Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՖԵՄԻՆՆՈ մշակութա-նորարարական հարթակի հետ՝ համագործակցելու 2024-ի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակում կանանց մասնակցության ակտիվացման շուրջ:

ԱՏՁՄ-ի և ՖԵՄԻՆՆՈ-ի միջև կնքված հուշագիրը խորհրդանշում է համագործակցության ձևաչափ, որն ուղղված է կոնգրեսում կանանց ներգրավվածության և մասնակցության խթանմանը՝ ընդգրկելով թե՛ տեղական, թե՛ միջազգային հանրույթն ու համայնքը։ Միավորելով իրենց ռեսուրսներն ու գործընկերների կապերը, այս համագործակցությունը նպատակ ունի WCIT2024/DigiTec-ը դարձնելու նշանակալի իրադարձություն՝ հատուկ նշելով կանանց դերը տեխնոլոգիական ոլորտում՝ Հայաստանը ներկայացնելով նաև որպես կանանց նորարարության և առաջնորդության առաջատար կենտրոն։

WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և ՖԵՄԻՆՆՈ մշակութա-նորարարական հարթակի հիմնադիր Սեդա Պապոյանը փոխանակվեցին հուշագրերով և կարճ ելույթով հայտարարեցին հուշագրի մասին՝ համատեղ ջանքերով խթանելու WCIT2024/DigiTec-ը։

F93.jpg (1015 KB)

«Ֆեմիննոյի հետ համագործակցության միջոցով մենք նպատակ ունենք հարստացնել WCIT2024/DigiTec-ի օրակարգը կանանց ավելի մեծ ներկայացվածությամբ: Իմ անձնական փորձից գիտեմ, որ Հայաստանում ընկերություններում ղեկավար պաշտոնների շուրջ 40 տոկոսը զբաղեցնում են կանայք: Այս համագործակցության միջոցով մենք ձգտում ենք հարստացնել մեր միջոցառումը՝ ներգրավելով ավելի շատ մասնագետներ, որոնք քննարկումներին կբերեն իրենց մասնագիտական փորձառությունը: Այս համագործակցությունը երաշխավորում է, որ մեր օրակարգը կլինի ոչ միայն համապարփակ, այլ նաև բազմազան և ներառական, արտացոլելով կանանց իրական ներուժը տեխնոլոգիական ոլորտում»,- ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Այս համագործակցությունը նպատակ ունի ընդգծելու այդ թվում նաև կոնգրեսի «ԱԲ-ի կանացի հմայքը» (The Grace of AI) հանդիպումների շարքի կարևորությունը, որը նվիրված է գենդերային հավասարության և թվային ոլորտում տնտեսական հզորացման խթանմանը։ Այս գործընկերությունը ցույց է տալիս ավելի ներառական տեխնոլոգիական միջավայրի ստեղծման հանձնառությունը՝ ապահովելով հարթակ, որտեղ կանայք կլինեն առավել ներկայացված ու լսելի։

«Որպես առանձնահատուկ ուղղվածություն ունեցող կազմակերպություն՝ մենք միշտ ձգտում ենք ավելի մեծ ճանաչման և ներկայացվածության: Այսպիսի մասշտաբի միջոցառման հետ համագործակցությունը ոչ միայն համախմբում է մեզ, այլև՝ ուժեղացնում մեր ջանքերը՝ Հայաստանի համար նշանակալի ազդեցություն գրանցելու համար: Այս համագործակցությունը կարևոր քայլ է մեր առաքելությունում՝ ընդլայնելու կանանց  հնարավորություններն ու հասնելու ավելի մեծ արդյունքների»,- ասաց ՖԵՄԻՆՆՈ մշակութա-նորարարական հարթակի հիմնադիր Սեդա Պապոյանը։

F94.JPG (1.23 MB)

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024-ի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ի անցկացման չորս օրերին  Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի` 

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակում, որը լինելու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: