Համաշխարհային բանկը, Միացյալ Թագավորության կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ այսօր սկսել է «Հայաստանում կիբեռանվտանգության հասունության գնահատում» նախաձեռնությունը:

Բացման խոսքով հանդես ե եկել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալահերը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի Կառավարման փորձագետ Արման Վաթյանը։ Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում կիբեռանվտանգության հասունության գնահատմանը, համապատասխան քաղաքականության մշակմանը։

Համահունչ լինելով Հայաստանում թվայնացման արագացման՝ որպես աճի, ճկունության և ներառման շարժիչ ուժի կառավարության տեսլականին, այս նախաձեռնությունը կաջակցի ՀՀ Կառավարությանը՝ բացահայտելու առաջնահերթ ոլորտներում կիբեռանվտանգության կարողությունների բարելավման համար համար հրատապ քայլերը՝ նպաստելով նաև թվային ծառայությունների կիրառման նկատմամբ վստահության բարձրացմանը:

Գործողությունը կօգտագործի այնպիսի գլոբալ գործիքներ, ինչպիսին է «Կիբեռանվտանգության կարողությունների հասունության մոդելը»՝ գնահատելու կիբեռանվտանգության խոցելիությունն ու ուժեղ կողմերը ազգային մակարդակով և կատարելագործման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ կտրամադրի Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հետագա կիրառման համար:

Գործողությունը նաև կգնահատի հանրային ծառայությունների մատուցման թվայնացման փուլում գտնվող  հիմնական ոլորտների կիբեռանվտանգության հասունությունը, որպեսզի կառավարությունը կարողանա գործարկել իրենց կիբեռանվտանգության զարգացման շրջանակները, ներառելով համակարգման մեխանիզմների կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքման նորաստեղծ ազգային թիմը (am-cert.am): 

Գնահատման հիման վրա կտրամադրվեն կիրառելի առաջարկություններ՝ հայտնաբերված բացերն ու խոցելիությունները լրացնելու և Հայաստանում կիբերանվտանգության և թվային ճկունության ամրապնդման ճանապարհային քարտեզ մշակելու համար: