Միջազգային հետազոտողների խումբը վերլուծել է Տիեզերքի հնարավոր ձևերը և եզրակացրել, որ դրա կառուցվածքը կարող է լինել շատ ավելի բարդ, քան մեզ հայտնի եռաչափ տարածությունը, հայտնում է The Conversation պորտալը։
Ի՞նչ ձև կարող է ունենալ Տիեզերքը
Առաջին հայացքից թվում է, թե տարածությունն անվերջ է և ձգվում է բոլոր ուղղություններով։ Սակայն գիտնականները քննարկում են մի քանի տարբերակ. հնարավոր է, որ Տիեզերքը փակ է, հիշեցնում է գունդ, «բուբլիկ» կամ նույնիսկ ավելի բարդ բազմաչափ կառուցվածքներ։
Գիտության պատմությունը ցույց է տալիս, որ մեր պատկերացումները աշխարհի մասին կարող են սխալ լինել։ Երբևէ մարդիկ մտածում էին, որ Երկիրը հարթ է, սակայն հետագայում պարզվեց, որ այն գնդաձև է։ Նույնը կարող է վերաբերվել Տիեզերքին. ժամանակակից հետազոտությունները կարող են ամբողջությամբ փոխել մեր ընկալումն առկա տարածության վերաբերյալ։
Լրացուցիչ չափումներ և տարածության տոպոլոգիա
Ֆիզիկոսները Տիեզերքի կառուցվածքը հասկանալու համար օգտագործում են երկրաչափական տոպոլոգիան։ Որոշ տեսություններ, օրինակ՝ լարային տեսությունը, ենթադրում են, որ տարածությունը կարող է ներառել լրացուցիչ չափումներ, որոնք դուրս են գալիս սովորական երեք տարածական և մեկ ժամանակային չափումների սահմաններից։
Գիտնականները վերլուծում են գալակտիկաների բաշխվածությունը, ուսումնասիրում ռելիկտային ճառագայթումը և մոդելավորում հնարավոր տոպոլոգիական ձևերը։ Այս ուսումնասիրությունները կօգնեն պարզել, թե Տիեզերքը անվերջ է, փակ, թե ունի յուրահատուկ երկրաչափական հատկություններ։
Չնայած գիտության առաջընթացին, Տիեզերքի իրական ձևը դեռևս մնում է առեղծված։ Սակայն ժամանակակից հայտնագործությունները մեզ մոտեցնում են մարդկության ամենակարևոր հարցերից մեկի պատասխանին՝ ի՞նչ կառուցվածք ունի այն տարածությունը, որտեղ մենք ապրում ենք։






