Հնդկաստանի Թամիլնադու նահանգում հանգստյան օրերին հրդեհ է բռնկվել Tata Electronics ընկերությանը պատկանող գործարանում, որ նաև iPhone-ի պատյանների մասեր ու այլ բաղադրիչներ է արտադրում։ Գործարանը դեռ չի կարող վերսկսել աշխատանքը, քանի դեռ հետաքննություն է ընթանում: iPhone սմարթֆոնների հավաքումն այս գործարանում պետք է սկսվեր մինչև տարեվերջ։
Հրդեհը, ինչպես հաստատվել է, սկսվել է շաբաթ տեղական ժամանակով ժամը 5:30-ին, ինչի հետևանքով փլուզվել է արտադրական շենքերից մեկի տանիքը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է iPhone-ի աքսեսուարների ներկման համար պատասխանատու արտադրամասում։ Առայժմ չի հաղորդվում, թե ինչպես կարող է հրդեհն ազդել մատակարարումների վրա։
Ցնդող քիմիկատների արտանետման վտանգը ընկերության ղեկավարությանն ստիպել է տարհանել ողջ հերթափոխը՝ 523 աշխատող։ Նրանցից տուժել է տասը մարդ, որոնք ստացել են բժշկական օգնություն, ևս երկուսը հոսպիտալացվել են։
Քիմիական նյութերի արտանետումները հրշեջներին թույլ չեն տվել ժամանակին մտնել այրվող շենք, թեև այդ գործոնների բացակայության դեպքում հնարավոր կլիներ նվազագույնի հասցնել վնասը: Հրդեհի վայրի անվտանգ ուսումնասիրման համար պայմաններ կստեղծվեն մի քանի օրվա ընթացքում։ Հաղորդվում է, որ հրդեհի բռնկման օրը Tata Electronics-ի ղեկավարությունը խոստացել է կրկնապատկել այս գործարանի աշխատուժը՝ աշխատանքի ընդունելով ևս 20,000 աշխատակցի:
Այս ընկերությունը դարձել է հնդկական ծագում ունեցող iPhone-ի բաղադրիչների առաջին արտադրողը, մինչ այդ նման գործունեությամբ մասնագիտացած էր թայվանական Foxconn-ը, որի ձեռնարկությունները նույնպես առկա են երկրում։ Այնուամենայնիվ, հնդկական կապալառուն իր ձեռնարկությունն ստացել է թայվանական Wistron-ից, ուստի ստիպված չի եղել ամեն ինչ կառուցել զրոյից։ Մինչև 2028-ը Հնդկաստանի իշխանությունները ակնկալում են աշխարհում յուրաքանչյուր չորրորդ iPhone-ն արտադրել հարավասիական այս երկրում:






