք կառուցել մնացած ամեն ինչ», - նշել է Գալստյանը:
Երկրորդ հրամայականը ճիշտ ֆինանսական և թվային ճարտարապետության ու ենթակառուցվածքների կառուցումն է, որոնք կխթանեն մասնավոր հատվածի նորարարությունները և Հայաստանը կդիրքավորեն որպես իրական կամուրջ շուկաների ու մայրցամաքների միջև, նշել է Գալստյանը: Կենտրոնական բանկը, շարունակել է նա, կառավարության և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությամբ, գտնվում է Հայաստանում թվային հասարակության և տնտեսության ստեղծման առաջնագծում, որոնք հիմնված են թվային նույնականացման, կիբերանվտանգության, տվյալների փոխգործելիության և կայուն կառավարման վրա: ԿԲ նախաձեռնությունները ներառում են թվային ֆինանսական ենթակառուցվածքների ողջ սպեկտրը, այդ թվում՝ իրական ժամանակում վճարումները, ակնթարթային համակարգերը, վերջնահաշվարկների և վճարումների արդիականացված համակարգերը, բաց բանկինգը և ֆինանսական ներառականությունը թերսպասարկվող հատվածների համար:
Միևնույն ժամանակ, նորարարությունները երբեք չպետք է լինեն անվտանգության և սպառողների պաշտպանության հաշվին, նշել է նա: «Ֆինանսական ծառայություններում նորարարությունների նկատմամբ մեր մոտեցումը պետք է լինի համակարգային, ինստիտուցիոնալ և հեռանկարային: Կրիպտոարժույթների կարգավորման մասին վերջերս մեր ընդունած օրենքը, որը մեծապես համապատասխանում է Եվրոպական միության շրջանակներին, ընդգծում է մեր հանձնառությունը՝ սահմանելու «ոսկե հավասարակշռություն» սպառողների պաշտպանության և նորարարությունների միջև: Կարգավորման շեշտադրումը ֆինանսական, այլ ոչ թե տեխնոլոգիական հատվածի վրա է՝ ապահովելով նոր տեխնոլոգիաների անվտանգ, արդյունավետ և թափանցիկ ինտեգրումը», - եզրափակել է նա:






