Ամբողջ աշխարհում մարտկոցներն ու կուտակիչները վաղուց համարվում են վտանգավոր թափոններ. դրանք պարունակում են ծանր մետաղներ և թունավոր նյութեր, որոնք չի կարելի պարզապես նետել աղբը: Հայաստանում, սակայն, նման թափոնների հետ վարվելու կանոնների մասին իրազեկվածությունը մնում է ցածր, և հաճախ օգտագործված մարտկոցները հայտնվում են հենց աղբամանում: Իսկ նրանք, ովքեր տեղյակ են ռիսկերից, հաճախ չգիտեն, թե ուր հանձնեն դրանք, որպեսզի չխախտեն օրենքը և չվնասեն շրջակա միջավայրը:
Հայաստանում գործող օրենսդրությունը հաշվի է առնում այն վտանգը, որ մարտկոցներն ու կուտակիչները ներկայացնում են էկոլոգիայի համար, ուստի սահմանում է, որ նման թափոնների հետ վարվելը ենթակա է պարտադիր լիցենզավորման: Հետևաբար, դրանք հավաքել, պահպանել և վերամշակել կարող են միայն պետության կողմից հատուկ թույլտվություն ստացած կառույցները:
Սակայն սրան զուգահեռ՝ երկար ժամանակ երկրում փաստացի գոյություն չուներ մարտկոցներ հանձնելու՝ քաղաքացիների համար հասանելի համակարգ: Կանոնը հայտնվեց ավելի շուտ, քան ենթակառուցվածքը: Արդյունքում ստեղծվեց աբսուրդային իրավիճակ. մարտկոցները աղբը նետելը էկոլոգիապես արգելված է, առանձին հավաքելը՝ իրավաբանորեն արգելված, իսկ հանձնելու տեղ չկա:
Այս բացը լրացնելու փորձ կատարեցին բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Մի քանի տարի առաջ Green Green-ի ակտիվիստները մարտկոցների հավաքման ակցիա սկսեցին, տեղադրեցին կոնտեյներներ և իրազեկման արշավներ իրականացրին: Սա նման էր ցանկացած եվրոպական երկրի բնականոն գործելակերպի:
Սակայն Հայաստանում նախաձեռնությունն ավարտվեց տուգանքով: Green Green բնապահպանական կազմակերպությունը պատժվեց 555 հազար դրամով՝ առանց լիցենզիայի վտանգավոր թափոններ հավաքելու համար, իսկ հավաքված մարտկոցները առգրավվեցին: Դատարանը հաստատեց. նույնիսկ եթե նպատակը շրջակա միջավայրի պաշտպանությունն է, առանց թույլտվության գործել չի կարելի: Այս նախադեպը ազդակ դարձավ ողջ քաղաքացիական հատվածի համար. բնապահպանական ակտիվությունը առանց լիցենզիայի իրավախախտում է:
2024 թվականից Հայաստանում գործարկվեց օգտագործված մարտկոցների և կուտակիչների հավաքման համակարգ: Ընդունման կետերը տեղադրված են Երևանի Vega ցանցի բոլոր խանութներում, իսկ նախագիծը նախատեսվում է ընդլայնել նաև երկրի այլ քաղաքներում: Ընդունվում են կենցաղային մարտկոցների և կուտակիչների մեծ մասը՝ ստանդարտ AA-ից մինչև հեռախոսների և նոութբուքերի լիթիում-իոնային մարտկոցները: Չեն ընդունվում ավտոմեքենայի կուտակիչները, էլեկտրոնային սիգարետները և այն սարքերը, որոնցից մարտկոցը հանված չէ:
Ընկերությունը պարզաբանում է, որ հավաքված մարտկոցները տեսակավորվում և պահվում են լիցենզավորված տարածքում մինչև վերամշակման համար բավարար ծավալի կուտակումը: Այս պահին Vega-ն միակ ընկերությունն է երկրում, որն ունի վտանգավոր թափոնների հավաքման, պահպանման և վերամշակման լիցենզիա:
Բայց այստեղ էլ կան դժվարություններ. ոչ բոլորը գիտեն համակարգի գոյության մասին, իսկ Vega խանութները տեղակայված են ոչ բոլոր քաղաքներում: Այսօր մարտկոցներ կարելի է օրինական հանձնել Երևանում, ինչպես նաև Գավառում, Իջևանում, Մեղրիում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում, Մասիսում, Հրազդանում, Տաշիրում և Սպիտակում: Այլ քաղաքների բնակիչները, օրինակ՝ Աշտարակի, ստիպված են կա՛մ խախտել օրենքը, կա՛մ ամեն անգամ մեկնել Երևան, քանի որ դրանք տանը հավաքելը արդեն համարվում է վտանգավոր թափոնների պահպանում և արգելված է օրենքով:
Արդյունքում երկրի յուրաքանչյուր բնակիչ ստիպված է ընտրություն կատարել՝ խախտել օրենքը՝ մարտկոցը նետելով աղբը, թե՞ հատուկ ուղևորություն կազմակերպել դեպի մոտակա ընդունման կետ: Եվ քանի դեռ ենթակառուցվածքը չի տարածվել ողջ երկրով մեկ, հոգատարությունը էկոլոգիայի հանդեպ ավելի շատ կմնա չինովնիկների կանոններով խաղ, քան հենց մարդկանց գործը:






