Ի՞նչ դեր է խաղում արհեստական բանականությունը (ԱԲ) գիտության, մասնավորապես, բժշկության ոլորտում, ի՞նչ խնդիրներ է առաջացնում աշխարհում և ի՞նչ խնդիրներ է լուծում, և վերջապես ինչպիսի՞ ներուժ ունի ԱԲ ոլորտում Հայաստանը։ Այս հարցերին էին նվիրված Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) «Ընտրել անհնար առաքելություններ և բժշկության հեղափոխական հայտնագործություններում ԱԲ օգտագործումը» պանելային քննարկումը։

Քննարկման մասնակիցներն էին Ամերիկահայ գործարար, Moderna ընկերության համահիմնադիրներից Նուբար Աֆեյանը և ամերիկահայ գործարար, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր (COAF) Կարո Արմենը։ Քննարկումը վարում էր CNN հեռուստաալիքի լրագրող Ռիչարդ Քուեստը։

ԱԲ դերը բժշկության փոխակերպման գործում

Քննարկման երկու մասնակիցներն էլ համաձայնեցին, որ ԱԲ-ն արդեն ներկա է մեր կյանքում, այն արագ զարգանում է և աստիճանաբար ավելի ու ավելի շատ կդառնա մեր կյանքի ավելի անբաժանելի տարբեր ոլորտներում: Կենսատեխնոլոգիայի ոլորտում վետերան համարվող Նուբար Աֆեյանը պատմեց ԱԲ-ի հետ դեռ 1980-ականներին իր ունեցած առաջին փորձառությունների մասին: Այն ժամանակ ԱԲ-ն իր թերևս ամենավաղ փուլում էր՝ գործելով «փորձագիտական ​​համակարգերի» միջոցով, որոնք փորձում էին ընդօրինակել մարդու որոշումների կայացումը: Այսօր ԱԲ-ի կիրառությունները կտրուկ ընդլայնվել են, հատկապես կենսատեխնոլոգիայի ոլորտում, որտեղ այն կարող է արագացնել բժշկական հայտնագործությունները և մշակել անհատականացված բուժումը և այլն:

«Վեց տարի առաջ մենք մտածում էինք, թե արդյոք կարող ենք կանխատեսել սպիտակուցի գործառույթը՝ պարզապես նայելով դրա ԴՆԹ-ի հաջորդականությանը»,- ասաց Աֆեյանը՝ ընդգծելով, որը այսօր ԱԲ-ն կարողանում է մեծ ծավալներով կենսաբանական տվյալներ վերլուծել և այդ ունակությունն օրեցօր կատարելագործվում է: Այս հայտնագործությունը նրա թիմին թույլ տվեց ստեղծել բոլորովին նոր սպիտակուցներ՝ շրջանցելով ավանդական մեթոդները և զգալիորեն արագացնելով բժշկական ոլորտում հայտնագործությունների գործընթացը։ «Այժմ հնարավոր է նախագծել ուղիներ, բջիջներ և բոլոր տեսակի նոր կենսաբանություն՝ հիմնվելով տվյալների վրա հիմնված մոդելների վրա»,- հավելեց Աֆեյանը՝ ընդգծելով ԱԲ-ի փոխակերպիչ ազդեցությունը բժշկության վրա:

DCIT.jpg (208 KB)

Գարո Արմենն անձնական հարթությունում է առնչվել քաղցկեղի հետազոտության հետ, երբ նրա մոր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Նա նշեց, որ իր կյանքի աշխատանքը կենտրոնացած է եղել մարդու իմունային համակարգն օգտագործելու վրա՝ քաղցկեղի նման հիվանդությունները բուժելու համար: Արմենն ընդգծեց, որ ԱԲ-ն կարող է ավելի առաջ տանել այս առաքելությունը՝ բարելավելով բուժման արդյունքների կանխատեսումը։ «Հարցն այն է, արդյոք մենք կարո՞ղ ենք դա հասցնել 100%-ի ԱԲ-ի կիրառմամբ: Պատասխանն է՝ այո»,- ասաց նա՝ մատնանշելով բժշկությունն անհատականացնելու ԱԲ ներուժը, երբ ԱԲ-ն կարող է կանխատեսել, թե որ հիվանդներն են առավել հավանական արձագանքելու կոնկրետ բուժմանը:

Էթիկական հարցեր

Չնայած ԱԲ-ի ներուժին՝ երկու բանախոսներն էլ նշեցին այն էթիկական մտահոգությունները, որոնք կապված են դրա լայն կիրառման հետ: Նուբար Աֆեյանը նշեց, որ «ԱԲ-ն եզակիորեն ամենաբեկումնային տեխնոլոգիան է, որն ընդլայնում է գիտելիքներ ձեռք բերելու մեր հնարավորությունները», սակայն այս բեկումը նաև ռիսկեր է պարունակում: ԱԲ-ն կարող է որոշումներ կայացնել, որոնք ավանդաբար ընդունվել են մարդկանց կողմից՝ այնպիսի որոշումներ, որոնք լուրջ հետևանքների են հանգեցնում: Օրինակ՝ ԱԲ-ն կարող է օգտագործվել՝ որոշելու համար, թե բուժառուներից ով է պետք ստանա կյանքը փրկող բուժումը՝ հիմնվելով հաջողության հաշվարկված հավանականության վրա: Սա էթիկական հարցեր է առաջացնում արդարության և մարդկային պատասխանատվության վերաբերյալ:

Մոդերատոր Ռիչարդ Քուեսթը նշեց, որ կա մտահոգություն, թե արդյոք ԱԲ-ն կարող է մի օր որոշել, թե ով պետք է ապրի, իսկ ով ոչ՝ ելնելով տնտեսական, սոցիալական կամ որևէ այլ գործոններից: Նուբար Աֆեյանը պատասխանեց՝ պնդելով, որ չնայած ԱԲ-ն կարող է կատարելագործել որոշումների կայացման գործընթացը, սակայն վերջնական պատասխանատվությունը պետք է մնա մարդկանց վրա: «ԱԲ-ն պարտադիր չէ, որ կատարյալ լինի. այն պարզապես պետք է լինի նույնքան լավը կամ ավելի լավը, քան մարդիկ՝ մեզ լրացնելու համար: Բայց պատասխանատվությունը կմնա մարդկանց վրա»,- ասաց նա։ Սա, Աֆեյանի պնդմամբ, կարևոր է հաշվետվողականությունը պահպանելու համար աշխարհում, որն ավելի ու ավելի է կախված մեքենաների կայացրած որոշումներից։

Գարո Արմենը հավելեց, որ կարեկցանքն այն հիմնական հատկանիշն է, որը պետք է ներդրվի ԱԲ համակարգերում։ «Եթե մենք այս հավասարության մեջ դնենք կարեկցանքը, ապա լավը կգերիշխի արհեստական ​բանականությն արտադրանքի վրա»,- ասաց նա՝ շեշտելով մարդկային արժեքների անհրաժեշտությունը՝ ուղղորդելու ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը ճիշտ ուղղությամբ։

WCIT2024- 2.jpg (1.55 MB)

Պայքար բարու և չարի միջև

Քննարկմանը մասնակիցները անդրադարձան նաև թեմային, թե ԱԲ-ն, ինչպես ցանկացած այլ գործիք, կարող է օգտագործվել թե՛ բարի, և թե՛ վնասակար նպատակներով: Գարո Արմենը ԱԲ-ի աճը համեմատեց համացանցի սկզբնական օրերի հետ, երբ մտահոգություններ կային դրա չարաշահման վերաբերյալ: Թեև համացանցը, անշուշտ, օգտագործվել է նաև վատ նպատակներով, դրա օգուտները շատ ավելին են, քան վնասները: Գարո Արմենը կարծում է, որ ԱԲ-ն ևս կունենա այսպիսի հետագիծ: «Կարո՞ղ են մարդիկ ԱԲ-ն վատ նպատակներով օգտագործել՝ իրենց դերն ընդգծելու համար: Այո՛։ Բայց կարո՞ղ է լավ նպատակներով դրա կիրառումը հաղթել դրան: Դա արդեն կախված է ծավալներից»,- նկատեց նա՝ հավելելով, թե լիահույս է, որ ԱԲ դրական կիրառությունները կգերակայեն բացասականներին։

Մոդերատորը նշեց միջուկային զենքի տարածման օրինակը՝ հարցնելով, թե արդյոք ԱԲ-ն բախվում է նմանատիպ երկընտրանքի: Նուբար Աֆեյանը համաձայնեց, որ միայն կարգավորումը չի լուծի ԱԲ էթիկական խնդիրները, հատկապես, որ ոչ բոլոր դերակատարներն են խաղում նույն կանոններով: Նա ընդգծեց, որ ԱԲ վնասակար ներուժից պաշտպանվելու համար անհրաժեշտ է լինել պրոակտիվ, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ հետախուզական գործակալությունները սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ստիպված էին աչքի առաջ ունենալ ամենավատ սցենարները ապագա սպառնալիքներից պաշտպանվելու համար: «Մենք պետք է պատկերացնենք, թե ինչ կարող են անել վատ մարդիկ»,- ասաց Աֆեյանը՝ նկատի ունենալով, որ ԱԲ չարաշահումից պաշտպանվելու լավագույն միջոցը նման մտադրություն ունեցողներից պետք է միշտ մեկ քայլ առաջ լինելն է։ 

ԱԲ-ն Հայաստանում. բացահայտել ազգի ներուժը

Ե՛վ Նուբար Աֆեյանը, և՛ Գարո Արմենը խորապես հավատարիմ են ԱԲ-ն զարգացնել հայրենիքում՝ Հայաստանում: Աֆեյանը, Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) միջոցով նախաձեռնել է մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են ԱԲ-ն երկրի տեխնոլոգիական լանդշաֆտի առաջնագիծ բերելուն: «Մոտ երեք տարի առաջ մենք սկսեցինք աշխատել արհեստական ​բանականության ոլորտում՝ փորձելով բացահայտել, թե ինչպես Հայաստանը կարող է օգտագործել այս տեխնոլոգիան»,- ասաց Աֆեյանը: Ամենահավակնոտ նախագծերից մեկը ԱԲ վերապատրաստման ծրագիրն է ավագ դպրոցի աշակերտների համար: Ի սկզբանե փորձնական կիրառվելով 15 դպրոցներում՝ ծրագիրն այժմ նախատեսվում է ընդլայնել ամբողջ երկրում՝ ամեն տարի ապահովելով ԱԲ հարյուրավոր ժամերի ուսուցում:

Աֆեյանը կարծում է, որ ԱԲ-ն կարող է հավասարեցնել Հայաստանի նման երկրների համար մրցակցային պայմանները՝ թույլ տալով նրանց մրցակցել գլոբալ հարթակում՝ առանց նույն կապիտալ ներդրումների, որոնք արվում են ավելի զարգացած երկրներում: Կենտրոնանալով ալգորիթմների և նորարարական հավելվածների վրա՝ Հայաստանը կարող է արագացնել իր զարգացումը և ստեղծել հմուտ աշխատուժ, որը կարող է առաջ մղել ԱԲ նորարարությունները։

DCIT2024 - 3.jpg (117 KB)

Բացի կրթությունից, Աֆեյանն օգտագործում է ԱԲ-ն Հայաստանում պատերազմի և հակամարտությունների հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաներն ամոքելու համար: Հոգևոր վերածնունդ հիմնադրամի (Spiritual Revival Foundation) միջոցով նրա թիմը մշակում է ԱԲ-ի վրա հիմնված պատմողական թերապիայի ծրագրեր, որպեսզի օգնեն մարդկանց հաղթահարել տրավմաները: Այս նախաձեռնությունը համատեղում է հայկական մշակութային ավանդույթները ժամանակակից թերապևտիկ մեթոդների հետ՝ առաջարկելով լայնածավալ լուծում այն ​​խնդրին, որն ազդել է բնակչության մեծ հատվածների վրա: «Չկան բավարար հոգեբաններ, որպեսզի զբաղվեն տրավմաներով, ոչ միայն Հայաստանում, այլև այլ հակամարտությունների գոտիներում, ինչպիսիք են Գազան, Լիբանանը և Ուկրաինան»,- նշեց Աֆեյանը։ Նա կարծում է, որ ԱԲ-ն կարող է լրացնել այս բացը` տրամադրելով հոգեկան առողջության մասշտաբային աջակցություն:

Լուծել գլոբալ անհավասարությունների խնդիրը

Քննարկման ընթացքում բարձրացված ավելի լայն մտահոգություններից մեկը վերաբերում էր ռիսկին, որ ԱԲ-ն սրում է գլոբալ անհավասարությունը: Մոդերատոր Ռիչարդ Քուեստը մեջբերեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցը, որը զգուշացնում է, որ ԱԲ-ն կարող է խորացնել զարգացած և զարգացող երկրների միջև անջրպետը: Այն երկրները, որոնք չունեն հիմնական ենթակառուցվածքներ, օրինակ՝ էլեկտրաէներգիա, կարող են ավելի հետ մնալ, քանի որ ԱԲ-ն արագացնում է աճը ավելի հարուստ տարածաշրջաններում:

Աֆեյանը համաձայնեց այս մտահոգության հետ, սակայն պնդեց, որ ԱԲ-ն կարող է նաև օգնել՝ կամրջելու այդ բացը, եթե ճիշտ օգտագործվի: Թերի սպասարկվող բնակչության կարիքներին հարմարեցված ծախսարդյունավետ լուծումներ մշակելով՝ ԱԲ-ն կարող է շոշափելի օգուտներ բերելու նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն: «Մենք կարող ենք օգտագործել արհեստական ​բանականությունը՝ ինքնարժեքով ապրանքներ ստեղծելու համար, որոնք անմիջական ազդեցություն են թողնում նրանց վրա, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասաց Աֆեյանը՝ ընդգծելով ԱԲ լուծումների ստեղծման կարևորությունը։

Գարո Արմենը հավելեց, որ այս համայնքների հզորացումը առանցքային է՝ ապահովելու համար, որ ԱԲ-ն օգուտ բերում բոլորին, ոչ միայն արտոնյալ քչերին: Նա կարծում է, որ ԱԲ-ն կարող է ապահովել տեղեկատվության և ռեսուրսների հասանելիություն, որոնք նախկինում անհասանելի էին զարգացող երկրների մարդկանց համար: «Արհեստական ​​բանականությունը կհավասարեցնի խաղադաշտը, որպեսզի լայն զանգվածների մեջ առանձնապես տաղանդավոր մարդիկ կարողանան իրական փոփոխություններ կատարել»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ԱԲ-ն կարող է լավ ուժ լինել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար: