Արեգակի վրա հուլիսի 14-ին X դասի հզոր բռնկում է գրանցվել, որը վերջին շրջանում տեղի ունեցածներից ամենահզորն է եղել։ ՆԱՍԱ-ի Solar Dynamics աստղադիտարանը ֆիքսել է AR3738 կոդային անունն ստացած բծի վրա բռնկման տպավորիչ տեսարանը:
Բռնկումը ռադիոկապի կարճատև ընդհատումներ է առաջացրել Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում և Ճապոնիայում: Այս երևույթը հաճախ տեղի է ունենում արևի հզոր բռնկումներից հետո՝ ռենտգենյան ճառագայթների ինտենսիվ հոսքի և ծայրահեղ ուլտրամանուշակագույն ճառագայթման պատճառով, որոնք արտանետվում են այս իրադարձությունների ընթացքում:
Արեգակնային բռնկումների ճառագայթումն իոնացնում է մթնոլորտի վերին մասը: Այս իոնացումն ստեղծում է ավելի խիտ միջավայր ռադիոազդանշանների տարածման համար՝ դժվարացնելով հեռահար հաղորդակցությունը: Քանի որ ռադիոալիքները փոխազդում են իոնացված շերտերի էլեկտրոնների հետ, նրանք կորցնում են էներգիան բախումների պատճառով, ինչը կարող է քայքայել կամ ամբողջությամբ կլանել ազդանշանները:
Արեգակնային բռնկումները Արեգակի մակերևույթի վրա ժայթքումներ են, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման հզոր պայթյուններ: Դրանք առաջանում են արեգակնային մթնոլորտում կուտակված մագնիսական էներգիայի արտազատման պատճառով։
Կախված բռնկման չափից՝ դրանք դասակարգվում են մի քանի դասի, որոնցից ամենահզորը X դասի բռնկումներն են: Այնուհետև M, C, B և A դասի բռնկումներն են, որոնցից յուրաքանչյուրը 10 անգամ ավելի թույլ է նախորդից։ A դասի բռնկումները չունեն նկատելի ազդեցություն Երկրի վրա: Յուրաքանչյուր դասի համար, 1-ից 10-ը թվերը (և ավելի բարձր X դասի բռնկումների դեպքում) նկարագրում է բռնկման հարաբերական ուժը:
Ըստ Space Weather Live-ի՝ հուլիսի 14-ին արևի վերջին բռնկումը հասել է X-1,27 մագնիտուդի:






