Ինչպե՞ս կզարգանան անվտանգության սպառնալիքները ապագայի վիրտուալ աշխարհում, ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունն (ԱԲ) ուժեղացնել կիբեռանվտանգությունը և ի՞նչ ռիսկեր է այն պարունակում, համաշխարհային համագործակցության ո՞ր մոդելներն են առավել արդյունավետ անվտանգության կառավարման համար և ի՞նչ նորամուծություններ կօգնեն պաշտպանել կարևոր ենթակառուցվածքները 2050-ին: Այս թեմաներին էր նվիրված Մոսկվայում նոյեմբերի 4-6-ն անցկացվող «Ստեղծելով ապագան» գիտաժողովի շրջանակում կազմակերպված «Ապագայի կիբեռանվտանգ աշխարհը» խորագրով պանելային քննարկումը։

Ռուսաստանում ինտերնետ-հետախուզության ժամանակակից դպրոցի հիմնադիր, «Ավալանշ» որոնման համակարգի ստեղծող, «Ինֆորուս» կոնսորցիումի նախագահ Անդրեյ Մասալովիչը, անդրադառնալով ապագայում կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերին, ներկայացրեց տեխնոլոգիական մի քանի հնարավոր միտումներ, որոնք, ըստ նրա, արդի կլինեն մոտ ապագայում։ Առաջինն այն է, որ 2025-ի ամռանն արդեն ChatGPT-ն խնդիրներ կունենա, քանի որ չեն լինի բավարար ծավալի տվյալներ՝ նեյրոցանցին նոր բաներ սովորեցնելու համար։ Երկրորդ՝ ապագայում ինֆորմացիոն կարևոր ենթակառուցվածքների վրա մեծ քանակի հարձակումներ կլինեն։

Ըստ Անդրեյ Մասալովիչի հաջորդ սցենարի՝ ապագայում տեղի կունենա արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրացիա և ԱԲ-ն կպատրաստեն արդեն հաքերային հարձակումների համար։ Չորրորդ՝ ԱԲ-ն կինտեգրվի հետախուզությունում։ Հինգերրորդ՝ ի հայտ կգա ինքնավար զենք, որը կաշխատի ԱԲ-ով։ Ըստ նրա՝ նման փորձառություն արդեն կա։ Վեցերորդ՝ ի հայտ կգան մուլտիագենտ ԱԲ համակարգեր և պարսային (խմբային) ԱԲ համակարգեր (swarm intelligence – ուսումնասիրում է ապակենտրոնացված ինքնակազմակերպման համակարգի կոլեկտիվ վարքագիծը)։ Յոթերորդ՝ ԱԲ մշակման և օգտագործման համար անհրաժեշտ միջավայր կստեղծվի։

Անդրեյ Մասալովիչ.jpg (106 KB)

Բացի դրանից, ըստ նրա՝ ապագայում ի հայտ կգան նաև ալգորիթմներ, որոնք կվերլուծեն տվյալների արժանահավատությունը, դա կվերաբերի նաև deepfake-ի կիրառման դեպքերին։ Իններորդ՝ տեղի կունենա անցում դեպի Կոլմոգորով-Առնոլդի տեսակի նեյրոցանցերին։ Մասալովիչի խոսքով՝ նրանք, ովքեր կկարողանան այս մոդելի հիմա վրա նեյրոցանցեր կառուցել, կտեսնեն, որ դրանք մի քանի անգամ կոմպակտ են և արագ։ Տասներորդ ու ամենակարևոր միտումը, ըստ նրա, կլինի թվային գաղտնիության կորուստը, որն իր հետ կբերի ԱԲ-ն։ «Համակերպվեք սրա հետ»,- ասաց նա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, RAD KOP կիբեռանվտանգության մասնագետների կոոպերատիվի նախագահ Ռուստամ Հուսեյնովն ասում է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում կան կոնկրետ տվյալ շրջանին բնորոշ միտումներ, և հաճախ գերագնահատվում են մարդկության հնարավորությունները։ Օրինակ՝ դատելով մի քանի տասնյամյակ առաջվա տրամադրություններից կարելի էր կանխատեսել, որ 2000-ականներին մարդկությունն արդեն պետք է ոտք դրած լիներ Մարս մոլորակի վրա, սակայն դա այդպես չէ, քանի որ միշտ չէ, որ կանխատեսումներն իրականանում են։

Ռուստամ Հուսեյնովն ասում է, որ հաշվի առնելով, թե ինչպիսի փոփոխական, բարդ ու խճճված աշխարհում ենք այժմ ապրում, ինքը զերծ կմնա կանխատեսումներ անելուց՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական սցենարների վերաբերյալ։ Ըստ նրա՝ նաև պետք է հաշվի առնել, որ չկա որևէ ոլորտ, որը գործում է առանձին և ինքնուրույն․ բոլորը փոխկապակցված են, և ցանկացած կանխատեսում անելիս պետք է հաշվի առնել տարբեր ոլորտներ, քանի որ այս կամ այն ոլորտում կարող են անկախնատեսելի զարգացումներ լինել, ինչը կազդի մեր կանխատեսման վրա։ Ըստ նրա՝ պետք է հիշել, որ եթե ապագայի վերաբերյալ որևէ կանխատեսում արվի՝ հիմնվելով, մեկ կամ երկու ոլորտի վրա, ապա մեծ է հավանականությունը, որ դա սխալ կլինի, չի իրականանա։ «Իսկ մենք հաճախ մոռանում ենք դրա մասին»,- ասաց նա։

Ռուստամ Հուսեյնով.jpg (114 KB)

Բանյա Լուկայի համալսարանի անվտանգության ֆակուլտետի դեկան, պաշտպանության և անվտանգության գիտությունների դոկտոր Պրեդրագ Չերանիչն իր հերթին ներկայացրեց ապագայի վերաբերյալ հնարավոր սցենարները։ Ըստ նրա՝ ապագայում, երբ տեխնոլոգիաներն է՛լ ավելի զարգանան, ի հայտ գան ավելի իրատեսական վիրտուալ անհատներ, անձնական տվյալների գողությունը կարող է այլ բնույթ ստանալ։ Ըստ նրա՝ քանի որ վիրուտալ գույքի, թվային ակտիվների գներն աճում են, դրանք կիբեռհանցագործությունների հիմնական թիրախը կդառնան։

«Վիրտուալ աշխարհում, որտեղ մարդիկ շփվում և ինֆորմացիա են փոխանակում վիրտուալ ավատարներով, կավելանան սոցիալական ինժեներիայի սպառնալիքները, որոնք նպատակ կհետապնդեն շահագործել մարդկանց էմոցիաները, վարքագիծը և վստահությունը»,- ասաց նա։   

Պրեդրագ Չերանիչի խոսքով՝ զարգացած ԱԲ շնորհիվ կարող են ի հայտ գալ վնասակար ծրագրեր և «խելացի կիբեռսպառնալիքներ»։ Երբ մարդիկ սկսեն աշխատել վիրտուալ միջավայրերին, մասնակցեն սոցիալական փոխազդեցություններին և ամենօրյա գործունեությանը, տվյալների հավաքման գործընթացը կներառի կենսաչափությունը, աչքի հետագծումը, շարժման մոդելները և անձնական փոխազդեցությունը:

«Վիրտուալ աշխարհը կարող է առաջարկել նոր հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել մարդկանց հետևելու և ծաղրելու համար: Չարագործները կարող են կիրառել տեխնոլոգիաների իմերսիվ գործառույթներ, որպեսզի այլ մարդկանց համար վտանգավոր իրավիճակներ ստեղծեն»,- նշեց նա։  

Ապագայում, ըստ նրա, չարագործները կարող են հարձակվել վիրտուալ աշխարհների հիմքում ընկած ենթակառուցվածքի վրա՝ գործարկելով DDoS հարձակումներ կամ վնասակար ծրագրեր, որոնք ապակայունացնում են սերվերների ցանցը, որտեղ տեղակայված են հսկայական փոխկապակցված վիրտուալ միջավայրեր: Չարագործները կարող են նաև AR և MR սարքերի միջոցով մանիպուլացնել այն, ինչ օգտատերերը տեսնում կամ լսում են իրական կյանքում: Քանի որ բիզնեսներն գործում են վիրտուալ աշխարհներում, լրտեսությունը և կորպորատիվ լրտեսությունը կարող են թիրախավորել թվային տարածքներին՝ մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար:

Պրեդրագ Չերանիչ.jpg (111 KB)

Ապագայում, ըստ Պրեդրագ Չերանիչի, ԱԲ-ն է՛լ ավելի շատ կկիրառվի կիբեռանվտանգությունը բարձրացնելու նպատակով։ Սակայն դրա հետ մեկտեղ ԱԲ-ն կարող է ռիսկեր բերել իր հետ, օրինակ՝ հենց ԱԲ-ի կիրառմամբ կիբեռհարձակումները, կամ երբեմն ԱԲ բարդ ալգորիթմները կարող են կեղծ ահազանգ բարձրացնել։ Կիբեռանվտանգության դեմ պայքարում, ըստ նրա, պետք է ներգրավվեն պետությունները, իրականացվեն ոլորտի մասնագետների փոխանակման ծրագրեր, գործի դրվեն օրենսդրական մեխանիզմները և անհրաժեշտության դեպքում մշակվեն նորերը։

Խոսելով այն մասին, թե մինչև 2050-ը ինչ նորարարություններ կարող են կիրառվել կարևոր ենթակառուցվածքների պաշտապանության համար՝ նա նշեց, որ ակնկալվում է, որ քվանտային հաշվարկները կփոխեն գաղտնագրման ավանդական մեթոդները, այդ իսկ պատճառով քվանտային կայուն կրիպտոգրաֆիկ ալգորիթմները վճռորոշ նշանակություն կունենան։ Բլոկչեյն տեխնոլոգիան հուսալի միջոց կառաջարկի կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու հարցում։

Գրող, ֆուտուրիստ, Kaspersky Lab-ի տեխնիկական մարկետինգի ավագ մենեջեր Ալեքսեյ Անդրեևն ասում է, որ կիբեռանվտանգության հետ կապված, թերևս, գլխավոր խնդիրը ինտերնետի համատարած հասանելիությունն է, անընդհատ կապի մեջ լինելու հնարավորությունը։ Նա իրավիճակը համեմատեց անցած դարի հետ, երբ սկսեցին աստիճանաբար ավելի շատ շաքար կիրառել տարատեսակ ապրանքներում և արդյունքում զարգացավ շաքարի ինդուստրիան։ Սակայն դա իր հետ բերեց մի շարք հիվանդությունները, ինչի արդյունքում զարգացավ բժշկության մեջ առանձին ինդուստրիա, որն սկսեց զբաղվել այդ հիվանդություններով։

Ալեքսեյ Անդրեևն առանձնացրեց ապագայի երեք միտում, որոնք, ըստ նրա, կարևոր են։ Առաջինը՝ համընդհանուր լրտեսումն է։ Եթե նախկինում մարդկանց լրտեսում էին հատուկ ծառայությունները, ապա հիմա՝ ով ասես։  Երկրորդ միտումը, ըստ նրա, կլինի այն, որ մարդիկ կտարվեն ԱԲ տեխնոլոգիաներով։ «ԱԲ-ի բումը արդեն վաղուց է ավարտվել՝ մոտավորապես նախորդ դարում, քանի որ ԱԲ բոլոր ալգորիթմները, որոնք կիրառվում են հիմա, ստեղծվել են անցած դարում։ Վերջին 25 տարին ԱԲ-ի մակետինգի ժամանակաշրջանն է։ ԱԲ-ն մեզ մատուցում են տարբեր սուսներով, և ըստ էության, ոչ ոք չգիտի, թե ինչ է ԱԲ-ն»,- ասաց նա։

Ալեքսեյ ԱՆդրև.jpg (81 KB)

Ըստ նրա՝ մարդիկ պետք է պատրաստ լինեն ապրելու մի դարաշրջանում, որտեղ ԱԲ-ն լայն կիրառություն կունենա, այդ թվում՝ կիբեռանվտանգության ոլորտում։ Սակայն նույն ԱԲ-ն պարբերաբար ի հայտ կբերի խնդիրներ, որոնք միշտ չէ, որ իրական կլինեն և մարդկանց ավելորդ անհարմարություն կպատճառեն։ Ալեքսեյ Անդրեևի խոսքով՝ առաջիկա 20 տարում մարդը կապրի մի աշխարհում, որտեղ շատ որոշումներ կկայացնի ԱԲ-ն։ Օրինակ՝ մարդը կգնա բանկ, դեսպանատուն, իրեն չեն տա վարկ, վիզա, և ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու, քանի որ որոշումները կկայացնի ԱԲ-ն, որը հաշվի է առնում հազարավոր, միլիոնավոր պարամետրեր։ «Պետք է հոգեբանորեն պատրաստ լինել դրան»,- հավելեց նա։

Երրորդ միտումը, ըստ նրա, կլինի այն, որ այն համացանցը, որն այսօր մենք օգտագործում ենք, մի գեղեցիկ օր այլևս չի լինի, փոխարենը կլինեն մի քանի տարբեր ինտերնետներ, և կիբեռանվտանգության տեսանկյունից դա, թերևս, ավելի լավ է, քանի որ եթե այսօր խնդիր առաջանա այսօրվա համացանցի հետ, ապա չի լինի այլընտրանք։

«Եթե բոլորի մոտ Microsoft Windows օպերացիոն համակարգն է տեղադրված, ապա դրանում որևէ խոցելիության դեպքում խափանվում են բոլոր այն մարդկանց համակարգիչները, որոնք աշխատում են Microsoft Windows-ով»,- ասաց նա՝ օրինակ բերելով այս տարվա միջադեպը, երբ Counter Strike ընկերությունը թարմացնում էր իր կոդը, և Windows-ով աշխատող համակարգիչները խափանվեցին, արդյունքում դադարեց մի շարք օդանավակայանների, արտադրությունների աշխատանքը։ Հետևաբար, ըստ նրա, շատ ավելի լավ է, որ լինեն տարբեր ցանցեր, տարբեր անվտանգության համակարգեր։

Նշենք, որ NEWS.am-ը «Ստեղծելով ապագան» գիտաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։