Այսօր առավոտյան՝ Պեկինի ժամանակով ժամը 07:38-ին (Երևանի ժամանակով 03:38-ին), չինական Chang'e-6 ավտոմատ միջմոլորակային կայանի թռիչքային մոդուլն արբանյակային ուղեծիր է բարձրացրել Լուսնի հեռավոր կողմից վերցված հողի նմուշները: Տիեզերագնացության պատմության մեջ նման բան տեղի է ունենում առաջին անգամ․ գիտնականները դեռ չեն ունեցել Երկրից արբանյակի չերևացող կողմից նմուշներ։

Կայանը զգալի ծավալի գործողություններ է կատարել ավտոմատ ռեժիմով։ Հրահանգներ են փոխանցվել նաև Երկրից, որոնք սարքին հասել են Queqiao-2 վերահաղորդիչ արբանյակի շնորհիվ։ Նմուշների հավաքումն սկսվել է հորատումից, որից հետո ռոբոտային թևը հավաքել է հողի և ժայռերի նմուշները լուսնային մակերեսից:

Ընդհանուր առմամբ հավաքվել է մոտ 2 կգ նմուշ։ Դրանք կնքվել են հերմետիկ պարկուճում և տեղադրվել թռիչքի մոդուլի մեջ: Մոդուլը պարկուճը բարձրացրել է լուսնային ուղեծիր, որտեղ այն հետագայում կկցվի ուղեծրային և Երկիր վերադառնալու համար նախատեսված մոդուլին: Այնուհետև մոտ երեք շաբաթվա ընթացքում նմուշները կառաքվեն Երկիր․ դրանք կապսուլներով կնետվեն Չինաստանի հյուսիսային հատվածում։

Chang'e-6 առաքելությունը մեկնարկել է 2024-ի մայիսի 3-ին: Մայիսի 9-ին կայանը մտել է լուսնային ուղեծիր։ Լուսնի վրա վայրէջքը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Սարքը վայրէջք է կատարել Հարավային բևեռում գտնվող Ապոլոն ավազանում, որն իր հերթին գտնվում է Այթկեն ավազանում: Սա Լուսնի վրա գտնվող ամենահին հարվածային խառնարաններից մեկն է: Դրանից ստացված նմուշները շատ բան կպատմեն Լուսնի երկրաբանական պատմության վաղ փուլերի մասին։ Եվ եթե դա բավարար չէ, Chang'e-6 առաքելությունը նշանակալից առաջընթաց է տիեզերագնացության տեխնոլոգիական զարգացման գործում: