Հայաստանը պատրաստ է ընդունել «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթը» (ICPC), որը բացառիկ հնարավորություններ է առաջարկում մեր մոլորակի երիտասարդ ծրագրավորողներին՝ ցուցադրելու իրենց հմտությունները և զարգանալու միջազգային մակարդակում։ Այս մասին հուլիսի 17-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է ICPC հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: 

ԲՏԱ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ ICPC-ի մրցույթը Հայաստանում անցկացնելու։ Այս նախաձեռնությունը մեծ պատիվ է Հայաստանի համար և հրաշալի հնարավորություն երիտասարդ հայ ծրագրավորողների համար՝ մասնակցելու միջազգային մրցույթին հենց իրենց երկրում։

Բիլ Փաուչերը ներկայացրել է ICPC-ի առաքելությունը՝ նշելով, որ սա յուրատեսակ օլիմպիական խաղեր են ուսանողների և ասպիրանտների համար: Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի համալսարանների և ICPC-ին առընթեր հաստատությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը:

ICPC .JPG (1.18 MB)

ICPC-ն ալգորիթմական ծրագրավորման մրցույթ է։ Թիմերը մրցում են խնդիրների լուծման արագության, ստեղծագործական ունակությունների և նորարարության ուղղություններով: Թիմերը մրցում են տարածաշրջանային մակարդակով՝ աշխարհի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Հաղթողները պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար։ 

Ծրագրի հնարավորություններն են՝

- Միջազգային ճանաչում. Հայաստանը կդառնա միջազգային տեխնոլոգիական կենտրոն։

- Համագործակցություն. համատեղ հետազոտական ծրագրերի հնարավորություն։

- Նորարարություն. նոր հետազոտական լաբորատորիաների ստեղծում։

- Կրթական առաջընթաց. տեխնոլոգիական կրթության զարգացման խթանում։

- Երիտասարդների զարգացում. տրիտասարդ ծրագրավորողների մասնակցություն միջազգային մակարդակի մրցույթին։

Այս բոլոր ջանքերը նպաստում են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին, ստեղծում նոր հնարավորություններ երիտասարդների համար և խթանում միջազգային համագործակցությունը գիտության և կրթության ոլորտներում։