ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Հոկտեմբերի 31-ին կայացել է «Աքսելերացիոն ծրագրի» մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից մասնակցության հնարավորություն ստացած 20-ի անունները՝ TACTUN, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text'nPayMe, Doccy, Pearch.AI, CaseLens, doodooc, LunarTech։ 

Ներկաներին ողջունել և ծրագրի կարևությունն է ընդգծել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ «Սրանով հնարավորություն է տրվում հայաստանյան ստարտափներին դուրս գալու միջազգային շուկաներ, ստանալու նոր գիտելիքներ, լավարկել իրենց պրոդուկտները, պատկերացնել և հասկանալ, թե ինչպես են աշխատում միջազգային ընկերությունները և ինչպես է հնարավոր դառնալ չեմպիոններ նաև միջազգային շուկաներում»,- ասել է նախարարի տեղակալը, տեղեկացնելով նաև, որ  ընտրված 20 ստարտափից 10-ը նոյեմբերին գնալու են Սիլիկոնյան հովիտ, որն անչափ մեծ հնարավորություն է նրանց համար ներկայացնելու Հայաստանը, կապեր հաստատելու, բրենդավորելու իրենց թիմերը և պրոդուկտները միջազգային հարթակներում։ 

Plug and Play Germany GmbH 2.jpg (716 KB)

Ողջույնի խոսքով հանդես  է եկել նաև «Plug and Play Germany GmbH»-ի կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։

«Այս առաքելությամբ մենք Հայաստանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ ստարտափներին օգնելու աճել հասնելով միջազգային մակարդակի՝ կապելով նրանց մեծ կորպորացիաների և ներդրողների հետ»,- ասել է «Plug and Play Germany GmbH»-ի գործադիր տնօրենը։

Նա նաև ընդգծել է, որ  որ իրենք այստեղ են, քանի որ ԲՏԱ նախարարությունը շատ հետաքրքրված է Հայաստանում ունենալ միջազգային աքսելերատոր՝ նպատակադրված լինելով  զարգացնելու ստարտափ էկոհամակարգը երկրում։   

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը։ Տեսակապի միջոցով ներկաներին ողջույնի խոսք է ուղղել նաև Plug and Play-ի ղեկավար (CEO) Սայիդ Ամիդին։ 

Plug and Play Germany GmbH 3.jpg (902 KB)

Տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝  «Ինչպես են բեկումնային ստարտափները նպաստում զարգացող շուկաների աճին»  թեմայով, որին մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Plug and Play-ի կորպորատիվ նորարարության ավագ մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան և ծրագրի մենթոր, դոկտոր Ֆարես Ալաբուդը։   

Միջոցառմանը ներկա են գտնվել  ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան  Էնդրյու Թըրները,ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավեինք Ղուկասյանը, բարձրաստիճան այլ  պաշտոնյաներ, ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ։ 

Plug and Play-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպոռացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն աջակցում է ստարտափներին՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը  և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

TAT_4738.jpg (844 KB)

Plug and Play- ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և այլք:

Plug and Play-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ: Նրանց պորտֆոլիոյում ընդգրկված կազմակերպությունների թվում են PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլք:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Plug and Play Germany GmbH» կազմակերպության միջև ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել է 2024թ. օգոստոսի 15-ին: Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336,000,000 (երեք հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ: