Կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Կուրոչկինը Pravda.Ru-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է պարզել, թե արդյոք ձեր սմարթֆոնում կա տրոյական վիրուս, թե ոչ, և եթե այո, ապա ինչ է պետք անել։

Ըստ նրա՝ սմարթֆոնում լրտեսելու համար կիրառվող նման վիրուսի առկայության մասին կարող է վկայել բարձրախոսում աղմուկը, սարքի կասկածելի փոփոխությունները, օրինակ՝ տաքացումը, մարտկոցի լիցքի՝ սովորականից ավելի արագ սպառումը, կամ երբ սարքն սկսում է դանդաղ աշխատել համացանցից օգտվելիս կամ չաշխատել ընդհանրապես։ Նման անոմալիաներ նկատելու համար խորհուրդ է տրվում ներբեռնել ցանկացած հակավիրուս։

«Եվ երբ տեսնեք, որ հակավիրուսը ցուցադրում է հաղորդագրություն, որ ինչ-որ ծրագիր, որը վերջերս ներբեռնել եք, փոխանցում է ձեր տվյալները ինչ-որ տեղ, ապա միգուցե ավելի լավ կլինի կլինի հրաժարվել այս ծրագրից, ջնջել այն»,- նշել է նա։

Ի՞նչ անել

Եթե սմարթֆոնում ​​հայտնաբերել եք տրոյական վիրուս, որն օգտագործվում է կիբեռլրտեսության համար, ապա, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ջնջել ձեր հեռախոսի բոլոր տվյալները:

«Ավելի լավ է մաքրել հեռախոսը. ջնջել ամեն ինչ, բոլոր տվյալները, լուսանկարները պատճենելուց հետո, օրինակ՝ ամպում: Կարող եք պահպանել կոնտակտները և պատճենել նամակագրությունը մեսենջերներում: Մեր օրերում շատերը կարևոր տեղեկություններ են պահում մեսենջերներում՝ անձնական տվյալներ, գաղտնաբառեր։ Ուստի, երբ նամակագրությունը կորում է, շատերի համար դա ողբերգություն է»,- նշել է նա։

Այս գործողություններն իրականացնելուց հետո Կուրոչկինը խորհուրդ է տալիս սարքում ներբեռնել հակավիրուս։ Ըստ նրա՝ դա պետք է լինի հայտնի ծրագիր, քանի որ հակառակ դեպքում ծրագիրն ինքնին կարող է տրոյական վիրուս լինել։

Օգոստոսի 5-ին «Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները հայտնաբերել էին տրոյական տիպի վիրուս, որն օգտագործվում է Ռուսաստանում Android սարքերի տերերին լրտեսելու համար: Փորձագետները վիրուսն անվանել են LianSpy: «Կասպերսկու լաբորատորիա»-ի տվյալներով՝ ռուսներին լրտեսելը կարող է սկսված լինել 2021-ի կեսերից։ Վնասակար ծրագիրը հայտնաբերելը դժվար է եղել, քանի որ հարձակվողները խնամքով թաքցրել են իրենց գործողությունները: