Meta ընկերությունը առանց պաշտոնապես այդ մասին հայտարարելու դադարեցրել է իր Connectivity լաբորատորիայի աշխատանքը, տեղեկացնում է TechCrunch-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:

Connectivity լաբորատորիայի աշխատակիցներն ու նախագծերը կբաշխվեն Infrastructure և Կ Central Products ստորաբաժանումների միջև։ Կրճատումները ևս անխուսափելի են, թեև ընկերությունն այս հարցում դեռ հստակություն չի մտցրել։

Ըստ ոլորտի մասնագետների՝ այս լաբորատորիան փակելու որոշումը խոսում է այն մասին, որ ընկերությունն այլևս մտադիր չէ զբաղվել ոչ ստանդարտ տեխնոլոգիաների մշակմամբ։

Ինչո՞վ էր զբաղվում Connectivity-ն

Գրեթե մեկ տասնամյակ Connectivity-ն մշակում էր կապի ավանդական և էկզոտիկ տեխնոլոգիաներ, ներառյալ արբանյակների և անօդաչու սարքերի միջոցով ինտերնետ տարածելու տեխնոլոգիաներ։

Connectivity բաժինը սկսվեց ձևավորվել, երբ առաջացավ զարգացող երկրներում և տարածաշրջաններում ինտերնետ կապի սուբսիդավորման գաղափարը. Internet.org և Free Basics նախաձեռնությունների միջոցով Facebook-ը հասանելի դարձավ այնտեղ, որտեղ ինտերնետ կապը թանկ էր:

Այս նախագծերը բազմաթիվ հակառակորդներ ունեին. ոմանք վրդովված էին, որ ամերիկյան ընկերությունն իրեն իրավասու էր համարում միջամտել այլ երկրների գործերին, մյուսներն ասում էին, որ բարեգործության քողի տակ ոլորտի խաղացողներից մեկը փորձում է վերահսկել ինտերնետին հասանելիությունը և բովանդակությունը՝ խախտելով ցանցային չեզոքության սկզբունքները։

Ընկերությունն առաջարկել էր անօդաչու թռչող սարքեր արձակել՝ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար, սակայն երեք տարի անց այս գաղափարից հրաժարվեցին, իսկ նախագիծը փակվեց։ Ցածր ուղեծրով թռչող արբանյակների միջոցով ինտերնետ ապահովելու գաղափարից ընկերությունը նույնպես հրաժարվեց։ Սոցցանցի դուստր ձեռնարկությունը՝ PointView Tech-ը, 2018-ից մինչև 2021 թ․ փորձարարական նախագծերի համար լիցենզիաներ ստացավ ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի կողմից, սակայն այս տարի այն այլևս չզբաղվեց փաստաթղթերով։

Մետան նաև աշխատել է կապի ավանդական տեխնոլոգիաների վրա՝ փորձելով դրանք կատարելագործել. դրան էր նվիրված Telecom Infra Project նախագիծը, որի շրջանակում մշակվել են նոր ստանդարտներ, ծրագրային ապահովում և սարքավորումներ առկա ենթակառուցվածքի համար: Բացի դրանից, և՛ Meta-ն, և՛ Google-ը շարունակում են ներդրումներ կատարել ստորջրյա մալուխների արտադրությունում՝ ինչպես սեփական նախագծերի, այնպես էլ հանրային օգտագործման համար: 

Meta-ում գործերն այնքան էլ լավ չեն

Նշեք, որ Meta-ում գործերն այնքան էլ լավ չեն։ Այս տարվա նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը չեղարկել է խելացի ժամացույցի մշակման նախագիծը, որը պետք է ունենար առողջության մոնիտորինգի բազմաթիվ հնարավորություններ և կարող էր մրցել հանրահայտ Apple Watch-ի հետ: Ընկերության ղեկավարությունը պարզաբանել էր, որ նախագիծը փակվում է ծախսերի կրճատման շրջանակում։

Նույն պատճառով ընկերությունն անցած ամիս 11,000 աշխատակից կրճատեց։ Ավելին, ընկերությունը հայտարարեց, որ մինչև 2023 թ․ առաջին եռամսյակը կդադարեցնի նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը։ Աշխատակիցներին կրճատելուց բացի, ընկերությունը փորձում է խնայել նաև վարձակալվող տարածքների և ենթակառուցվածքների վրա։

Մասնագետները նշում են, որ ընկերությունը նման քայլերի է գնում, քանի որ լուրջ խնդիրների է բախվել վերջին ամիսներին։ Իսկ գլխավոր խնդիրներից մեկը մետավերսն է, որը չի արդարացնում ակնկալիքները և չի գրավում նոր օգտվողների։ Ընդորում, կորպորացիան հսկայական գումարներ է ծախսում դրա վրա․ մետավերսի հետ կապված հետազոտություններում և մշակումներում 2019-ից ի վեր արդեն 36 միլիարդ դոլար է ներդրվել։ Որոշ փորձագետների կարծիքով, եթե իրավիճակը չփոխվի, Meta-ն շուտով կկորցնի իր առաջատար դիրքը և կվերածվի սովորական ՏՏ ընկերության։