Անցած շաբաթ ԱՄՆ ֆոնդային շուկաներում արձանագրվել են նոյեմբերից ի վեր ամենախոշոր շաբաթական անկումները. S&P 500 ինդեքսը նվազել է 1.39%-ով, Nasdaq-ը՝ 2.1%-ով, իսկ Dow Jones-ը՝ 1.23%-ով։ Շուկաների հետընթացն այս շաբաթ ևս պայմանավորված էր արհեստական բանականության շուրջ մտահոգություններով։


Առաջատար տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերն այս տարի զգալի անկում են ապրել՝ ներդրողների աճող կասկածների ֆոնին, թե արդյոք արհեստական բանականության վրա կատարվող հսկայական ծախսերն արդարացված են։ Microsoft-ի բաժնետոմսերը տարեսկզբից նվազել են շուրջ 17%-ով՝ կամ 613 մլրդ դոլարով, իսկ Amazon-ը կորցրել է մոտ 13.9% կամ 343 մլրդ դոլար՝ կապիտալ ծախսերի կտրուկ աճի սպասումների պատճառով։ Նույն ժամանակահատվածում Apple–ը, Alphabet–ը և Nvidia-ն նույնպես շուկայական արժեքի նվազում են գրանցել։


Եվրոպական ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են պատմական բարձր մակարդակում․ STOXX 600 համաեվրոպական ինդեքսը 0.1% աճ է գրանցել՝ հիմնականում հումքային և էներգետիկ հատվածների ուժեղ դինամիկայի հաշվին, որոնք փոխհատուցել են տեխնոլոգիական և ֆինանսական բաժնետոմսերի անկումը։ Ներդրողների տրամադրությունների վրա ազդել են նաև ԱՄՆ-ում զբաղվածության մակարդակի սպասվածից լավ տվյալները, որոնք խոսում են տնտեսության կայունության մասին։


Pinterest սոցիալական մեդիա հարթակի բաժնետոմսերը կտրուկ՝ շուրջ 21%-ով նվազել են՝ հասնելով 2020 թ. համավարակի ժամանակների նվազագույնին, քանի որ արհեստական բանականության գործիքները «սպառնում են» շուկան փոխել, իսկ հարթակի հաջորդ գովազդատուները նվազեցնում եմ գովազդի ծախսերը։


Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Rivian-ի բաժնետոմսերը ուրբաթ օրը 25% աճ են գրանցել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ ավելի մատչելի R2 մոդելների գործարկումը կարող է այս տարի զգալիորեն մեծացնել պահանջարկը։


Չիպերի արտադրության սարքավորումների արտադրությամբ զբաղվող Applied Materials-ի բաժնետոմսերն ուրբաթ օրն աճել են 11%-ով այն բանից հետո, երբ հրապարակվել են ընկերության՝ սպասվածից ավելի դրական եռամսյակային կանխատեսումներ՝ պայմանավորված ԱԲ ոլորտում արագ աճող ծախսերով և հիշողության սարքերի ոլորտում մրցակցության աճով։


Եվրոպական և ասիական բաժնետոմսերի ֆոնդերը շաբաթն ավարտել են մեծ ներհոսքով, քանի որ ներդրողները նվազեցրել են ԱՄՆ-ի խոշոր՝ հատկապես տեխնոլոգիական հատվածի բաժնետոմսերի ֆոնդերում ներդրումները։ Ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերից արձանագրվել է $1.42 մլրդի արտահոսք։ Բարելավվել են նաև գլոբալ պարտատոմսային ֆոնդերի ներհոսքերը՝ մոտ $21.1 մլրդ։


Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ավտոպահեստամասերի և ինժեներական լուծումների արտադրությամբ զբաղվող Magna International Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 27.23%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $68.73)։ Հաջորդը էներգետիկ գեներատորների և պահուստային էներգամատակարարման համակարգերի արտադրությամբ զբաղվող Generac Holdings Inc.–ն է՝ 22.30% աճով ($224.45)։ Եռյակը եզրափակում է առաջադեմ և հատուկ ֆունկցիոնալ քիմիական նյութերի մշակմամբ ու արտադրությամբ զբաղվող Solstice Advanced Materials, Inc.–ը՝ 20.73% աճով ($78.22)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է տվյալների կենտրոնների և բարձր արագությամբ միակցման չիպերի մշակմամբ զբաղվող Astera Labs, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 23.86%–ով ($129.32)։ Հաջորդը սոցիալական մեդիայի և տեսողական բովանդակության փոխանակման հարթակ Pinterest, Inc.–ն է՝ 21.33% անկումով ($15.42)։ Եռյակը եզրափակում է կլինիկական հետազոտությունների և դեղագործական փորձարկումների ծառայություններ մատուցող Medpace Holdings, Inc.–ը՝ 21.03% անկումով ($428.03)։


Հունվար ամսվա աշխատաշուկայի դրական պատկերի ֆոնին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հավանաբար առաջիկայում  վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումներ չի իրականացնի։ Հունվարին ԱՄՆ-ում 130,000 նոր աշխատատեղ է ստեղծվել, ինչը գերազանցել է տնտեսագետների կանխատեսումները, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 4.4%-ից՝ հասնելով 4.3%-ի։


Հունվարին ԱՄՆ-ում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ սպասվածից քիչ՝  0.2% աճ են գրանցել՝ հիմնականում բենզինի և վարձակալության գների նվազման հաշվին։ Տարեկան կտրվածքով սպառողական գների ինդեքսն աճել է 2.4%-ով։


2026 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 20 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2030թ. ապրիլի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 75.4 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 103.5 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.6 տոկոս:


2026 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. նոյեմբերի 30–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 10.9 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.8 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 94.9 տոկոս:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։