Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է դեղերի մանրածախ գլոբալ վաճառքով զբաղվող Walgreens Boots Alliance ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 23.79%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 11.76 դոլարի։ Շաբաթվա գեյներներից հաջորդը Constellation Energy Corporation–ն է: Ամերիկյան էներգետիկ ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 20.92%–ով՝ հասնելով 305.19 դոլարի։ Խոշոր կապիտալիզայիով ընկերությունների գեյներների եռյակը եզրափակում է FTAI Aviation ընկերությունը՝ 14.96% աճով։ Ավիացիոն ծառայություններ մատուցող ամերիկյան ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 174.02 դոլար։ Անցած շաբաթվա լուզերների՝ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Mobileye Global–ը։ Ինքնավար ավտոմեքենաների տեխնոլոգիաներում մասնագիտացած ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 27.88%–ով եւ այժմ կազմում է 15.65 դոլար։ Հաջորդը Edison International–ն է։ Էլեկտրաէներգիա մատակարարող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 18.55%–ով եւ հասել 65.00 դոլարի։ Շաբաթվա լուզերների եռյակը եզրափակում է Constellation Brands–ը։ Ոգելից խմիչքների հայտնի բրենդեր արտադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 18.07%–ով եւ կազմում է 181.81դոլար։
2025–ին տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի 25% աճ է կանխատեսվում. «Ներդրողի բրիֆ 14.01.25»
Հունվարի 10–ին ԱՄՆ բաժնետոմսերի գները նվազել են։ Բոլոր հիմնական ֆոնդային ինդեքսները երկրորդ շաբաթն անընդմեջ անկում են գրանցել: Dow Jones-ը նվազել է 696 միավորով, S&P 500-ը՝ 91 միավորով, իսկ Nasdaq-ը՝ 317 միավորով: 30-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչև 5%՝ 2023 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշը: S&P 500-ում ներառված բոլոր ոլորտների բաժնետոմսերի մեծ մասը նվազել են, բացառությամբ էներգետիկայի, որը մի փոքր աճել է: Ընդհանուր առմամբ ավելի շատ բաժնետոմսեր էժանացել են, քան թանկացել, իսկ առևտրի ծավալը սովորականից բարձր է եղել:
ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության նոր աճը ցնցում է առաջացրել թրեյդերների շրջանում։ Համաշխարհային արժեթղթերի շուկաները երկուշաբթի՝ հունվարի 13–ին, շարունակել են մեծացնել կորուստները։ S&P 500-ի ֆյուչերսների անկումը կազմել է 0,7%, Nasdaq 100-ինը՝ 1,1%: Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ Tesla–ի, Palantir–ի և Nvidia–ի բաժնետոմսերը նախաշուկայական առևտրի լուզերների առաջատարների թվում էին: Եվրոպական բաժնետոմսերը 0,7% անկում են գրանցել։ Գանձապետական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունն ավելի է բարձրացել՝ հասնելով 14 ամսվա առավելագույնին, այս տարվա ընթացքում աճը հասցնելով 15 բազիսային կետի։ Պարտատոմսերի շուկայի որոշ փորձագետներ կանխատեսում են, որ 10–ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն այս տարի կարող է հասնել 5%-ի: Երեսուն տարեկան փոխառություների ծախսերը մի փոքր են ցածր հոգեբանական 5% շեմից։ Քանի դեռ ԱՄՆ ֆիքսված եկամտի շուկան չի կայունացել, բաժնետոմսերի շուկայի համար դժվար կլինի վերականգնվել՝ կարծում են տնտեսագետները։
Համաշխարհային առաջատար 25 բանկերի շուկայական արժեքը 2024 թվականին աճել է 27,1%-ով՝ հասնելով 4,6 տրլն դոլարի 4-րդ եռամսյակի վերջում՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս աճը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմամբ։ JPMorgan Chase-ը շուկայական արժեքով մնացել է աշխարհի խոշորագույն բանկը՝ աճելով 37,2%-ով եւ հասնելով 674,9 մլրդ դոլարի։ Goldman Sachs-ը գրանցել է ուշագրավ՝ 42,9% աճ՝ 13-րդից բարձրանալով 9–րդ տեղ։ Մյուս կողմից, TD Bank-ը գրանցել է շուկայական արժեքի 20,1% անկում՝ մինչև 93,1 մլրդ դոլար։ Չինական առաջատար չորս բանկերը՝ ICBC-ն, Bank of China-ն, Agricultural Bank of China-ն և China Construction Bank-ը, շուկայական արժեքի 30%-40% աճ են գրանցել, ինչը պայմանավորված էր 2024-ի սեպտեմբերին Չինաստանի հայտարարած խթանման փաթեթով։
Ակնկալվում է, որ «Հրաշալի յոթնյակի» ընկերությունների բաժնետոմսերը, որոնք 2024 թվականին նպաստել էին S&P 500-ի աճին, այս տարի էլ կշարունակեն աճել, հատկապես նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից: Թրամփի՝ հարկային քաղաքականությունը փոխելու և արհեստական բանականության մեջ մեծ ներդրումներ կատարելու ծրագրերը դրական ակնկալիքներ են ձեւավորել ֆոնդային շուկայի համար: Դեն Այվսը Wedbush-ից կարծում է, որ տեխնոլոգիական բաժնետոմսերը, ինչպիսիք են Nvidia-ն, Microsoft-ը, Tesla-ն և Alphabet-ը, լավ կդրսևորեն իրենց նաեւ 2025 թվականին: Նա կանխատեսում է տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի 25% աճ: Big Tech ընկերությունները արդեն սկսել են հարմարվել ամերիկյան նոր վարչակազմին: Meta-ն դադարեցնում է փաստերի ստուգման իր ծրագիրը, իսկ Microsoft-ը, Alphabet-ը, Amazon-ը խոշոր նվիրատվություններ են կատարել Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Այնուամենայնիվ, սպասվում է, որ ոչ բոլոր տեխնոլոգիական ընկերությունները կշահեն: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Apple-ը կարող է մարտահրավերների առաջ կանգնել սակագների պատճառով, մասնավորապես՝ իր ապարատային արտադրանքի հետ կապված: Որոշ վերլուծաբաններ նաև զգուշացնում են, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Dell-ը, HP-ն և Logitech-ը, որոնք ապավինում են Չինաստանին, խնդիրներ կունենան, եթե Թրամփը որոշի վերադարձնել ներմուծման մաքսատուրքերը:
ԱՄՆ ֆոնդային բորսաները, երկամյա ուժեղ աճից հետո կանգնած են մեծ փորձության առջեւ, քանի որ ընկերությունները սկսում են հրապարակել իրենց եռամսյակային եկամուտները: Ներդրողները մեծ ակնկալիքներ ունեն ըկերությունների եկամուտների հետ կապված: 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսում են S&P 500–ի շահույթի 7,3% աճ, այնուամենայնիվ, եթե ընկերությունները չկարողանան բավարարել այդ ակնկալիքները, դա կարող է վնասել ֆոնդային շուկային:
ԱՄՆ-ում աշխատատեղերի լավ ցուցանիշները խորացրել են գնաճի վերաբերյալ մտահոգությունները: Զեկույցը ցույց է տվել, որ նոր աշխատատեղերի աճը սպասվածից ավելին է եղել՝ մոտ 260,000, իսկ գործազրկության մակարդակը՝ սպասվածից ավելի ցածր, ինչը կարող է հանգեցնել գների աճի։ Սա ներդրողների շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Դաշնային պահուստային համակարգը կարող է չնվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի վերահսկի գնաճը, ինչը կվնասի բաժնետոմսերի գներին: Ներդրողներն ակնկալում էին, որ Դաշնային պահուստային համակարգը կսկսի նվազեցնել տոկոսադրույքը մայիս–հունիսին, բայց այժմ նրանք այնքան էլ վստահ չեն դրանում։ Որոշ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում են տոկոսադրույքի բարձրացման հնարավորությունը, ինչը անհավանական կթվար մի քանի ամիս առաջ, երբ ակնկալվում էր, որ տոկոսադրույքը շարունակաբար կնվազի: Արդյունքում, ԱՄՆ գանձապետարանի երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճել է։ Այս աճը մտավախություն է առաջացրել, որ պարտատոմսերն ավելի գրավիչ կդառնան բաժնետոմսերի համեմատ՝ նվազեցնելով բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը: Եթե պարտատոմսերի եկամտաբերությունը շարունակի աճել, ապա 2025–ը կարող է դժվար տարի լինել ֆոնդային շուկայի համար: Ներդրողներն այժմ սպասում են հունվարի 15-ի սպառողական գների ինդեքսի հրապարակմանը, քանի որ սպասվածից ավելի բարձր ցուցանիշը կարող է առաջացնել շուկայի էլ ավելի մեծ անկայունություն:
2024 թվականի երրորդ եռամսյակում եվրոգոտու տնային տնտեսությունները փոքր-ինչ կրճատել են իրենց խնայողությունները, ընդ որում խնայողությունների մակարդակը նախորդ եռամսյակի 15,6%-ից նվազել է մինչև 15,3%: Սակայն այս ցուցանիշը մնում է շատ ավելի բարձր, քան նախահամաճարակային մակարդակը՝ 12-13%: Վերջին մի քանի տարիների ընթացքում տնային տնտեսությունները խնայել են իրենց եկամտի ավելի մեծ մասը՝ մասամբ գնաճի պատճառով, եւ ջանալով վերականգնել կորցրած հարստությունը։ Սա հանգեցրել է ավելի թույլ սպառման և տնտեսական դանդաղ աճի։ Ի հակադրություն Եվրոգոտու երկրների, ԱՄՆ-ում անձնական խնայողությունների մակարդակը շատ ավելի ցածր էր՝ 4,4% 2024 թվականի նոյեմբերին, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքացիներն ավելի մեծ վստահություն ունեն աշխատանքային անվտանգության և տնտեսական պայմանների նկատմամբ: Եվրոպական կենտրոնական բանկը հույս ուներ վերականգնել սպառման ծավալները, սակայն այժմ ընդունում է, որ խնայողությունների մակարդակը կարող է որոշ ժամանակ մնալ անսովոր բարձր՝ մասամբ տնտեսական և քաղաքական անորոշությունների պատճառով: Մինչ սպառման ծավալները Եվրոգոտու երկրներում անցած եռամսյակում աճել են 1,1%-ով, ներդրումները հիմնական միջոցներում, ինչպիսիք են տները և վերանորոգումը, մի փոքր նվազել են՝ մնալով պատմականորեն ցածր մակարդակի վրա։ Կորպորատիվ շահութաբերությունը բարելավվել է մի քանի եռամսյակների անկումից հետո:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





