Ժամանակը Լուսնի վրա մի փոքր ավելի արագ է ընթանում, քան Երկրի վրա, պնդում են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ֆիզիկոսները arXiv-ում հրապարակված հոդվածում, որում նկարագրվում են մաթեմատիկական մեթոդները, որոնք նրանք կիրառել են հաշվարկները կատարելու համար։
Ներկայում Լուսնի հետազոտությամբ և այնտեղ տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությամբ մի քանի կազմակերպություններ և ընկերություններ են հետաքրքրված, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է սահմանել լուսնային ստանդարտ ժամանակ, որը թույլ է տալիս սինխրոնացնել գործողությունները Լուսնի մակերևույթի վրա, ինչպես նաև մեր արբանյակի կամ ինչ-որ տեղ Լուսնի և Երկրի միջև ուղեծրով պտտվող տիեզերանավերի գործունեությունը:
Ըստ գիտնականների՝ ինչպես բացատրում է հարաբերականության ընդհանուր տեսությունը, ժամանակը շարժվում է ավելի արագ կամ դանդաղ՝ կախված ձգողականության աղավաղումներից: Լուսնի և Երկրի միջև չափերի տարբերությունը նշանակում է, որ տարբերություն կա ձգողականության և երկու օբյեկտների վրա ժամանակի հոսքի մեջ. այն ավելի արագ է շարժվում Լուսնի, քան Երկրի վրա: Իսկ բարձր ճշգրտություն պահանջող տիեզերանավերի հաղորդակցությունը, ամրակցումները և վայրէջքներն անխափան ապահովելու համար անհրաժեշտ է Երկրի և Լուսնի միջև ժամանակային տարբերության ավելի ճշգրիտ չափումներ կատարել։
Կալիֆոռնիայի թիմը մաթեմատիկան օգտագործել է Երկրի և Լուսնի, ինչպես նաև մարմինների և Արեգակնային համակարգի բարիկենտրոնի միջև ժամանակային տարբերությունը հաշվարկելու համար:
Նրանց բացահայտումների համաձայն՝ Լուսնի վրա ժամանակն օրական 0,0000575 վայրկյանով ավելի արագ է ընթանում (57,50 մկվ/օր), քան Երկրի վրա։ Այս թվի հիման վրա կարելի է այլ հաշվարկներ անել՝ օրինակ, եթե մարդն ապրեր Լուսնի վրա 274 տարի, ապա 5,76 վայրկյանով ավելի մեծ կլիներ, քան եթե ամբողջ ժամանակ ապրեր Երկրի վրա։
Հետազոտողների աշխատանքը միայն առաջին քայլն է ստանդարտացված լուսնային ժամանակի հաստատման համար: Այնուամենայնիվ, տարբեր կազմակերպությունների միջև պետք է հանդիպումներ անցկացվեն՝ համաձայնագրեր մշակելու համար, որոնք կապահովեն, որ ցանկացած լուսնային գործունեության մեջ ներգրավված բոլորը հետևեն նույն ստանդարտացված ժամանակին:






