2024-ի երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Ռուսաստանում խարդախության ամենատարածված սխեմաները եղել են կեղծ խաղարկությունները: Չարագործները, իրենց զոհերին թանկարժեք մրցանակներ խոստանալով, խաբել են նրանց, կորզել գումար և բանկային քարտի տվյալները։ Այս մասին Газета.Ru-ին ասել է MTS RED ընկերության օգտատերերի կիբեռգրագիտության բարելավման բաժնի ղեկավար Իլյա Օդինցովը։
Ըստ փորձագետի՝ վիճակախաղերի թեմայով խարդախ հարձակումների գագաթնակետը եղել է հուլիս-օգոստոս ամիսներին։ Այս սպառնալիքը արդիական է մնում նաև այսօր։ Զոհերը նամակներ են ստանում այն մասին, թե իբր շահել են վիճակախաղում։ Նամակներում պնդում է արվում, թե այդ վիճակախաղին աջակցում են հայտնի դեմքեր կամ խոշոր ապրանքանիշեր: Մրցանակ ստանալու համար հարկավոր է անցնել հղումով, որը տանում է դեպի կեղծ վիճակախաղի կայք և այնտեղ վճարել միջնորդավճար, որն աննշան փոքր գումար է ենթադրաբար շահած գումարի համեմատ։
«Մրցանակային գումարն ստանալու համար նախ անհրաժեշտ է փոխանցել փոքր գումար՝ երբեմն իբր գումարն արտարժույթից ռուբլու փոխակերպելու համար, երբեմն՝ վիճակախաղի վճարի համար: Արդյունքում տուժողը գումար է փոխանցում հանցագործներին և միևնույն ժամանակ վտանգի ենթարկում իր բանկային քարտի տվյալները՝ դրա բոլոր մանրամասները թողնելով խարդախ ռեսուրսում»,- ասել է Օդինցովը Gazeta.Ru-ին։
Խաբեբաների համար երկրորդ ամենահայտնի թեման դարձել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը Ֆրանսիայում։ Փորձագետի խոսքով՝ հարձակվողներն արագ օգտվեցին այս իրադարձությունից և սկսեցին Telegram-ի օգտատերերին գրել՝ ներկայանալով որպես մեսենջերի աշխատակիցներ և առաջարկելով անձնական տվյալները փոխանցել «անվտանգ ռեսուրս»։
«Դա անելու համար հարկավոր է «տեխնիկական աջակցության աշխատակցին» տրամադրել օգտահաշիվ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները: Դրանից հետո խաբեբաները լիակատար վերահսկողություն են ստանում օգտահաշվի և դրանում պարունակվող բոլոր օգտատերերի տվյալների նկատմամբ»,- պարզաբանել է նա։
Հեռախոսային խարդախությունը, ըստ Օդինցովի, նույնպես ակտուալ է մնում։ Չարագործները մշտապես նոր սխեմաներ են հորինում կամ արդիականացնում հները՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:
«Այժմ թեմայի ամենահայտնի տարբերակներից մեկը զանգն է բջջային օպերատորի անունից, որն առաջարկում է միանալ նոր՝ ավելի լավ սակագնի կամ երկարացնել հեռախոսահամարի վավերականությունը, որն այլապես ենթադրաբար կանջատվի: Ոչ մի բան անելու կարիք չկա. «օպերատորի աշխատակիցն» ինքը կլրացնի հայտը, իսկ անձը պետք է միայն ասի հաստատման կոդը, որը կստանա SMS-ի միջոցով»,- ասել է փորձագետը:
Իրականում այս կոդը հարձակվողներին հնարավորություն է տալիս մուտք գործել բջջային օպերատորի ծառայություններից օգտվողի անձնական օգտահաշիվ: Մուտք գործելով՝ խաբեբաները զոհին հայտնում են, որ նրա օգտահաշիվը կոտրել են: Այնուհետև քաղաքացին, որին արդեն հանել են հավասարակշռությունից, զանգ է ստանում նույն խաբեբաներից, որոնք արդեն ներկայանում են Ոստիկանության, Ռուսաստանի բանկի կամ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության անունից:
«Այս փուլում կիբեռհանցագործները պնդում են, թե ինչ-որ մարդիկ փորձում են նրա անունից վարկեր վերցնել կամ նրա հաշիվներից գումար հանել։ Այնուհետև փորձում են խաբել տուժողին բավականին ստանդարտ ձևով՝ համոզելով նրան գումարը փոխանցել «ապահով հաշվին»՝ գողությունից պաշտպանելու համար: Եթե մարդը համաձայնում է, ապա իր խնայողությունները կամովին փոխանցում է հանցագործներին»,- պարզաբանել է Օդինցովը։
Փորձագետը հավելել է, որ չարագործների գործողությունների հետևանքով հաճախ տուժում են քաղաքացիների ամենախոցելի խմբերը՝ հատկապես տարեցները։ Ուստի, ըստ նրա, շատ կարևոր է ընտանիքի ավագ անդամներին պատմել խաբեության ներկայիս սխեմաների, մասնավորապես հեռախոսային խաբեբաների կողմից կիրառվող մեթոդների մասին։






