Աշնանային գիշերահավասարի օրը Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցնում է հարավային կիսագունդ: Արեգակի անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ, տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը:

Երևույթը կոչվում է աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այս դեպքում խոսքն Արեգակի հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։

Իրական ցերեկն ավելի երկար է տևում ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով, երբ Արեգակի՝ հորիզոնից ներքև իջնելուց հետո էլ որոշ ժամանակ նրա պատկերը շարունակում է երևալ։ Դրան գումարվում է նաև մթնշաղի տևողությունը՝ մեր լայնությունների վրա 25-35 րոպե։

աշնանային գիշերահավասր.jpg (22 KB)

Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):

Եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:

Աշնանային գիշերահավասարը Երկրի տարբեր հատվածներում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին, 23-ին կամ 24-ին։

Այս տարի այն տեղի է ունեցել Երևանի ժամանակով սեպտեմբերի 22֊ին ժամը 16։43֊ին։