Apple-ը մշակում է մի քանի նոր արտադրանք։ Մասնավորապես ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի խելացի ակնոց՝ նման Ray-Ban-ի հետ համագործակցությամբ Meta-ի ստեղծածին, ինչպես նաև տեսախցիկով AirPods ականջակալ: Ըստ Bloomberg-ի ինսայդեր Մարկ Գուրմանի՝ սպասվում է, որ այս ապրանքները շուկա դուրս կգան մինչև 2027-ը, եթե դրանք ընդհանրապես թողարկվեն:
Ինչպես տեղեկացնում է 9to5Mac-ը, Apple-ը ցանկանում է իր միլիարդավոր դոլարների ներդրումների մի մասն իրականացնել «տեսողական բանականության» մեջ հետազոտությունների և զարգացման ոլորտում, որն ի սկզբանե օգտագործվել է Vision Pro սարքում:
Գուրմանի խոսքով՝ օգտատերերն արդեն կարող են տեսնել այս ուղղությամբ արված առաջին քայլերը։ Օրինակ՝ iPhone 16-ում ընկերությունը ներդրել է մեքենայական տեսողության ծառայություն՝ սմարթֆոնների տեսախցիկների միջոցով: Նմանատիպ համակարգ կարող է ներդրվել ապագա ակնոցում:
Գուրմանն ընդգծում է, որ այս ակնոցը չի լինի էկրանով AR սարք։ Ավելի շուտ, նոր արտադրանքը կլինի խելացի սարք՝ արհեստական բանականությամբ գործող օգնականով, որի հետ օգտատերերը կկարողանան օգտագործել ու կարգավորել բարձրախոսները, տեսախցիկները և խոսափողները։
Բացի դրանից՝ ընկերությունը շարունակում է պլանավորել AirPods-ը համալրել տեսախցիկներով, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր։ 9to5Mac-ը կասկածում է այս լուծման հաջողությանը, քանի որ համարում է, որ ակնոցի ֆորմֆակտորն ավելի հարմար է և համապատասխան մեքենայական տեսողության մոդուլը սարքավորելու համար։






