OpenAI ստարտափում, որը կարճ ժամանակում դարձել է արհեստական բանականության (ԱԲ) շուկայի առաջատարներից մեկը, առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ կլինեն, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։ Այժմ ընկերությունը կառավարվում է ոչ առևտրային կազմակերպության կողմից, բայց ներդրողները գոհ չեն դրանից, և, հետևաբար, առաջարկվող վերակազմավորումներից հետո ոչ միայն OpenAI-ը կդառնա շահույթ հետապնդող կազմակերպություն, այլև դա թույլ կտա ղեկավար Սեմ Ալթմանին ստանալ ընկերության բաժնետոմսերի 7%-ը: Ընկերությունը կլքի նաև երեք ղեկավար։

Վերափոխման իրականացման ժամկետները դեռ հստակեցված չեն, ոչ էլ երաշխավորված է այս պլանի իրականացումը։ Սակայն OpenAI-ի կանոնադրությունը պետք է փոխվի այնպես, որ նյութական օգուտներ ստանալն ուղեկցի «արհեստական բանականության համակարգերի օգտագործմամբ հասարակությանն օգնելու» առաքելությանը»։ OpenAI-ի պաշտոնական ներկայացուցիչները Bloomberg-ին ասել են, որ իրենց գործունեության ոչ շահութաբեր լինելն ընկերության առաքելության հիմքում է և դա պահպանվելու է։

OpenAI-ի տեխնիկական հարցերով տնօրեն Միրա Մուրատին, որն անցյալ տարի ստարտափում «իշխանափոխության» ժամանակ կարճ ժամանակով դարձել էր գործադիր տնօրեն, երեկ հայտարարել է պաշտոնը լքելու մտադրության մասին: Անցած տարվա աշնանը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով OpenAI-ից շատ ղեկավարներ հեռացան, որոնք կանգնած էին ընկերության ակունքներում, և այժմ նրանց շարքերն է ցանկանում  համալրել Միրա Մուրատին: X սոցիալական ցանցում նա բացատրել է, որ կցանկանար ԱԲ ոլորտում սեփական հետազոտություններն անել։ Ներկայիս գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը երախտագիտություն է հայտնել նախկին գործընկերոջը՝ OpenAI-ի զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Մինչ Մուրատին կհեռանա OpenAI-ի ղեկավարությունից, նա պետք է փոխարինող գտնի, և, հետևաբար, այս կադրային փոփոխությունների ժամկետները դեռ հաստատված չեն: Նա վճռական է տրամադրված իր պարտականությունների սահուն անցումն ապահովելու համար, որպեսզի չդանդաղեցնի ընկերության բիզնեսի զարգացումը: OpenAI-ում նա աշխատել է վեցուկես տարի։

Մուրատին միակ ղեկավարը չէ, որ մոտ ապագայում կհեռանա OpenAI-ից: Հայտնի է դարձել, որ պաշտոնը կլքի նաև հետազոտությունների բաժնի ղեկավար Բոբ Մաքգրուն, ինչպես նաև նույն բաժնի փոխնախագահ Բարեթ Զոֆը։ Վերջինս միայն նշել է, որ հեռանալու որոշումն իր համար դժվար է եղել, և ինքը նոր հնարավորություններ է փնտրելու ընկերությունից դուրս։ Փաստորեն, Միրա Մուրատիի հեռանալուց հետո OpenAI-ի հիմնադիր թիմից կմնան միայն երկուսը՝ Սեմ Ալթմանը և Վոյցեխ Զարեմբան: Միևնույն ժամանակ, OpenAI-ի աշխատակազմը նախորդ տարվա վերջից ավելացել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1700-ի:

Սեմ Ալթմանը նախկինում կողմ է արտահայտվել OpenAI-ի վերակառուցմանը, ինչը թույլ կտա նրան մասնաբաժին ստանալ կոմերցիոն կառույցում։ Նրա խոսքով՝ դա պարզապես կօգնի ձերբազատվել վերակազմավորման հետ կապված նյարդայնացնող հարցերից։