Տարիներ շարունակ հավակնոտ մասնագետներին միշտ ասում էին, որ աշխատավայր  վաղ ներկայանալը և այն ուշ լքելը կարիերայի հաջողության գրավականն է: Գաղափարը պարզ էր. լինելով առաջինը գրասենյակում և լքելով այն վերջինը՝ դուք ցույց եք տալիս ձեր նվիրվածությունն ու հանձնառությունը ձեր աշխատանքին: Սակայն կարիերայի մասնագետների կարծիքով՝ այս խորհուրդը կարող է հնացած լինել այսօր, գրում է Cnbc.com-ը։

Բրիաննա Դոուն, որը մոտ մեկ տասնամյակի փորձ ունի մարկետինգի ոլորտում, ժամանակին հետևել է այս խորհրդին: «Ես ուզում էի ցույց տալ, որ ընկերությունում աճելու մղում և մոտիվացիա ունեմ»,- հիշում է նա: Սակայն այս մոտեցումը զգալի հետևանքներ ունեցավ:

«Ես գերհոգնածության ինտենսիվ ցիկլերի միջով անցա»,- խոստովանում է Դոուն: Չնայած այն բանին, որ նա ավելի ու ավելի շատ ջանքեր էր գործադրում, նա սկսեց գիտակցել, որ երկար աշխատելը վնաս է հասցնում իր անձնական կյանքին և հոգեկան առողջությանը: Այժմ, որպես իր սեփական մարկետինգային գործակալության՝ Verbatim-ի սեփականատեր, Դոուն այլ տեսակետ ունի:

«Ես կարծում եմ, որ առաջ գնալու համար երկար ժամեր աշխատելու գաղափարը հնացել է, հատկապես այսօրվա դարաշրջանում, երբ սահմաններ են դրվում և առաջնահերթությունը տրվում է հոգեկան առողջությանը»,- ասում է նա:

ResumeBuilder-ի կարիերայի հարցերով գլխավոր խորհրդական Սթեյսի Հալերը, որն ավելի քան 30 տարվա փորձ ունի, համաձայն է: «Այսօր մարդիկ բավականաչափ խելամիտ են՝ հասկանալու համար, որ գրասենյակում ութ ժամ նստելով պարտադիր չէ, որ դուք արդյունավետ աշխատող դառնաք»,- բացատրում է Հալերը:

Այսպիսով, ի՞նչն է տանում հաջողության: Ըստ Հալերի՝ հարաբերություններ կառուցելը, մենթորներ գտնելը և հաջողակ գործընկերներին հետևելը շատ ավելի արդյունավետ ռազմավարություններ կիրառելը:

«Օգտագործեք ձեր ժամանակը կապեր հաստատելու, ուրիշներից սովորելու և խորհուրդներ հարցնելու համար»,- խորհուրդ է տալիս նա: Z սերնդի աշխատողների համար, մասնավորապես, աշխատանքի այս ասպեկտների վրա կենտրոնանալը կարող է երկարաժամկետ հաջողության տանել։

Դոուն նաև կարծում է, որ ղեկավարները պետք է վերագնահատեն իրենց ակնկալիքները: Նրանք պետք է ուշադրություն դարձնեն աշխատանքի որակի և նոր հնարավորությունների համար աշխատակիցների ցուցաբերած խանդավառության վրա, և ոչ թե կենտրոնանան, թե որքան ժամանակ է ծախսում աշխատողն իր գրասեղանի վրա:

«Եթե նոր աշխատակիցը հիանալի աշխատանք է կատարում և պահանջում է ավելի շատ պարտականություններ տալ իրեն, դա ավելի կարևոր է, քան այն, թե որքան երկար են նրանք մնում գրասենյակում»,- պնդում է Դոուն:

Այնուամենայնիվ, Հալլերը զգուշացնում է, որ դեռ կարևոր է հավատարիմ մնալ աշխատավայրի մշակույթին: «Տեղում եղե՛ք ժամանակին, բաց մի՛ թողեք հանդիպումները և մի՛ արդարացեք»,- խորհուրդ է տալիս նա և հավելում. «Եթե բոլորը գրասենյակում են 08:30-ից 18։00-ն, ապա այնտեղ եղեք 08:30-ից 18։00-ն: Սակայն շուտ գալը պարզապես ձեզ ցույց տալու համար պարտադիր չէ»: