Կան մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս արհեստական բանականությունը (ԱԲ) Picsart-ի նման հարթակին ինտեգրելիս և դրանցից առաջինը մշակութային տարբեր համատեքստն ու զգայուն թեմաներն են, «Երևանյան երկխոսություն» համաժողովի «ԱԲ. բո՞ւմ զարգացող շուկաների համար» խորագրով պանելային քննարկմանն ասաց Picsart-ի ԱԲ ինժեներիայի և գործառնությունների հարցերով փոխնախագահ Անուշ Ղամբարյանը։
«ԱԲ մոդելները դեռ պատրաստ չեն հասկանալ, թե որն է այն նուրբ տարբերությունը մշակույթների մեջ։ Սա առաջինն է։ Երկրորդը, անշուշտ ապահովությունն ու անվտանգություն է։ Մենք դեռ չենք հասել այդ [կետին]։ Դու կարող ես ստեղծել շատ գեղեցիկ կամ շատ տգեղ բան, և այն կարող է սխալ նպատակով օգտագործվել»,- ասաց նա։
Անուշ Ղամբարյանի խոսքով՝ հաջորդ խնդիրը կողմնակալությունն է։ «Մենք կարող ենք ուսուցանել ԱԲ մոդել և այն կարող է կողմնակալ լինել այդ տվյալների նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր թվարկված խնդիրները մեծապես արդյունքն են այն տվյալների, որոնց միջոցով ուսուցանվում է ԱԲ մոդելը։ Նա տեղեկացրեց, որ Picsart-ն այժմ համագործակցում է Getty Images-ի հետ, որպեսզի ստեղծի «մաքուր» մոդել, որի կիրառման դեպքում չեն ծագի թվարկված խնդիրները։
Անուշ Ղամբարյանը նշեց, որ որքան շատ մարդ է օգտագործում տվյալ ԱԲ մոդելը, հետադարձ կապի միջոցովայդքան շատ տվյալ են իրենք ստանում, և այդ տվյալները կարող են օգտագործել տվյալ ԱԲ մոդելն էլ ավելի կատարելագործելու համար։
Հաջորդ խնդիրը, որին բախվում են ԱԲ-ն իրենց հարթակին ինտեգրելիս, մտավոր սեփականության իրավունքի հարցն է, քանի որ դեռ պարզ չէ, թե օրինակ՝ Picsart-ի միջոցով գեներացված նկարի դեպքում ում է պատկանում մտավոր սեփականության իրավունքը՝ նրա՞նց, ում տվյալների հիման վրա ուսուցանվել է այդ մոդելը, Picsart-ի՞ն, թե՞ տվյալ օգտատիրոջը, որն ստեղծել է այդ նկարը։ Նրա խոսքով՝ այս հարցը դեռ չունի պատասխան։






