Հուլիսի 19-28-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցները միավորվվել են կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալով հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ 

Ճամբարին մասնակցել է 100-ից ավել երեխա ՀՀ տարբեր մարզերից՝ ինչպես նոր ներդրված «Արմաթ»-ներից, այնպես էլ վաղուց «Արմաթ» հաճախող և նույնիսկ «Արմաթ» չհաճախող պատանիներ։ Տեխնոճամբարը կապող օղակ են հանդիսացել բոլոր մարզերի պատանիներին իրար կապելու, ընկերացնելու և ապակենտրոն կրթություն ապահովելու համար: 

Անցկացվել է ռոբոտաշինության մրցույթ, լողի, ֆուտբոլի միջջոկատային առաջնություններ, ինտելեկտուալ խաղեր, ազգային պարի դասընթաց, ՈՄԱ վարժանքներ՝ կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ժայռամագլցում, հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ և այլն։ Հաղթող ջոկատները պարգևատրվել են։ 

Նպատակն էր՝ խտացված օրակարգով, մասնակիցներին հիմնովին պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի: Այդ 9 օրերի ընթացքում տեխնոճամբարը խթանել է պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտել նրանց ուժեղ և թույլ կողմերը, սովորեցրել հետադարձ կապի հմտությունը և արդյունակենտրոն աշխատանքը: 

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է եղել՝ ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, Ողջ Մնալու Արվեստի վարժանքներ (ՈՄԱ), առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջև, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ և այլն։ 

Մրցանակաբաշխություն

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին, որտեղ «Տեխնոճամբարի» 8 ջոկատները մրցում էին հետևյալ 5 անվանակարգում՝ ռոբոտաշինություն (հաղթեց  2-րդ ջոկատը) ինտելեկտուալ խաղ (հաղթել է  6-րդ ջոկատը), լավագույն կրակային պատրաստություն (հաղթել է 2 արմաթցի), ֆուտբոլ (հաղթել է  6-րդ ջոկատը) և լող (հաղթել է 2 արմաթցի): 

2024-ի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներ՝ ԿԳՄՍ նախարարությունը, VMware, Adobe, ZCMC, Մասիս և Մոսկվայի Տուն, կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։