Տասնամյա փորձերից հետո վերջերս Apple ընկերությունը հրաժարվեց ամբողջությամբ ինքնակառավարվող էլեկտրական մեքենա ստեղծելու ծրագրերից: Հիմա նմանատիպ ծրագրերից հրաժարվել է նաև հարավկորեական Samsung Electronics կորպորացիան, որը շատ ավելի գաղտնի էր իր մոտեցմամբ այս տեխնոլոգիայի հարցում, այս մասին հայտնում է Business Korea-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Samsung Advanced Technology Institute-ը (SAIT), որը պատասխանատու էր ինքնակառավարվող էլեկտրական համակարգերի մշակման համար, դրանք բացառել է իր նախագծերից։ Նյութական և մարդկային ռեսուրսները կուղղվեն ռոբոտաշինությանը:

Անցյալ տարվա դրությամբ Samsung-ին փորձարկողներին հաջողվել է 200 կմ անցնել հանրային ճանապարհների վրա՝ սեփական արտադրության ինքնակառավարման համակարգով հագեցած մեքենայի նախատիպով:

Սակայն նման համակարգերի հետագա զարգացումն ընկերությունը համարել է ոչ նպատակահարմար: Դա պայմանավորված է տեխնիկական դժվարություններով և զգալի ջանքեր գործադրելու անհրաժեշտությամբ: Բացի դրանից՝ նման ներդրումների ֆինանսական վերադարձելիությունը մնում է կասկածելի՝ հատկապես հաշվի առնելով, որ մեծ գումարներ են ներդրվելու երկար ժամանակահատվածում։

Վերջապես, այս ոլորտում մրցակցությունը շատ մեծ է, և ավանդական ավտոարտադրողները ավելի բարձր մոտիվացիա ունեն այս ոլորտում հաջողության հասնելու համար: Այսպիսով, ըստ աղբյուրի, այն, որ Samsung-ը հրաժարվում է այս ոլորտում իր հավակնություններից, բնական է։