Շվեդական Ericsson ընկերությունը հայտնել է, որ Apple-ի հետ գլոբալ համաձայնագիր է ստորագրել իր արտոնագրված տեխնոլոգիաների օգտագործման թույլտվության վերաբերյալ՝ վերջ դնելով iPhone-ներում 5G անլար հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելու համար ռոյալթի վճարումների շուրջ վեճին, տեղեկացնում է Reuters-ը:
Հեռահաղորդակցության սարքավորումների շվեդական արտադրողը նշել է, որ բազմամյա գործարքը ներառում է լիցենզիաներ բջջային ստանդարտ և գլոբալ մակարդակով տեխնոլոգիաների արտոնագրեր, նաև տրամադրում է արտոնագրային որոշակի այլ իրավունքներ:
«Կարգավորումը վերջ է դնում կողմերի միջև արտոնագրերին առնչվող բոլոր ընթացիկ իրավական վեճերին»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։
Գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ հունվարին Ericsson-ը արտոնագրային խախտման երկրորդ հայցը ներկայացրեց iPhone սմարթֆոններ արտադրող ամերիկյան ընկերության դեմ:
Երկու ընկերություններն ԱՄՆ-ում արդեն դատի էին տվել միմյանց այն բանից հետո, երբ հեռահաղորդակցության արտոնագրերի վերաբերյալ յոթ տարվա լիցենզավորման պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները ձախողվեցին։ Պայմանագիրն առաջին անգամ կնքվել էր 2015 թ․:
Առաջինը դատարան էր դիմել Ericsson-ը 2021 թ․ հոկտեմբերին՝ պնդելով, որ Apple-ը փորձում է ոչ պատշաճ կերպով նվազեցնել ռոյալթիի դրույքաչափերը։ Այնուհետև Apple-ն իր հերթին հայց է ներկայացրել 2021 թ․ դեկտեմբերին՝ շվեդական ընկերությանը մեղադրելով արտոնագրերը թարմացնելու համար «ուժային ճնշման մեթոդներ» կիրառելու մեջ:
Ericsson-ն արդեն հրապարակել է չորրորդ եռամսյակի ընթացքում մտավոր սեփականության իրավունքների արտոնագրումից ակնկալվող եկամտի վերաբերյալ կանխատեսումները՝ 5,5-5,0 միլիարդ շվեդական քրոն ($530.3-$578.5 մլն)։






