2025թ. սեպտեմբերի 8-12-ը Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կանցկացվի 4-րդ Բյուրականյան տարածաշրջանային ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» խորագրով (4RASS)։

Դպրոցը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համագործակցությամբ։

Դպրոցի մասնակից ուսանողները հնարավորություն կունենան՝

  • Լսել դասախոսություններ աշխարհահռչակ գիտնականների կողմից
  • Իրականացնել դիտումներ ԲԱ-ի 2.6 մ խոշորագույն և 1 մ տրամագծով աստղադիտակներով,
  • Մասնակցել գործնական սեմինարների՝ տվյալների մշակման, վիճակագրության,
  • Ծանոթանալ աստղագիտական դիտումների շտեմարաններին, արխիվներին և Վիրտուալ աստղադիտարանի (VO) գործիքներին։

Դպրոցը ներառում է աստղագիտության և տվյալագիտության ոլորտի հիմնական ուղղություններ՝ դիտողական աստղագիտությունից և տվյալների վերլուծությունից մինչև մեծ տվյալների կիրառություն, աստղագիտական շտեմարանների և Վիրտուալ աստղադիտարանների օգտագործում, ինչպես նաև գիտական գրագրության հմտությունների զարգացում։

Դասախոսների շարքում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝

  • Չենզու Սուի (Չինաստան)
  • Միշել Դեննեֆելդ (Ֆրանսիա)
  • Լեքս Կապեր (Նիդերլանդներ)
  • Յոհան Կնապեն (Իսպանիա)
  • Աշիշ Մահաբալ (ԱՄՆ)
  • Ռայներ Շպուրցեմ (Գերմանիա/Չինաստան)

և այլ հրավիրված առաջատար մասնագետներ:

Դպրոցին այս տարի մասնակցում են 37 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ աշխարհի 8 երկրից՝ Հայաստան, Իրան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ղազախստան, Լեհաստան և Եթովպիա։

Բյուրականյան տարածաշրջանային ամառային դպրոցների շարքը մեկնարկել է 2019թ․՝ կազմակերպվելով երկու տարին մեկ անգամ, իսկ զույգ տարիներին ԲԱ-ն հյուրընկալում է միջազգային ամառային դպրոցներ՝ սկսած 2006 թվականից։