Արևմտյան տարբեր լրատվամիջոցների ղեկավարները Financial Times թերթին հայտնել են, որ որոշ ապրանքանիշեր պատրաստվում են կրկին գովազդ տեղադրել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի X սոցիալական ցանցում:

Պատճառն այն է, որ միլիարդատերը կարևոր պաշտոն է ստանալու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում։ Մասնավորապես, Թրամփը հայտարարել է, որ Մասկն ու իր նախկին մրցակից Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետությունը վերահսկող նոր դեպարտամենտը։

«Պատահաբար կամ միտումնավոր Մասկը ստեղծեց ոչ թե նոր Twitter, այլ նոր «ճշմարտության սոցիալական ցանց», թեև Թրամփը դրա խոշոր բաժնետերը չէ,- գրում է Financial Times-ը,- Իլոն Մասկի աջակցությունը Դոնալդ Թրամփին, անկասկած, կաշխուժացնի X-ի թուլացող բիզնեսը, և որոշ ընկերություններ պատրաստ են վերադառնալ սոցիալական մեդիա հարթակ՝ շահելու նոր վարչակազմի բարեհաճությունը»:

Ավելի վաղ շատ ընկերություններ դադարեցրել էին գովազդը X-ում, ինչից հետո Իլոն Մասկի ընկերությունը հակամենաշնորհային հայց ներկայացրեց արդյունաբերական խմբի դեմ, որը ներկայացնում էր բազմաթիվ համաշխարհային բրենդներ, այդ թվում՝ սոցիալական ցանցի գովազդատուներին՝ նրանց մեղադրելով X-ին միլիարդավոր դոլարներից զրկելու դավադրության մեջ: Նաև հաղորդվում էր, թե սոցհարթակից հեռանալու պատճառներից մեկը նաև  Մասկի վարքագիծն է, որն անձամբ զանգահարում էր գովազդատուներին, կոպիտ խոսում նրանց հետ։