ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 15-ին ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության EMEA տարածաշրջանի վաճառքի գծով փոխնախագահ Ալան Սոլոմոնին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարն անդրադարձել է ՀՀ տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիաների զարգացման կարևորությանը, նշել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տարածաշրջանում դառնալու ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը։
Հանդիպմանը քննարկվել են գործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին, մի շարք այլ թեմաների։
Հանդիպմանը քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված ջանքերը:
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Նեյշնլ Ինսթրումենթս էյ էմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանը։






