ԱՄՆ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործարար, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ինչպես նաև Վիվեկ Ռամասվամին համատեղ կղեկավարեն կառավարական նոր գործակալությունը, որը կվերահսկի դաշնային ծախսերի արդյունավետությունը: Թրամփը նոր գործակալությունն անվանել է Կառավարության արդյունավետության վարչություն (Department of Government Efficiency, DOGE):
«Միասին այս երկու հրաշալի ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ քանդելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, կրճատելու վատնվող ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները, որոնք էական նշանակություն ունեն «Փրկենք Ամերիկան» շարժման համար»,- գրել է Թրամփը:
«Ես անհամբեր սպասում եմ, որ Իլոնն ու Վիվեկը փոփոխություններ մտցնեն դաշնային բյուրոկրատիայում՝ կենտրոնանալով արդյունավետության վրա՝ միևնույն ժամանակ բարելավելով կյանքը բոլոր ամերիկացիների համար»,- հավելել է նա:
Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփն ասել էր, որ դաշնային կառավարությունում պաշտոն ստեղծի Մասկի համար մասին, որն աշխարհի ամենահարուստ մարդն է և ում պատկանում են Tesla-ն, SpaceX-ը և X սոցիալական ցանցը:
«Սա ցնցում կառաջացնի համակարգի և պետական ծախսերում ներգրավված բոլոր մարդկանց համար, իսկ նրանք հսկայական թիվ են կազմում: Կա՛մ մենք կառավարությունն արդյունավետ ենք դարձնում, կա՛մ Ամերիկան սնանկանում է: Ահա թե ինչի է դա հանգեցնելու: Կցանկանայի, որ սխալ լինեի, բայց դա այդպես է»,- ասել է Մասկը:
«Մենք զիջումների չենք գնա»,- իր հերթին ասել է Ռամասվամին:






