Կառավարությունն այսօր հաստատեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-ամյա ծրագիրը, քանի որ գործող կարգավորումների ժամկետը լրացել է հունվարի 1-ից:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ աջակցության ծրագրերը վերաբերում են որոշակի ոլորտներում եկամտահարկի 50-60 տոկոսի չափով աջակցությանը:

Նախորդ տարիներին, ըստ նախարարի, Կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, իսկ այս օրենքի հիմքում դրվել է առհասարակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը: Նա նաև թվարկեց, թե ինչպիսի գործունեությամբ զբաղվող ընկերություններն են այս նախագծի շահառուները:

«Դրանք էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների արտադրություն, կապի սարքավորանքի արտադրություն, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ գործիքների արտադրություն, ճառագայթահարող էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն, օպտիկական գործիքների, լուսանկարչական սարքավորանքի արտադրություն, մագնիսական եւ օպտիկական  տեղեկատվական կրիչների արտադրություն, շարժիչների, տուրբինների՝ բացառության ավտոմեքենաների օդագնացական արտադրության, հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների  համար էլեկտրական եւ  էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, օդանավերի, տիեզերանավերի արտադրություն, այլ թռչող սարքերի արտադրություն, օդանավերի, տիեզերանավերի, այլ թռչող սարքերի համար մասերի, լրամասերի արտդրություն, մարտական մեքենաների արտադրություն, համակարգչային խաղերի հրատարակություն, այլ համակարչային ծրագրերի հրատարակություն, ծրագրային ապահովման մշակում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում, մշակում, խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային  տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն, տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում, օպերատիվ ռեժիմում ծրագրային  ապահովմանն առնչվող  սպասարկման ծառայություններ, վեբ-պորտալների հետ կապված  գործողություններ, ինտեգրալային սխեմաների  նախագծում եւ թեստավորում, գիտական հետազոտություն եւ փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում, նույնը բնական գիտությունների, տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում եւ հասարակական հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտությունների մասով»: