Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) ներկայացրել է Երկրի պաշտպանության նոր առաքելությունը՝ Ramses-ը, որը թռնելու է դեպի Երկրին մոտ գտնվող 99942 Ապոֆիս աստերոիդը: Արբանյակը կմիանա աստերոիդին 2029-ին, երբ այն կմոտենա մեր մոլորակին շատ մոտ տարածության վրա՝ նույնիսկ ավելի մոտ, քան այն տարածաշրջանը, ուր գտնվում են գեոսինխրոն արբանյակները:

Ramses-ը (Rapid Apophis Mission for Space Safety) մարդկության ջանքերի հաջորդ քայլն է՝ ուսումնասիրելու մերձերկրյա աստերոիդները և այն, թե ինչպես շեղել դրանց ուղղությունը, եթե դրանցից որևէ մեկը երբևէ հայտնվի Երկիր մոլորակի հետ բախման ճանապարհին:

2029-ի փետրվարին Ապոֆիսին հանդիպելու համար ESA-ի գիտնականներին թույլ է տրվել սկսելու Ramses-ի պլանավորումը նախքան տիեզերական գործակալությունը պաշտոնապես կհաստատի առաքելությունը: Առաքելության, ինչպես նաև ֆինանսավորման բաշխման մասին որոշումը պետք է ընդունվի 2025-ի նոյեմբերին կայանալիք ESA Նախարարների խորհրդի նիստում։ Գործարկումը պետք է տեղի ունենա 2028-ի ապրիլին։

Ramses-ը պետք է ուղեկցի աստերոիդին, երբ վերջինս 2029-ի ապրիլին անցնի Երկրի կողքով։ Գիտնականները կկարողանան ուսումնասիրել աստերոիդը, քանի որ Երկրի ձգողականությունը փոխում է նրա ֆիզիկական բնութագրերը: Ինչպես նշել է գործակալությունը, արդյունքները կբարելավեն «մեր մոլորակը պաշտպանելու մեր կարողությունը» ցանկացած նմանատիպ օբյեկտի հետ բախման ռիսկի դեպքում:

Նախատեսվում է, որ Ramses-ի դիզայնը նման կլինի ESA-ի Hera առաքելությանը, որը 2024-ին կուղարկվի դեպի Դիդիմոս երկակի աստերոիդների համակարգ: Ռամզեսը կտեղափոխի նաև կուբսատ տեսակի երկու արբանյակ, որոնք աստերոիդին մոտենալուն պես կբաժանվեն հիմնական տիեզերանավից։

Ապոֆիսի տրամագիծը մոտ 375 մետր է։ 2029-ի ապրիլի 13-ին Ապոֆիսը կանցնի Երկրից 31,860 կմ հեռավորության վրա։ Համեմատության համար նշենք, որ գեոսինխրոն ուղեծիրը գտնվում է Երկրի մակերևույթից 35,786 կմ բարձրության վրա։ Հարյուրավոր մետր տրամագծով աստերոիդները Երկրի կողքով նման մոտ տարածությունով անցնում են միջինը 5000–10000 տարին մեկ անգամ։

Երբ  2004-ին Ապոֆիսը հայտնաբերվեց, որոշ ժամանակ այն դարձավ հայտնի ամենավտանգավոր աստերոիդը: Փորձագետների նախնական գնահատականներով՝ Երկրի հետ դրա բախման վտանգը եղել է 2029, 2036 կամ 2068 թվականներին։ Ապոֆիսի հետ բախման վտանգը հետագայում հերքվեց հաջորդ հարյուր տարվա համար։