«Գլավկոսմոս»-ն անհավանական արկածներ է առաջարկում․ Ռուսաստանի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կողմից լիազորված ընկերությունը հայտարարել է դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) զբոսաշրջային թռիչքների ծրագիր սկսելու մասին: Առաջին այսպիսի թռիչքը նախատեսված է 2025-ի երրորդ և չորրորդ եռամսյակներին։
Նախագիծը ՄՏԿ-ի վրա 10 օր անցկացնելու եզակի հնարավորություն է ընձեռում անհատներին, որոնք նախկինում անցել են տիեզերագնացների լիարժեք վերապատրաստում: Մեկնարկը կիրականացվի Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ ՄՍ» տիեզերանավով, որն ունի երկու նստատեղ զբոսաշրջիկների համար և մեկը՝ պրոֆեսիոնալ տիեզերագնացների համար։
Թռիչքի համար անհատների նախապատրաստումը կտևի մոտ 10 ամիս, որից կեսը հատկացվելու է Մոսկվայի մարզում գտնվող «Զվյոզդնի գորոդոկ»-ում՝ տիեզերագնացների ուսումնական կենտրոնում ինտենսիվ վերապատրաստմանը։ Ծրագիրը ներառում է ինչպես նախնական բժշկական զննում, այնպես էլ սթրես-թեստ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ հմտությունների վերապատրաստում: Կարևոր է նշել, որ ծրագրին մասնակցելու համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում. այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կսովորեն նախապատրաստման ընթացքում: Դասընթացը կանցկացվի անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։
Թռիչքին նախապատրաստվելիս տիեզերական զբոսաշրջիկի համար կպատրաստվի անհատական սկաֆանդր, որը թռիչքից հետո կմնա զբոսաշրջիկի մոտ՝ որպես հուշանվեր։ «Ռոսկոսմոս»-ը կտրամադրի նաև անհատական սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են անվտանգ թռիչքի և վայրէջքի համար:
Թռիչքը դեպի ՄՏԿ կտևի մոտ երեք ժամ։ Կայանում իրենց 10-օրյա գտնվելու ընթացքում թռիչքի մասնակիցները կկարողանան կատարել պլանավորված առաջադրանքները, տեսա և լուսանկարել և վայելել Երկրի եզակի տեսարանները տիեզերքից: Վերադառնալուց հետո կլինի մեկշաբաթյա վերականգնման փուլ՝ կրկին «Զվյոզդնի գորոդոկ»-ում։
Այս նախագծի բացառիկ օպերատորն է «Գլավկոսմոս» ընկերությունը, որը 1985-ից համակարգում է միջազգային օդաչուավոր տիեզերական թռիչքները: Զբոսաշրջային նախորդ թռիչքը դեպի ՄՏԿ ռուսական «Սոյուզ ՄՍ» տիեզերանավով տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ՄՏԿ այցելեցին ճապոնացի զբոսաշրջիկներ։ Ընկերությունը խոստանում է առավելագույն հարմարավետություն և անվտանգություն ապահովել մասնակիցների համար ծրագրի բոլոր փուլերում։
Դեպի ՄՏԿ ուղևորության արժեքը չի նշվում, սակայն 2021-ի դրությամբ այն կազմում էր մոտ 50 միլիոն դոլար։






