Huawei ընկերությունը պատրաստվում է փորձարկել արհեստական բանականության (AI) ուսուցման համար նախատեսված նոր Ascend 910D պրոցեսորը: Ընկերությունը հույսեր է փայփայում, որ այս չիպը կկարողանա մասամբ փոխարինել ամերիկյան Nvidia-ի բարձրարտադրողական լուծումները Չինաստանի ներքին շուկայում: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը: 

Աղբյուրների տվյալներով՝ Huawei-ն արդեն բանակցություններ է վարում չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ կապված նոր AI-պրոցեսորի փորձարկումների հարցում: Ակնկալվում է, որ չիպի առաջին նմուշները փորձարկման համար հասանելի կլինեն մայիսի վերջին: Մշակումը գտնվում է վաղ փուլում, և դրա արտադրողականությունը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ կլինի մի շարք թեստեր: Այնուամենայնիվ, Huawei-ն հույս ունի, որ Ascend 910D-ն կգերազանցի Nvidia H100-ի հնարավորությունները, որը լայնորեն օգտագործվում է ԱԲ  համակարգերի ուսուցման համար:

Այս զարգացումները տեղի են ունենում ԱՄՆ-ի՝ Չինաստան Nvidia-ի առաջատար չիպերի (օրինակ՝ H20 մոդելի) մատակարարումները սահմանափակելու ֆոնին: Այդ արգելքերը լրացուցիչ հնարավորություններ են ստեղծել Huawei-ի և այլ տեղական արտադրողների համար, որոնք, չնայած պատժամիջոցներին, շարունակում են ամրապնդել Չինաստանի դիրքերը կիսահաղորդչային արդյունաբերությունում: Huawei-ն դարձել է Nvidia-ի չիպերի տեղական անալոգների ստեղծման առաջատարներից մեկը և արդեն ցույց է տվել ամերիկյան արգելքները շրջանցելու ունակություն՝ թողարկելով Mate 60 ֆլագմանական սմարթֆոնը՝ չինական պրոցեսորի հիման վրա: Այս սարքի շնորհանդեսը 2023 թվականին, որը համընկավ ԱՄՆ-ի առևտրի նախկին նախարար Ջինա Ռայմոնդոյի այցին Չինաստան, զգալի անհանգստություն առաջացրեց Վաշինգտոնում:

2024 թվականին Huawei-ն նախատեսում է առաքել ավելի քան 800,000 նախորդ սերնդի Ascend չիպեր (910B և 910C մոդելներ) խոշոր պետական հեռահաղորդակցական ընկերություններին և AI-ի մասնավոր մշակողներին, այդ թվում՝ TikTok-ի սեփականատեր ByteDance-ին: Nvidia H20-ի մատակարարումների սահմանափակումներից հետո այս հաճախորդներից ոմանք արդեն քննարկում են Ascend 910C-ի պատվերների ծավալների ավելացման հնարավորությունը:

Չնայած չինական չիպերն առանձին դեռ կարող են մի քանի տարով հետ մնալ արևմտյան անալոգներից, Huawei-ն և այլ տեղական արտադրողներ ակտիվորեն փնտրում են համակարգերի ընդհանուր արտադրողականությունը բարձրացնելու ուղիներ, օրինակ՝ բազմաթիվ չիպերի միավորումով: Օրինակ է ապրիլին ներկայացված CloudMatrix 384 հաշվարկային համակարգը, որը, ըստ վերլուծաբանների, որոշ առաջադրանքներում կարող է նույնիսկ գերազանցել Nvidia-ի ֆլագմանական լուծումները՝ չնայած հնարավոր բարձր էներգաարդյունավետությանը:

Փորձագետները նշում են, որ նույնիսկ եթե Huawei-ի գրաֆիկական պրոցեսորի արտադրողականությունը առանձին վերցրած զիջում է Nvidia-ի նորագույն մոդելներին, համակարգում օգտագործվող չիպերի ընդհանուր քանակը կարող է փոխհատուցել այդ տարբերությունը: Վերլուծաբանները նաև ճանաչում են էներգաարդյունավետության հետ կապված խնդիրների առկայությունը, բայց կարծում են, որ դրանք չինացիների ներկա առաջնահերթությունների համար կրիտիկական չեն: