Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը կտրուկ ցնցում է առաջացրել համաշխարհային շուկաներում․ նավթի գները թռիչքային աճ են գրանցել, դոլարը ամրապնդվել է, իսկ բաժնետոմսերը՝ նվազել։ Brent տեսակի նավթը թանկացել է 9%-ով և հասել շուրջ 79 դոլարի մեկ բարելի դիմաց՝ գրանցելով 2020թ․-ից ի վեր ամենամեծ մեկօրյա աճը։ Ներդրողները մտահոգված են, որ Հորմուզի նեղուցով անցնող մատակարարումների խափանումը կարող է խաթարել համաշխարհային տնտեսության վերականգնումը և վերակենդանացնել գնաճային ճնշումները։
ԱՄՆ–Իսրայել հարվածների ընդլայնումը Իրանի դեմ ուժեղացրել է աշխարհաքաղաքական լարվածությունն ու ներդրողների «փախուստը» դեպի ապահով ակտիվներ։ Սա հանգեցրել է ոսկու գների՝ ավելի քան 2%-ով աճի՝ հասնելով շուրջ 5,389 դոլարի մեկ ունցիայի դիմաց։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ լարվածության շարունակական խորացումը կարող է պահպանել ոսկու աճի միտումը, հատկապես նավթի բարձր գների և գնաճային ռիսկերի ֆոնին։
Եվրոպական բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին։ STOXX Europe 600-ը նվազել է 1.5%-ով՝ հասնելով երկու շաբաթվա նվազագույնին, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հիմնական ինդեքսները նույնպես զգալի կորուստներ են կրել։ Ամենախոշոր կորուստը գրանցել են բանկերի և ավիաընկերությունների բաժնետոմսերը: HSBC-ի, Barclays-ի և Standard Chartered-ի բաժնետոմսերը նվազել են մինչև 5%, իսկ Lufthansa-ն կորցրել է մինչև 11%։
Մեծ Բրիտանիայի ֆոնդային շուկաները նույնպես երկուշաբթի անկում են ապրել։ FTSE 100-ը նվազել է 1%-ով, իսկ FTSE 250-ը՝ 1.3%-ով։ Թեև էներգետիկ և պաշտպանական ընկերությունները, ինչպիսիք են Shell-ը և BAE Systems–ը, աճ են գրանցել, բանկային և զբոսաշրջային հատվածները կրել են զգալի կորուստներ: Նավթի թանկացումը մեծացրել է գնաճի տեմպի մեծացնան շուրջ մտահոգությունները և նվազեցրել է առաջիկայում Bank of England-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատման հավանականությունը։
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ֆինանսական տեխնոլոգիաների և թվային վճարային ենթակառուցվածքների ոլորտում գործող Circle Internet Group, Inc.–ը (CRCL)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 32.40%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $83.44)։ Հաջորդը չափման և էլեկտրոնային թեստավորման սարքավորումների արտադրությամբ զբաղվող Keysight Technologies, Inc.–ն (KEYS) է՝ 26.19% աճով ($307.33)։ Եռյակը եզրափակում է մեդիա և ժամանցային ոլորտում գործող Paramount Skydance Corporation–ը (PSKY)՝ 26.14% աճով ($13.51)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է դեղագործական հսկա Novo Nordisk A/S–ը (NVO), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 21.02%–ով ($37.45)։ Հաջորդը արևային էներգետիկայի ոլորտում գործող First Solar, Inc.–ն (FSLR) է՝ 18.47% անկումով ($197.20)։ Եռյակը եզրափակում է տեսահաղորդակցման և առցանց հանդիպումների հարթակ Zoom Communications, Inc.–ը (ZM)՝ 18.11% անկումով ($73.94)։
ԱՄՆ-ում արտադրական գների աճի տեմպը հունվարին սպասվածից ավելին է եղել՝ մեծացնելով սպասումները, որ Դաշնային պահուստային համակարգը մինչև հունիսի նիստը չի վերսկսի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը։ Արտադրական գների ինդեքսը (PPI) ամսական կտրվածքով աճել է 0.5%-ով՝ գրանցելով վերջին ավելի քան երեքուկես տարվա ամենամեծ աճերից մեկը։ Տարեկան կտրվածքով հիմնական արտադրական գնաճը հասել է 3.6%-ի։
Եվրագոտու արդյունաբերական հատվածը փետրվարին աճել է վերջին գրեթե չորս տարվա ամենաարագ տեմպերով՝ նոր պատվերների վերականգնման և արտադրության աճի շնորհիվ։ S&P Global-ի կազմած HCOB արտադրական PMI ինդեքսը բարձրացել է մինչև 50.8՝ անցած տարվա օգոստոսից ի վեր առաջին անգամ անցնելով 50 միավորի շեմը։ Վերականգնումը գլխավորել է Գերմանիան։ Իտալիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Հունաստանը նույնպես գրանցել են կայուն աճ։ Չնայած գնաճային ճնշումներին՝ բիզնես վստահությունը հասել է չորս տարվա առավելագույնին։
2026 թվականի մարտի 2-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027թ. մարտի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 9,8 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.4 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 6.9 տոկոս:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





