Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել (MoU) «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ՝ 2024-ի Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի` WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական հարցերի կանոնակարգման շուրջ համագործակցելու նպատակով։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, և «ԷվենտՏուրա» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Մերի Բադալյանը ստորագրել են հուշագիրը՝ հայտարարելով, որ կոնգրեսը համատեղ ջանքերով կկազմակերպվի բարձր մակարդակով, ապահովելով հյուրերի դրական փորձառությունը։
«Որպես լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպող կառույց, հրաշալի գիտակցում ենք կամավորների դերը նմանօրինակ միջոցառումների ընթացքում և նրանց ճիշտ ուղղորդման կարևորությունը։ Այս համագործակցությամբ հանձն ենք առնում համակարգել WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական հարցերը՝ համատեղ ապահովելով բոլոր հյուրերի համար բացառիկ և դրական փորձառություն»,- ասաց «ԷվենտՏուրա» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Մերի Բադալյանը։
Համագործակցության շրջանակում կկազմակերպվեն կամավորների ներգրավման, պլանավորման և ուղղորդման աշխատանքներ ամբողջ միջոցառման ընթացքում՝ ներառելով հյուրերի գրանցման գործընթացի կազմակերպումը, հերթերի կառավարումը՝ ապահովելով ճշգրիտ ուղղորդում, տոմսերի QR-ների ստուգում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրում՝ օրակարգի և ելույթների ժամերի վերաբերյալ։
«Մենք մշտապես կարևորում ենք կամավորների դերը նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումներում․ հյուրերին ու այցելուներին առաջինը նրանք են դիմավորում, և շատ կարևոր է, որ մենք նույնպես աջակցենք կամավորների դերի բարձրացմանն ու նրանց աշխատանքի արժևորմանը: Սա նաև հրաշալի առիթ է կամավորների՝ համայնքային աշխատանքներում ներգրավվելու համար»,- ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024-նի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:
WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին, Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:
WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`
- ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակում, որը լինելու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
- ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
- Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
- խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:
Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:






